ՙՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՀԱՑՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՀԱՑՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1965թ. ծնված Էդիկ Խաչիկի Հակոբյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Խաչիկն ու նրա պաշտպանը համարում են, որ քրեական վարույթն իրականացրած մարմինն ու դատարանը սխալ են որակել իր արաքը եւ նշանակված պատիժն անարդար է եւ չափազանց խիստ:Դատախազությունը համարում է, որ դատարանը ճիշտ է գնահատել Խաչիկ Հակոբյանի հանցավոր գործողության վտանգավորությունը, սակայն նշանակել է անհամաչափª մեղմ պատիժ:
Ով է ճիշտ, իսկ ով` սխալ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իհարկե, կարտահայտի իր ներքին համոզմունքը: Միաժամանակ, չեմ կարծում, որ վերադաս ատյանի որոշման բացակայությունը կկաշկանդի ընթերցողին կայացնել իր որոշումը եւ գնահատել մեղադրական եւ պաշտապանության կողմերի ակնկալիքների իրականացման հավանականությունը:
ԴԱՍԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
(ՄԱՀԱՓՈՐՁ)
2013թ. փետրվարի 2-ին հետախուզվող մեղադրյալ Էդիկ Հակոբյանն ինքնակամ ներկայացել էր Ոստիկանության Էրեբունու բաժին եւ ներկայացրել էր հանցագործության գործիքը` ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 4 հատ 9մմ փամփուշտներով եւ մեկ կրակված պարկուճով:
Դրանից 5 օր առաջ, ըստ ներկայացված մեղադրանքի, տեղի էր ունեցել հետեւյալը. ՙ2013թ. հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահելով եւ կրելով հրազեն հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներ, նույն օրն իր որդու` Վանուշ Հակոբյանի, եղբորորդու` Խաչիկ Սամվելի Հակոբյանի, Դավիթ եւ Հայկ Լեւոնի Ֆարսյանների, ինքնությունները դեռեւս չպարզված անձանց եւ Սերգեյ Կտրիճի Գալստյանի, նրա քրոջ որդիներ Գեւորգ եւ Սարգիս Բաբկենի Աբրահամյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ կապված որոշակի հանգամանքներ պարզելու համար գնացել է Երեւան քաղաքի Սարի Թաղ 20 փողոցի 112 հասցեում գտնվող մթերային կրպակի մոտ: Րոպեներ անց կրպակի մոտակայքում կանգնել է Սերգեյ Գալստյանի ավտոմեքենան, որից իջնելով, Սարգիս Աբրահամյանը եւ Սերգեյ Գալստյանը շարժվել են Էդիկ Հակոբյանի ուղղությամբ: Էդիկ Հակոբյանը, տեսնելով իր կողմը գնացող Սարգիս Աբրահամյանին եւ Սերգեյ Գալստյանին, իր մոտ պահվող ինքնաշեն ատրճանակով Սարգիս Աբրահամյանին սպանելու դիտավորությամբ կրակել է վերջինիս ուղղությամբ... պատճառելով նրան միջին ծանրության վնաս: Այնուհետեւ Սերգեյ Գալստյանին սպանելու դիտավորությամբ կրակել է վերջինիս ուղղությամբ: Սերգեյ Գալստյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է՚:
ՙԴԱՍԱԿԱՆ՚
ԱՆԶԳՈՒՅՇ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Էդիկ Հակոբյանն իրեն մեղավոր էր ճանաչել միայն ապօրինի զենք կրելու մեջ: Ինչ վերաբերում է արյունահեղ ողբերգական իրադարձություններին, ապա նա պնդել էր, որ ինքը ատրճանակից արձակել էր ընդամենը մեկ կրակոց եւ տուժողին սպանել է անզգուշությամբ:
Նա դատարանին պատմել էր, որ շուրջ 30 տարի ճանաչել էր նույն թաղամասի բնակիչ Սերգեյ Գալստյանին եւ նրա հետ գտնվել էր մտերիմ հարաբերությունների մեջ: ՙՌազբորկայի՚ օրը դեպքի վայրում իր գոտկատեղին դրված ատրճանակն ընկել էր գետնին: Էդիկը կռացել էր ատրճանակը բարձրացնելու, եւ այդ պահին հրազենը պատահական, ինքնաբերաբար կրակել էր: Մեղադրյալը այդ հանգամանքը բացատրել էր նրանով, որ ՙձգանի դիմացի հատվածում ոչինչ չի եղել՚: Տեսնելով, որ Սերգեյ Գալստյանը բռնել էր կրծքավանդակը, Էդիկը փախել էր:
Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը նա գտել էր Արցախում...
Լրացուցիչ ցուցմունքում իրադարձությունները ներկայացվել էին փոքր-ինչ այլ կերպ. կրակոցը կատարվել էր ոչ թե ատրճանակը գետնից բարձրացնելու պահին, այլ երբ ինքը տեսել էր, որ Սարգիսը եւ մյուսներն իրենից 3-4 մետր հեռավորության վրա են, ու ինքը հնարավորություն չունի նույնիսկ փախչելու, ատրճանակը պահել էր Սարգսի թեւի ուղղությամբ, ասելով, որ կանգնեն: Այդ պահին էլ, իրենից անկախ, արձակվել էր կրակոցը:
ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ՍԿՍՎԵԼ ԷՐ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ
Տուժող Սարգիս Աբրահամյանը դատաքննությանը ներկա չէր եղել. նա գտնվել էր Ռուսաստանում: Նախաքննության ընթացքում նա տվել էր հետեւյալ ցուցմունքը. ՙ2013թ. հունվարի 28-ին առավոտյան ես քեռուս եւ եղբորսª Գեւորգի հետ գնացել էինք Սարի Թաղ 20 փողոցի 26 հասցեի մոտ գտնվող նախընտրական շտաբ: Քեռին եւ Գեւորգը մտել էին շտաբ: Ներսում Գեւորգը քեռուն ցույց էր տվել այն անձին, որը նախորդ օրը հարվածել էր իրեն: Դաª ՙԽուճի՚` Դավիթ Ֆարսյանի եղբայրն էրª Հայկը: Ներսում եղել էին նաեւ ՙԽուճը՚, Էդիկ Հակոբյանի տղա Վանուշ Հակոբյանը, Սամվելը` Էդիկ Հակոբյանի եղբայրը: Քեռին դուրս էր կանչել Հայկ Ֆարսյանին ու հարցրել, թե ով էր հարվածել Գեւորգին: Պատասխանել էր ՙԽուճը՚, ասելով, որ այդ հարցին կպատասխանի ՙՕդոլը՚` Էդիկ Հակոբյանը...՚:
Հենց շտաբում էլ սկսել էր ծեծկռտուկը, որը շարունակվել ու ողբեգական ավարտ էր ունեցել դրսում: Այս տուժողը շատ բաներ չէր կարողացել հիշել քննիչին ցուցմունք տալու ժամանակ, բայց հստակ հիշել էր, որ Էդիկ Հակոբյանը կանգնած էր ու գոռացել էրª ՙԷս շտաբի վրա եք եկե±լ՚ ու կրակել իր ու քեռուª Սերգեյ Գալստյանի վրա: ՙՔեռին երկու քայլ կատարելով` գնացել էր դեպի խանութի մոտ եւ կռացել: Ես բռնել էի քեռուս գլուխը: Քեռին այդ պահին ինձ ասել էր, որ կրակողն ՙՕդոլն՚ էր՚:
ՙՕդոլը՚ª մեղադրյալ Էդիկ Հակոբյանն է:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

