ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԲՀԿ-Ն ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԲՀԿ-Ն ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ
Իհարկե, քաղաքական թեժ աշուն եղավ միայն հայտարարությունների տեսքով, բայց քաղաքական կրքերը կամաց-կամաց տեղի են տալիս: Այս շրջանում, երբ ՀՅԴ-ն եւ իշխանությունները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների հարցում, ոչ իշխանական քառյակի մյուս ուժերը` «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, շարունակում են օր առաջ իշխանափոխության մասին երազել եւ անընդհատ ասում են այդ մասին` հայտարարությունների տեսքով: Թե որն է այս պարագայում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:
«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՎ ՉԷ»
-Պարոն Մելքումյան, այսօր իշխանափոխություն իրականացնելու հարց ԲՀԿ-ի օրակարգում կա՞, երբ «քառյակի» մյուս անդամները` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», անընդհատ հայտարարում են այդ մասին, իսկ ՀՅԴ-ն, ըստ էության, դեմ է դրան:
- Նախ` իշխանափոխությունը հայտարարություն անելով չէ տեղի ունենում: Պետք է ինչ-որ ծրագիր ունենաս, բայց մենք մեր տեսակետների մասին վաղուց հայտնել ենք տարբեր ձեւաչափերով, եւ դա չի փոխվել: Ինչ-որ կար այդ նույն ձեւաչափն է, եւ բոլորը տեղյակ են «Բարգավաճ Հայաստանի» մոտեցումների մասին: Մենք գտնում ենք, որ պետք է որոշակի քայլերով գնանք, եւ այդ քայլերը զետեղված են «քառյակի» 12 կետանոց պահանջի մեջ: Իսկ արդեն դրանից բխող հետագա տրամաբանական քայլերը դուք կտեսնեք: Այնպես որ, կրկնում եմ` հայտարարոթյամբ չէ, որ հայտարարում ես, եւ ինչ-որ բան փոխվում է: Դրա համար պետք է նախ ունենալ ծրագիր, ապա տրամաբանված քայլերի հաջորդականություն, հետո հաշվարկված ուժեր եւ վերջում նոր ակնկալել ինչ-որ բան փոխել:
- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշել է, որ «քառյակի» որոշ ուժեր ոչ թե համակարգն են ուզում փոխել, այլ` մարդկանց: Ապա հավելել է, թե դառնում է այնպես, որ մենք ասում ենք` նախագահական աթոռից հրաժարվենք, իրենք ասում են` չէ, նախագահական ընտրություններից հետո անենք ու սա նշանակում է` թողեք մի քիչ էլ ես նստեմ այդ աթոռին: Ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետին:
- Ես չեմ մեկնաբանում: Քաղաքական գործիչներն ազատ են իրենց տեսակետները հայտնելու հարցում: Այնպես որ, ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Մենք ասել ենք, որ սահմանադրական բարեփոխումների մասով այս փուլում կարեւորում ենք տնտեսական բարեփոխումների խնդիրները եւ չենք գտնում, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն այս վիճակից դուրս գալուն: Այսինքն` դա չէ երաշխիքը, որ սահմանադրական բարեփոխումով կարող է ինչ-որ բան փոխվել: Իսկ եթե կապացուցեն մեզ, որ դա է, ապա կարելի է վերանայել հարցը: Բայց ես եղած հայեցակարգային մոտեցումներով չեմ ընկալում, որ դա կարող է տանել այս վիճակի բարելավմանը: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ասել ենք` պահը կարելի է որոշել եւ դա անել, բայց հիմա չէ այդ պահը:
«ՔԱՌՅԱԿԸ» ԿՀԱՐԳԻ
ՀՅԴ-Ի ԻՇԽԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
-Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի դրական կողմնորոշումն ու մնացյալ հարցերում էլ եղած հակասությունները` հնարավո՞ր է, որ քառյակում հարց դրվի ՀՅԴ-ից ազատվելու մասին:
- Այդպիսի բան չկա, քառյակում բոլորն էլ ազատ են, առանձին քաղաքական ուժեր են ու իրենց մոտեցումներն ունեն, որոնք հարգվում են մյուս քաղաքական ուժերի կողմից: Այնպես որ, շատ հարցերում կարող ենք գալ կոնսենսուսի, բայց եթե կա տվյալ հարցի կապակցությամբ իրենց ինքնուրույն քաղաքական դիրքորոշումը, ապա ՙքառյակի՚ մյուս անդամները պետք է հարգեն: Հետեւաբար այս առումով որեւէ խնդիր չկա:
- Իսկ սահմանադրական բարեփոխումների հարցում կարո՞ղ է ԲՀԿ-ն որոշի կոնսենսուսի գալ ՀՅԴ-ի, ապա նաեւ իշխանությունների հետ:
- Եկեք առաջ չանցնենք, ես ասացի այն, ինչ որ ասացի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

