Ս. Օհանյան. «ԱՅՍՕՐ ԲԱՑԱՌՎԱԾ Է ԴԱՍԱԿԱՆ ՈՃՈՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐՑԱԽՈՒՄ»
Արխիվ 12-16Ս. Օհանյան. «ԱՅՍՕՐ ԲԱՑԱՌՎԱԾ Է ԴԱՍԱԿԱՆ ՈՃՈՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐՑԱԽՈՒՄ»
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` առիթից օգտվեց եւ շնորհակալություն հայտնեց հուլիս-օգոստոսյան լարված իրադարձությունների շրջանակում պաշտպանության նախարարությանը, հատկապես դիրքապահներին կառավարության անդամների, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կողմից` աջակցելու, սատար կանգնելու, բարոյապես ու հոգեպես ոգեշնչելու համար. «Ամենակարեւորն այն է, որ հասարակության մեջ, նաեւ Ազգային ժողովում, տարբեր կուսակցական հայացքներով մարդիկ համախմբվեցին պաշտպանության շուրջը` անհրաժեշտության դեպքում հակառակորդին լիարժեք հակահարված տալու, հայրենիքի պաշտպանին աջացելու համար: Մենք երկար ժամանակ` 94 թվականից մինչեւ հիմա, մարտական հերթապահություն ենք իրականացնում եւ մարտական հերթապահության իրականացման խնդիրը ընդհանուր առմամբ բանակային ստորաբաժանումների խնդիր չէ: Բայց, քանի որ դեռեւս լիարժեք ապահովված չենք խաղաղության պայմաններով եւ դրա շուրջն ընդունված չէ համապատասխան փաստաթուղթ, այնուամենայնիվ, մեր ողջ ներուժով ե՛ւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ե՛ւ նաեւ Արցախում, Հայաստանի զինված ուժերի եւ նաեւ Արցախի պաշտպանության բանակի ուժերով մարտական հերթապահությամբ ապահովում ենք մեր սահմանների պաշտպանությունը: Մարտական հերթապահությունը նշանակում է ուժերի մի մասով իրականացնել պաշտպանություն եւ պատրաստ լինել կարճ ժամանակահատվածում վերախմբավորվել ու անցնել պաշտպանական խնդիրների»: Ապա հավելեց. « Այս տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք մենք կատարել, առաջին հերթին հերթապահության ժամանակ անվտանգության ապահովման, հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունների հակազդման, առաջին գծում ինժեներական աշխատանքներով հագեցման եւ նաեւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ գտնում եմ, որ լիարժեք աշխատանք է կատարվել պահպանությունից պաշտպանության անցնելու: Այժմ հրապարակավ ուզում եմ նաեւ մեր ժողովրդին հայտնել, որ այսօր բացառված է դասական ոճով լայնամասշտաբ գործողություններ սկսել, հատկապես Արցախում, որովհետեւ մանավանդ հակատանկային զրահատեխնիկայի դեմ պայքարի եւ դիտարկման, հակազդման, խոցման համակարգերը լիարժեք իրականացված են»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

