ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է` ՎԵՐՑՆԵԼ ԳԵՐԻ, ԱՊԱ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԿԱՄ ՍՊԱՆԵԼ
ՙԹշնամու գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակը մինչ օրս չի հանձնվել հայկական կողմին, որը մեկ անգամ եւս փաստում է, որ այստեղ տարօրինակ շատ բան կա՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի հանձնմանը ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:
-Կարեն Պետրոսյանի դեպքից հետո, առաջինը, որ մենք պետք է անենք, սահմանամերձ շրջանները խիստ մոնիտորինգի տակ պահելն է, որտեղից անընդհատ մարդիկ մոլորվում են: Որից հետո պետք է միջազգային ատյաններին ցույց տալ, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունն է` քաղաքացիական անձանց վերցնել գերի, որից հետո կամ խոշտանգված հետ հանձնել կամ սպանել: Նույն խոշտանգումների արդյունքում` տասնութ ամիս ադրբեջանական գերության մեջ հայտնված Արթուր Բադալյանը այսօր հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Եվ այս առումով նա միակ դեպքն է, որ կենդանի հետ է հանձնվել Հայաստան: Այսինքն` անհրաժեշտ է միջազգային ատյաններին ցույց տալ, որ Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում, որը կարող է դառնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարք, պետք է միջազգային քրեական իրավունքի հարց բարձրացնենք: Ադրբեջանական այս բոլոր գազանություններից հետո նույնիսկ տարօրինակ է թվում, որ համանման իրավիճակում հայկական ուժերի մոտ սեպտեմբերի 5-ին գերության մեջ հայտնված 1999թ. ծնված ադրբեջանցի Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել վերադարձնել ադրբեջանական կողմին: Չնայած նկատենք, որ քաղաքական տեսանկյունից այդ որոշումը միանգամայն արդարացված է: