ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՙՀԱՅՐՍ ՈՒԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ԴԱՌՆԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ՚
Արխիվ 12-16ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՙՀԱՅՐՍ ՈՒԶՈՒՄ ԷՐ,
ՈՐ ԴԱՌՆԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ՚
Երեկ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ծննդյան օրն էր: ՙԻրավունքի՚ հետ զրույցում 72-ամյա վարպետը իրեն հատուկ առույգությամբ շեշտեց, որ դեռ չի կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը եւ հավաստիացրեց, որ կյանքում ամենամեծ երջանկությունը սիրած գործով զբաղվելն է` որ տարիքում էլ ուզում է լինես:-Բաներ կան, որ այս կյանքում հետաքրքիր են ինձ համար, ես դեռ կյանքի նկատմամբ հետաքրքրությունս չեմ կորցրել: Ամենակարեւորը, ամենամեծ երջանկությունը սիրածդ գործով զբաղվելն է ու դրանից հաճույք ստանալը: Մինչեւ հիմա զբաղվում եմ դերասանությամբ, ռեժիսուրայով ու թատրոնով եւ դրանից մեծ հաճույք եմ ստանում:
Այն ազդեցությունը, որ ստացա Մայակովսկու անվան դպրոցում սովորելու տարիներին, փաստորեն տեղին էր: Բախտս բերեց, 8-րդ դասարանում հանդիպեցի մի հանճարեղ մարդու` Էլմիրա Արկադեւնա Մարտիրոսյանին, իմ ուսուցչուհուն, որը թատրոնով տառապող մարդ էր, բայց ինչ-ինչ պատճառներով ընտրել էր մանկավարժությունը: Նա կարող էր մեծ թատրոնի գործիչ դառնալ:
ՙՄԱՅՐՍ ԻՆՁ ԿՈՂՄ ԵՂԱՎ,
ԻՍԿ ՀԱՅՐԻԿԻՍ` ԴԵՄ՚
-Այսինքն` նա Ձեր մեջ սերմանեց սերը դեպի թատրոն:
- Այո, բանն այն է, որ հայրիկս ինձ ավելի շուտ դաստիարակում էր այն ուղղությամբ, որ դառնայի ճարտարապետ, որովհետեւ նա մանկուց երազել էր, բայց այլ մասնագիտություն էր ընտրել` զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, պարտիական աշխատող էր, պարտիական մեծ գործիչ: Դեռ Թբիլիսիում նա բարձրագույն կուսակցական էր, դպրոցը Մոսկվայում գերազանց ավարտելուց հետո նրան հրավիրեցին Վրաստան` կենտկոմում պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ: Եվ երբ այդ տարիներին Հարությունովին նշանակեցին Հայաստանում առաջին քարտուղար, նա Վրաստանից բոլոր մասնագետներին բերեց Հայաստան, այդ թվում նաեւ հայրիկիս, որը նույն պաշտոնը զբաղեցրեց: Մոտ 30 տարի եղավ Գլավլիտի պետ. այն հիմնարկություն է, որը հսկում է ռազմական, պետական, քաղաքական գաղտնիքների պահպանումը` ռադիոյում ու հեռուստատեսությունում: Դե, իսկ մեր տանը բնականաբար ճարտարապետությանը վերաբերող շատ գրքեր կային, որոնք հայրս ձեռք էր բերել ամենաբարդ ու դժվար ճանապարհներով: Այդպես, հայրիկս կարծում էր, որ մեր տանը նման գրքերի գոյությունը ինձ կշեղեր այդ ուղղությամբ: Իսկապես այդպես էլ մտածում էի, եւ եթե չհանդիպեի Էլմիրա Արկադեւնային, երեւի կգնայի ճարտարապետության գծով, որովհետեւ շատ էր ինձ հետաքրքրում, եւ բացի դրանից արդեն սկսկում էի կամաց-կամաց զարգանալ այդ ուղղությամբ: Սակայն, իմ ուղղվածությունը փոխեց ուսուցչուհիս եւ շնորհակալ եմ մայրիկիս, որ ինձ կողմ եղավ, իսկ հայրիկին` դեմ եւ ասաց` թող նա որոշի, թե ինչ է ուզում դառնալ: Ըստ երեւույթին մայրս էլ ուներ նման հակումներ, բայց չեմ ափսոսում, որ ընտրեցի այս ուղղությունը:
ՙԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՌՈՒՑՎԵՑ
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՔՈՒՄ՚
-Իսկ երբեւէ պատկերացրել եք, եթե ընտրեիք ճարտարապետությունը, ինչպե±ս կդասավորվեր Ձեր կյանքը:
- Երբեւէ չեմ փորձել, այդ տարիներին այն, ինչ կապված էր ճարտարապետության հետ, համոզված եմ` իրականացնել անհնար էր: Այն ժամանակ ճարտարապետության մեջ հնարավորությունները սահմանափակ էին: Ժամանակին մենք ունեցել ենք հրաշք ճարտարապետություն, բայց այն ավելի շուտ եկեղեցական ուղղվածություն է ունեցել: Քաղաքի ճարտարապետությունը բավականին թույլ էր, վերջին տարիներին քաղաք մտավ հետաքրքիր ճարտարապետություն: Դե, իհարկե բոլորն ընդունելի չէ, կան բաներ, որոնք համընկնում են Հայաստանի եւ Երեւանի կոլորիտին, բայց կան բաներ, որ անհարիր են: Բոլոր դեպքերում, մենք այդ հարցում էլ ենք անցնում կայացման ճանապարհով: Ընդհանրապես, կարծում եմ` ամենամեծ սխալը, որ արվեց Երեւանում, այն էր, որ Երեւանը կառուցվեց Երեւանի հիմքում: Այդպես չպիտի անեին: Տեսեք, այն քաղաքները, որոնք կառուցվում են դատարկ տեղում` զրոյից են սկսում, շատ ավելի գրագետ են կառուցվում: Դրա վառ օրինակը կա Ռուսաստանում` Աստանան, հրաշք ճարտարապետություն, լայն փողոցներ, լայն հրապարակներ: Նույնն առիթ ունեցա տեսնելու Տորոնտոյում` զարմանալի զրոյական աստիճանի մաքրություն էր այդ քաղաքում, որովհետեւ ի սկզբանե դրվել է, որ նախ կառուցելուց առաջ պիտի այդ ամբողջ տարածքը մաքրես, հետո` ծառապատես ու նոր սկսես կառուցումը, քանի որ ծառը, ճյուղը, բնությունը բավականին մեծ ուշադրության կարիք ունեն: Չես կարող անփույթ բերել ու միանգամից քարերը թափել այդ նույն խոտի վրա, որովհետեւ շատ թանկ կնստի այդ ամենը: Օրինակ, մեր քաղաքում նայում եմ` մի փոքրիկ մաս սկսում են կառուցել, վերջում կառուցվում է այգին կամ ճանապարհը: Հյուսիսային պողոտան կառուցվեց, 2 տարի հետո նորից ծայրից ծայր վերափոխում են հատակը: Ինչպե±ս կարելի է այդքան գումար ծախսել, հետո նորից քանդել այդ ամենն ու նորից կառուցել: Ի±նչ է դա նշանակում: Փաստորեն` քաղաքը տուժեց, քանի որ ամիսներով մենք այդ օդն ենք շնչում, այդ ավազն ենք կուլ տալիս, մեր թոքերն ենք վնասում: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ Հայաստան եկավ փայլուն մի անձնավորություն` Տոնինո Գուերան, որը բացի նրանից, որ հրաշալի սցենարներ էր գրում, վերջին տարիներին սկսել էր շատրվաններ կառուցել տարբեր երկրներում, բայց ինձ չզարմացրեց դա: Մի քանիսը մոտեցան ու նրան հարցրին, թե հավանում է Երեւանը, նա ասաց. ՙՇատ հավանելով հանդերձ, ցավում եմ` դուք զրկել եք այս քաղաքը թոքերից՚: Զարմանալի է, նա ի±նչ գիտեր որ ժամանակին կանաչների մեջ թաղված քաղաք է եղել Երեւանը: Զուր չէ, որ ասում են Դալմայի այգիներ ենք ունեցել, քաղաքը շրջապատված է եղել այգիներով: Այդ մարդը կարծես Երեւանը տեսել էր 100 տարի առաջ եւ հիմա ափսոսում էր, ասելով, որ այս քաղաքը զրկել ենք թոքերից: Ես մտածեցի, որ մարդիկ, երբ մոտենում են ինչ-որ մի պահի, սկսում են ետ նայել ու ափսոսալ, որ երբեմն քայլելով դեպի առաջ` կորցնում ենք այն լավը, որ ունենք:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

