ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16|
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ |
|||
|
Սահմանադրական բարեփոխումների շուրջ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՍԻՄ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո սահմանադրական փոփոխությունների հակառակորդները նոր փաստարկ են գտել բարեփոխումները բոյկոտելու օգտին։ Դա ընտրական համակարգի հանդեպ «տոտալ անվստահությունն» է, որի կողքին ցանկացած այլ փաստարկ, ըստ նրանց, այլեւս երկրորդական է դառնում։ -Ընդդիմությունն ասում է, որ հանրային կյանքում, քաղաքական համակարգում, ընտրական համակարգում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Իսկ համակարգային փոփոխությունները սկսվում են սահմանադրությունից։ Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, ընդդիմությանը պետք է ասեմ հետեւյալը՝ եթե իրենց չեն ընտրում, ոչ թե համակարգն է մեղավոր, այլ իրենք։ Բոլորը տեսնում են՝ ովքեր են այդ մարդիկ, որ իրենց անվանում են ընդդիմություն, իրենց քաղաքական կարիերայի ընթացքում ինչ պաշտոններ են զբաղեցրել՝ խայտառակելով թե՛ իրենց, թե՛ երկիրը, ժողովրդին գցելով ծանր վիճակի մեջ։ Երկրորդ՝ ժողովուրդը տեսնում է, որ մարդիկ ցերեկը գոռգոռում են, երեկոյան գնում՝ ինչ-որ բաներ ուզելու իշխանությունից, եւ հասկանում են՝ այսպիսի ընդդիմություն ավելի լավ է չունենալ։ -Բարեփոխումներին չմասնակցելու հաջորդ կռվանը, որ բարձրաձայնում է ընդդիմությունը, հետեւյալն է. սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ բյուջեն «թալանվում» է, տնտեսությունը տեղապտույտի մեջ է, մարդիկ տասնյակ հազարներով արտագաղթում են, օրենքները չեն գործում, եւ այդպես շարունակ։ -Նորից նույնը պիտի ասեմ՝ կան համակարգային խնդիրներ, որ, այսպես ասած, կոսմետիկ բարեփոխումներով հնարավոր չէ լուծել։ Դրա համար, ինչպես տեսնում եք, ե՛ւ օրենքներն ենք փոխում՝ հրատապ արձագանքելով քաղաքացիների բողոքներին ու դժգոհություններին, բարելավում օրենսդրական դաշտը, շտկում բացթողումները, որ չինովնիկներին թույլ են տալիս ինչ-որ տեղ խախտել մարդկանց իրավունքները, ե՛ւ այդ ամենը անում է նախ եւ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը՝ ելնելով նախագահի նախընտրական խոստումներից եւ կառավարության ծրագրերից։ Նույնը պետք է անենք սահմանադրության հետ կապված, բայց այս դեպքում խոսքը ոչ թե հատվածական բարեփոխումների, այլ համալիր լուծում պահանջող համակարգային մոտեցումները սահմանադրորեն ամրագրելու մասին է։ -Հանրապետական խմբակցությունը եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա հանդես էին գալիս գործող համակարգի արդիականացման օգտին, բայց մասնագիտական հանձնաժողովն իր նախապատվությունը տվել է խորհրդարանական կառավարման մոդելին։ -Հանձնաժողովը որոշել է, բայց փոփոխությունների նախագիծ, որպես այդպիսին, դեռ գոյություն չունի։ Հիմա ընթանում են ակտիվ քննարկումներ։ Երբ նախագիծը վերջնական տեսքի բերվի, այն ժամանակ կուսակցությունները կներկայացնեն իրենց տեսակետները ոչ միայն կառավարման համակարգի վերաբերյալ. բազմաթիվ այլ կարեւոր փոփոխություններ են առաջարկվում, որոնք պետք է լրջորեն քննարկել։ Եվ այդ քննարկումները ոչ թե պետք է փորձել տապալել, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, այլ մասնակցել, ներկայացնել առաջարկություններ՝ ինչպես բարելավել կյանքը, ուժեղացնել տնտեսությունը, ամրապնդել բանակը, զարգացնել քաղաքական համակարգը, մշակույթը եւ այլն։ -Ձեր ընդդիմախոսները կարծում են, որ համակարգային բարեփոխումները պետք է Ընտրական օրենսգրքից սկսել. ասում են՝ եթե իշխանությունն իրոք ուզում է բարեփոխել քաղաքական համակարգը, թո՛ղ նախ եւ առաջ հրաժարվի 41 մեծամասնական մանդատներից։ -Ընտրական օրենսգրքի հիմքը էլի սահմանադրությունն է։ Իրենք պարզապես ցանկանում են պահպանել Լ. Տեր-Պետրոսյանի «հագով կարված» սահմանադրությունը, որ 1995-ին փաթաթեցին ժողովրդի վզին, հետո Ռոբերտ Քոչարյանը մի քիչ «դզմզեց»։ Չեն ուզում երկիրը զարգանա։ Իսկ թե իրենք ինչի են ընդունակ եւ ինչ են արել՝ տեսել ենք. լավն էլ ենք տեսել, հազարապատիկ վատն էլ ենք տեսել։ -Իսկ ի՞նչ կասեք այն պնդումների մասին, թե խորհրդարանական մոդելի անցնելով՝ իշխանությունը մի խնդիր է փորձում լուծել, այն է՝ հավերժացնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը եւ ապահովել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ԱԺ նախագահի պաշտոնում՝ նկատի ունենալով խորհրդարանի վճռորոշ դերը այդ համակարգում։ -Դա փաստարկ չէ՝ էշություն է։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի սահմանադրության, օրենքների շրջանակներում Սերժ Սարգսյանը 2017-18 թթ. հետո էլ ղեկավարի երկիրը։ Հմուտ քաղաքական գործիչ, որի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ երկիրը զերծ մնաց ցնցումներից չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ աշխարհում կատակլիզմներ էին տեղի ունենում, նույն Վրաստանը կորցրեց տարածքներ, Ուկրաինան հայտնվել է կործանման եզրին, Մոլդովան լուրջ խնդիրներ ունի, Սիրիան, Իրաքը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ։ Բոլորս տեսանք, թե մեր բանակը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպիսի հակահարված տվեց թշնամուն, որը մեզ գերազանցում է ե՛ւ տնտեսապես, որովհետեւ ունի նավթ, ունի գազ, ե՛ւ ռազմական բյուջեով, ե՛ւ մարդկային ռեսուրսներով, ունի Թուրքիայի նման դաշնակից, որը ամեն ինչ անում է մեզ խեղճացնելու համար։ Տեսնում ենք՝ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության պայմաններում անվտանգության ինչ համակարգ ստեղծվեց մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, եւ այդ ամենը՝ նախագահի վարած կշռադատված քաղաքականության շնորհիվ։ Այսօր ռուսական եւ միջազգային մամուլը գրում է, որ նա կարողացավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր քայլերով առաջ անցնել ե՛ւ Ալիեւից, ե՛ւ Էրդողանից։ Ես գտնում եմ, որ, այո, եթե Սերժ Սարգսյանը չի կարող երրորդ անդամ ընտրվել նախագահ, ճիշտ կլինի՝ դառնա վարչապետ, եթե վարչապետի պաշտոն չի ուզում՝ ստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը, որովհետեւ այդ մակարդակի, տրամաչափի հմուտ, փորձառու գործիչները Հայաստանում «թափած չեն»։ -Կարո՞ղ է այնպես ստացվել, որ սահմանադրության շուրջ հիմնական բանավեճը ծավալվի Հանրապետականի ներսում՝ խորհրդարանական մոդելի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, քանի որ խմբակցությունը, դատելով ամենից, միանշանակ դիրքորոշում չունի այդ հարցում։ -ՀՀԿ-ում բարեփոխման կողմնակիցներ եւ հակառակորդներ, դասագրքային ճշմարտություններ, պատրաստի դեղատոմսեր, կարծրատիպեր չկան՝ կան քննարկումներ ցանկացած հարցի, այդ թվում՝ կառավարման մոդելի վերաբերյալ։ Երբ նախագիծը կգա ԱԺ, այն ժամանակ կհստակեցնենք մեր դիրքորոշումը։ Կոնկրետ՝ մեր կուսակցությունը կազմակերպելու է լայն քննարկումներ, նախ ՍԻՄ-ի ներսում, որովհետեւ մինչեւ հիմա քննարկումներն ընթացել են մասնագիտական նեղ շրջանակներում։ Մի բան կարող եմ ասել՝ մենք կողմնակից ենք եղել ԱԺ իրավասությունների ընդլայնման օգտին. ե՛ւ 1995թ., երբ ընդունվում էր Տեր-Պետրոսյանի սահմանադրությունը, ե՛ւ 2005 թ., երբ նախագահի իրավասությունների մի մասը փոխանցվեց խորհրդարանին։ Այսօր էլ մնում ենք այն կարծիքին, որ խորհրդարանի լիազորությունների շրջանակը պետք է մեծացնել, որովհետեւ իշխանության գերկենտրոնացումը չի նպաստում երկրի բնականոն զարգացմանը։
|
|||
|
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|||
"Հայոց Աշխարհ" օրաթերթ


