Թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար
Արխիվ 12-16Թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ
կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար
Ագրարային համալսարանի կոլեկտիվը դիմել է ԱԺ պատգամավորներին: Դիմումում ասված է.
Դիմում ենք Ձեզ` հայցելով Ձեր անաչառ գնահատականը ՙՕրինաց երկիր՚ կուսակցության անդամ պատգամավորների պահվածքի վերաբերյալ:
Արդեն ծանոթ լինելով նրանց աշխատաոճին և իրողությունը խեղաթյուրելու հատկությանը՝ուզում ենք հակիրճ Ձեզ ներկայացնել վերջին մի քանի ամիսներին հասարակական հնչեղություն ստացած Ագրարային համալսարան-ՕԵԿ ՙտարածքային՚ վեճին:
2006թ.ՕԵԿ-ը այդ տարածքում իրականացրել է ապօրինի շինարարություն, որը ճանաչվել է պետական սեփականություն և հանձնվել ագրարային համալսարանին:Գյուղատնտեսական ինստիտուտին համալսարանի ներկայիս զբաղեցրած տարածքը դեռևս 1933թ. հատկացվել է Աղասի Խանջյանի հրամանով՝ և բոլոր վերակազմավորումների ժամանակ այն անհատույց և անժամկետ ամրակցված է եղել համալսարանին:
Այդ կապակցությամբ համալսարանը դիմեց դատարան, որը հաշվի առնելով բերված փաստերը՝ կայացրեց որոշում, որի համաձայն պետք է դադարացվեին բոլոր շինարարական աշխատանքները, բացի իրենց կողմից ապամոնտաժված տանիքի վերականգնումից, սակայն ՕԵ կուսակցությունը շարունակում է շինարարական աշխատանքները:
Քրեական գործ հարուցելը մերժվել է, քանի որ համալսարանականների կողմից ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:
2014թ. մայիսի 23-ին ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն անսպասելիորեն սկսեց ապամոնտաժել համալսարանի կողմից կառուցված պետական սեփականություն հանդիսացող ավտոտեխսպասարկման կետի տանիքը:Միջադեպի կապակցությամբ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Մհեր Շահգելդյանը դիմումներ են ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և գլխավոր դատախազին` որակելով համալսարանի աշխատակիցների՝ կառավարության որոշմամբ իրենց հատկացված տարածքի ապօրինի ցանկապատումը վերացնելը որպես խուլիգանություն:
Բացի վիճահարույց տարածքից, ՕԵԿ-ը օգտագործում է ևս 190քմ տարածք, որի ցանկապատը համալսարանի աշխատակիցները տարածքի բարեկարգման ժամանակ քանդել են:
Հարգելի պատգամավորներ, մենք չէինք զբաղեցնի Ձեզ այդ կենցաղային հարցերով, եթե ապօրինությունները չկատարվեին Ազգային ժողովի պատգամավորների անմիջական մասնակցությամբ ու ղեկավարության ներքո, այն էլ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում` բազմահազար ուսանողների ներկայությամբ:
Խնդրում ենք Ձեզ ՙմիշտ օրենքի շրջանակներում գործող՚ կուսակցության հարգարժան անդամներին հարցնել՝ ինչու է Երևանի քաղաքապետարանը երկու անգամ տուգանել ՙօրինապաշտներին՚ ապօրինի շինարարության համար:
Ինչպես կարող են բացատրել Ձեզ, հասարակությանը և մանավանդ ուսանողներին, թե ինչպես երկու ամսվա ընթացքում կառուցվեց երկու հարկանի տձև շենք` չունենալով շինարարական թույլտվություն:
Հարգելի պատգամավորներ, կոչ ենք անում Ձեզ կանգնել կրթության և գիտության մշակներիս կողքին, պաշտպանել պետության ունեցվածքը, թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար:

