«ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՐՎԵՍՏՈՎ
Արխիվ 12-16«ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՐՎԵՍՏՈՎ

Այս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորի հոբելյարի առթիվ սեպտեմբերի 16-19-ը Նարեկացի Արվեստի Միությունը կանցկացնի Մանսուրյանական օրեր: Միջոցառման ընթացքում սեպտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Մանսուրյանը և ավանգարդը» (կներկայացնեն Տ. Մանսուրյանը և Ա. Զոհրաբյանը), «Մանսուրյանը և 80-ականները», (կներկայացնի Ա. Ավանեսովը) , «Մանսուրյանը և հայ արվեստը» (կներկայացնի Մ. Նավոյանը):
Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին` Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կկայանա Նարեկացի Արվեստի Միության կողմից թողարկված՝ Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:
Շնորհիվ իր բազմաժանր և տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից: Տիգրան Մանսուրյանն ունի իր անուրանալի դերը նաեւ Հայ կինեմատոգրաֆիական արվեստում: Անհնար է պատկերացնել, որ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և ուրիշ ֆիլմեր կարող էին ամբողջական և ավարտուն արվեստի գործեր լինել առանց մանսուրյանական երաժշտության, որը անքակտելի օրգանական կապի մեջ է նվշած ֆիլմերի և՛ ժանրային, և՛ սյուժետային տարրերի հետ: Կոմպոզիտորի կերպարն ամբողջանում է նաև նրա դասախոսական գործունեությամբ, որի շնորհիվ ոչ միայն սերունդներին է փոխանցվում նրա ստեղծած երաժշտագիտական-կոմպոզիտորական ժառանգությունը, այլև` ի հայտ են գալիս նորանոր անուններ:
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը հիանալի առիթ է անդրադառնալու նրա արվեստագիտական կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Նարեկացի Արվեստի Միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, իր հոբելյանական տարեդարձը նվիրում է վարպետին ու նրա արվեստին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

