ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ
Արխիվ 12-16ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամը, ինչպես միշտ վերածվեց խոսքային փոխհրաձգության: Այս անգամ «դուելի» էին դուրս եկել ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ իր ելույթում փորձում էր համոզել, թե սահմանադրական փոփոխությունները բոլորովին էլ հրատապ չեն, ավելին` դրանով է պայմանավորված, որ շատերը դրան դեմ են` անգամ չկարդալով էլ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Չուշացավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ պատասխանը. «Ի հեճուկս որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի, սահմանադրական բարեփոխումները պահանջված են մեր երկրում»: Սակայն, ուշագրավ էր այն, որ ի տարբերություն իշխանություն-այլընտրանք հակասությունների, խիստ ջերմ էին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Օրինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր հայտարարության մեջ ասաց. «Մենք իսկապես որոշումներ կայացնելու մշակույթ պետք է փոխենք: Այո, հարգելի պարոն Շարմազանով ջան, մեզ պետք չէ տներից բերել, այլ` այնպես արեք, որ խորհրդարանի ընդունած օրենքները գոնե մի քանի տարվա կյանք ունենան»: Ի դեպ, հայտարարությունների «ջան ասելու ու ջան լսելու» մշակույթը ձեւավորվեց հենց ամենասկզբից, երբ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ելույթների հերթականության մասին խոսելով ու անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` կատակեց. «Բայց ինքը ընդդիմությունի՞ց է»: ԱԺ նախագահի կատակը ընդունվեց Ա. Մինասյանի կողմից կես ժպիտ-կես ծիծաղով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

