ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»
Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել Թուքիայում: Ֆիլմը թուրքական կինոթատրոններում ցուցադրելու ցանկություն հայտնել է թուրքական կողմը: Իրականում`1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը տարիներ առաջ եւս նախատեսված էր Թուրքիայում ցուցադրել, քանի որ ֆիլմարատադրող թուրքական մի ընկերություն գնել էր ցուցադրության իրավունքը: Սակայն ընկերության սեփականատեր Ս. Չեթինը հրաժարվել է ցուցադրել այն` հայտնելով, որ դրանով կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի կյանքը: Այսօր արդեն նա հայտարարել է, որ Թուրքիան նախկինը չէ, եւ «Արարատը» կարող է ազատ ցուցադրվել իր երկրում: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ շեշտեց, որ հարցին պետք է տալ քաղաքական պատասխան. «Կարծում եմ` քանի որ մենք կանգնած ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, թուրքական կողմը փորձելու է օգտագործել բոլոր հնարավոր ձեւերը` միջազգային հանրությանն ասելու` մենք բաց հասարակություն ունենք, մենք պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել այս բոլոր հարցերը եւ այդ ամենին նայել պատմական տեսակետից: Բնականաբար, այն, որ իրենք կատաղի դիմադրություն են ցույց տալու մեր քարոզչությանը, որը լոկ քարոզչություն չէ, այլ ճշմարտության վերականգնում, իրենք նաեւ դիվանագիտական քայլեր են անելու: Մշակույթն էլ ամենապարարտ հողն է` ցույց տալու բարիդրացիական հարաբերություններ: Միայն դա չէ, մենք մի շարք առաջարկություններ էլ ունենք թուրքական կողմից, եւ այդ ջերմացումը շատ տարօրինակ է: Ինչեւէ, հարցին նայեմ այլ տեսակետից. պետք է ողջունել ցանկացած այդպիսի քայլ, մշակութային ցանկացած հարաբերություն իրենց կողմից: Իսկ դա քաղաքական նպատակներով օգտագործել թույլ չտալն արդեն մեր դիվանագիտության խնդիրն է: Մեզ ձեռք տալիս է, որ մեր մշակույթը ներթափանցի այնտեղ: Առավել եւս` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում շատ բացեր են ցուցադրվում, ինչ-որ մի քանակության թուրք հասարակության ներկայացուցիչներ կարող են հասկանալ, որ այսպես է եղել: Դրա համար ողջունում ենք մշակութային այդ հարաբերությունները, բայց, չպետք է թողել, որ քաղաքականացվի եւ այլ հիմնավորումներով օգտագործվի. այդտեղ խնդիր ունենալու ենք հաստատ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

