ՙՙՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ, ՈՐ ԿԶԱՐԴԱՐԵՆ ԳՈՎԱԶԴԸ
Արխիվ 12-16ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ, ՈՐ ԿԶԱՐԴԱՐԵՆ ԳՈՎԱԶԴԸ
Այսօր ռադիոհեռուստատեսության եթերից հնչող եւ ցուցադրվող գովազդներում այնքան սխալներ կան եւ դրանք այնքան սովորական են դարձել, որ մարդիկ սկսել են այլեւս չզարմանալ նունիսկ ամենակոպիտ սխալներից: Նույն իրավիճակն է նաեւ քաղաքամայր Երեւանը ՙզարդարող՚ արտաքին գովազդներում: Մի քիչ երեւակայություն, ու վերջ` գովազդն արդեն պատրաստ է, իսկ թե ինչ արտահայտություններով ու ինչ ուղղագրությամբ, սա արդեն կարեւոր չէ: Իհարկե, Լեզվի պետական տեսչությանը հաջողվել է գովազդ պատրաստող որոշ ընկերությունների եւ անհատների հիշեցնել, որ գոյություն ունի ՙԼեզվի մասին՚ օրենք եւ գովազդն արտադրելուց առաջ հարկ է մի լավ կարդալ ու սովորել այն:
Ամեն դեպքում շատ ընկերություններ կան, որոնք գուցե կարդում են օրենքը, սակայն չեն ընկալում: Նրանցից շատերը ՙԼեզվի մասին՚ օրենքը բնորոշում են որպես կարծրացած եւ անձեռնամխելի, որի պատճառով էլ իրենք հնարավորություն չունեն մայրենի լեզվին խառնելու այլ լեզուներ, որպեսզի գովազդին մի քիչ ՙհամ ու հոտ՚ տան: Անկախ բրենդինգի փորձագետ Տիգրան Բալոյանը մոռանալով, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է` լրագրողների հետ հանդիպմանը բողոքում էր, թե Լեզվի պետական տեսչության որոշումները միակողմանի են: Նրա կարծիքով` եթե սերիալներում կիսագողական հերոսների բառապաշարը չի փայլում գրական հայերենով, ապա ինչպե±ս է, որ Լեզվի պետական տեսչությունն այդ ամենն անտեսելով` կենտրոնացել է գովազդի լեզվի վրա: Ինչպես ասում են, բոլոր պարերը պարեցինք, մնում է ՙժարգոնն՚ ու փողոցային գռեհիկ բառապաշարը դարձնեինք գովազդի լեզու: Այդուհանդերձ, եթե որոշ ժամանակ առաջ գովազդներում ՙֆուտբոլվենք՚ կամ ՙսնիկերսվենք՚ բառերը համաքաղաքացիների ու լեզվի պահպանմամբ զբաղվող պատասխանատուների մոտ առաջացրել էր մեծ զայրույթ, ապա Տ. Բալոյանի մոտ` հակառակը: Ամենասարսափելին այն է, որ Տ. Բալոյանը լավ գիտակցելով, որ հայերենում նման բառեր ու արտահայտություններ չկան` սովորական է վերաբերվում, ավելին, մի բան էլ կարծում է, որ այդպիսի բառերը գովազդին ՙշունչ՚ են տալիս:
Հետաքրքիր է` որտե±ղ է այդ շունչը, սովորական մահկանացուներիս համար անհասանելի է, հատկապես` երբ տվյալ գովազդը հիմնականում ասելիք չի ունենում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ որոշ անհատներ ամեն կերպ ցանկանում են աղավաղել ու անտեսել մայրենի լեզուն` չգիտակցելով, որ իրենց օտարամոլությունը վնասում է ե°ւ իրենց, ե°ւ լեզվին: Ու այսքանից հետո պետք է ասել, թե լեզվի առջեւ տաբու է դրված: Եթե այդ տաբուներն ի նպաստ լեզվի են, այո, թող ասեն, որ ՙԼեզվի մասին՚ օրենքը կարծրացած է, եւ նրա առջեւ տաբու է դրված, կարեւորը` դրանով չի վնասվի անաղարտ մայրենին:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

