ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՇՓՈԹԵ՞Լ ԷՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՇՓՈԹԵ՞Լ ԷՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
Թեժ քաղաքական աշունը շրջանցեց բոլորին, բայց ծանրացավ ՀՀ բնապահպանության նախարարի գլխին: Մինչ մամուլը անընդհատ գրում է, թե որքան բռի է մեր բնապահպանության նախարարը վարվում նախարարության աշխատակիցների հետ, վերջինս, կարծես թե, սովորություն դարձրած նույն կերպ փորձում է վարվել լրագրողների հետ:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՀ Բնապահպանության նախարարությանը մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ինչպես հայտնի է Բնապահպանության նախարարի առաջին տեղեկալ Սիմոն Պապյանը, երկու օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը: Սակայն, փոխնախարարն այդպես էլ չկարողացավ նշել, թե հատկապես, որ կազմակերպություններն էին դրանք: Այնուամենայնիվ, հաջորդ օրը, Ս. Պապյանը տարածեց իր ստորագրությամբ մի ցանկ, որտեղ նշված էին 12 ՀԿ-ների անուններ: Ըստ Ն. Զոհրաբյանի, նա «հատ առ հատ» հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չեն քննարկել: Իր հերթին փոխնախարարը պնդեց, որ օգոստոսի 29-ին վերոհիշյալ 12 կազմակերպությունների հետ հանդիպել է իր առանձնասենյակում եւ քննարկել հարցը: Ի վերջո, թե ո՞վ է սուտ խոսում, փորձեցինք պարզել ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով դեռ հարցը չլսած «փռփռեց». «Ես ընդհանրապես ցանկություն չունեմ խոսելու, որովհետեւ դուք մեր յուրաքանչյուր խոսքը խեղաթյուրում եք, դրա համար բացարձակ ցանկություն չունեմ խոսելու»:
Ինչ խոսք, այն, որ պարոն նախարարը խիստ դյուրագրգիռ է դարձել կարելի է պայմանավորել աշնան անցումային եղանակի հետ, բայց այն, որ իրականությունը խեղաթյուրում է կա՛մ իր իսկ առաջին տեղակալը, կա՛մ տիկին Ն. Զոհրաբյանը, մինչդեռ նա խեղաթյուրողներ փնտրում է լրագրողների մեջ, պարզից էլ պարզ է:
Այնպես որ, պարո՛ն Գրիգորյան, իրականությունը խեղաթյուրողներին փնտրեք Ձեր նախարարության տարածքում, ոչ թե լրագրողների շրջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

