Մարդու բարի հիշատակը հավիտենականությամբ է զգեստավորվում
Արխիվ 12-16Մարդու բարի հիշատակը
հավիտենականությամբ է զգեստավորվում

Մարդիկ կան, ովքեր իրենց ապրած ողջ կյանքում լույս են ճառագում` ապրեցնելով ու շենացնելով շրջապատը` լավագույնս ընկալած լինելով հայրենիք հասկացության ընդգրկուն խորությունը: Այդպիսին էր Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Սամվել Իսահակի Գաբրիելյանը: Ցավոք, նա արդեն մեզ հետ չէ, և մինչ քառասնօրյա շրջանի լրանալը մենք մեկ անգամ ևս ցանկանում ենք հիշել այդ լուսավոր անհատականությանը, թավշյա ու փխրուն սիրտ ունեցող անսահման բարի մարդուն:
«Պիտի վառվես, որ լույս տաս»,-ասում էր նա ու սեփական կյանքով ամեն Աստծո օր իրականացնում իր իսկ պատգամը` բառի ամենալայն իմաստով: Ս. Գաբրիելյանը ծնվել է 1952 թվականին Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում, 1975 թվականին ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Երևանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության մի խումբ կամավորների հետ ստեղծել «Լույս» ջոկատն ու մասնակցել հանուն հայրենիքի պաշտպանության մղվող պատերազմին: Ավելի քան երեք տասնամյակ էներգահամակարգում գործունեություն ծավալած, բազմաթիվ մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած այս առաքինի ու աշխատասեր մարդուն ենք այսօր պարտական ինչպես Երևանի, այնպես էլ Ասկերանի լուսավոր տեսքի համար: Դեռ «մութ ու ցուրտ» տարիներին նա համառորեն փորձում էր մայրաքաղաքի գոնե կենտրոնը լուսավորելու համար միջոցներ հայթայթել և հաջողում էր: Անցան այդ տարիները, սակայն դժվարություններն ու խոչընդոտները դեռ առկա էին: 2002 թվականի Ամանորին ընդառաջ, երբ ֆինանսական ճգնաժամ էր, բայց և պետք էր ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, նա դարձյալ արեց ամեն հնարավորը` դիմելով այդ ժամանակ գործող հարուստ կազմակերպություններին ու գումար հայթայթելով, որ երևանցիները զգան տոնի շունչը: Այսպես էլ մինչև կյանքի վերջ նա Երևանի քաղաքապետարանի հետ ջանասիրաբար շարունակեց իր աշխատանքը:
Սակայն միայն այս ոլորտում չէ, որ փայլել է մշտապես հայրենանվեր աշխատանքով տարված Սամվել Գաբրիելյանը: Դեռ 2009 թվականին էր, որ հայրենի Ասկերանի շրջկենտրոնում նա բացեց Արցախում միակ խեցեգործական դպրոցը, որի նպատակը, ինչպես ինքն էր ասում, արցախյան խեցեգործության ինքնատիպ դեմքի վերականգնում է: Բազմաթիվ են նրա բարի գործերը. Ս. Գաբրիելյանի մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում էին Ասկերանի հանրակրթական դպրոցները: Նա առաջին դասարանի բոլոր սաներին նվիրում էր պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով, իսկ շրջանավարտներին` տեղական կավից թրծված փոքրիկ զանգակներ, որպեսզի նրանք «որտեղ էլ լինեն, ուր էլ տանեն կյանքի ճանապարհները, սուրբ մասունքի նման իրենց հետ վերցնեն հողի քաղցր ղողանջները, պահպանեն հայրենի մշտագոյության վեհ գաղափարները, մշտարթուն պահեն սերը հարազատ ծննդավայրի հանդեպ, որպեսզի ուր էլ գնան, կարոտեն Արցախը, խորհրդանշական վերջին զանգի կանչով կրկին հետ վերադառնան ու բորբոք պահեն հայրական օջախների կրակը»: Այսօր նա չկա, սակայն այս սեպտեմբերին նույնպես կավե զանգակներն ավետեցին նոր ուսումնական տարին, ու թեև նրաց ձայնն այս անգամ թախծոտ էր, սակայն երբեք չի մարի և գալիք սերունդներին մշտապես կհիշեցնի այս ազնիվ ու համեստ մարդու մասին:
Ս. Գաբրիելյանի ընկերները, աշխատակիցները, նրան բոլոր ճանաչողները միաբերան պնդում են, որ բարի ու ներողամիտ ժպիտը միշտ նրա դեմքին էր` անգամ նկատողություն անելիս: Նա երբեք ոչ ոքի չէր վիրավորում, յուրաքանչյուրի հանդեպ անհատական մոտեցում էր ցուցաբերում, բարեհամբույր էր, չափ ու սահման իմացող, լավատես, ընտանիքին, ընկերներին, սիրելի հայրենիքին ու ծննդավայրին նվիրված, բոլորին նեղության պահին հասնող ու օգնող` թեկուզ իր օգտակար խորհուրդներով:
Այսպես էր ապրում ամբողջ կյանքը հայրենիքի շենացմանն ու բարօրությանն անմնացորդ նվիրած, սեփական վառ օրինակով իրական հայրենասիրություն դրսևորած հայր ու պապիկ Սամվել Գաբրիելյանը: Դժվար է մեր սիրելի ավագ ընկերոջ ու բարեկամի մասին անցյալ ժամանակով խոսել, չէ՞ որ նրա բեղուն գործունեության պտուղներն այսօր էլ ենք վայելում, իսկ ինչպես ասում է մեծն Թումանյանը` «Գործն է անմահ, լավ իմացեք»: Ս.Գաբրիելյանի դեպքում հենց այդպես է. նա վառվեց, լույս տվեց ու լույս տալով սպառվեց` իր գործով գնալով դեպի երկնային անսահման անհունություն, սակայն բոլորիս սրտերում մնալով հավերժ կենդանի ու հավերժ լուսավոր:
«Տեսակետ» մամուլի ակումբ, նախագահ` Հովհաննես Գրիգորյան

