ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Պարույր Հայրիկյանը, ինչպես հայտնի է, երեկվանից հացադուլ է սկսել: Նա հացադուլը յուրօրինակ կերպով է անցկացնելու` մեկ ժամ` 17:00 -18:00-ին, լինելու է նախագահական նստավայրի դիմաց, իսկ մնացած ժամերն անցկացնելու է եկեղեցիներում: Բողոքի այս ձեւով ԱԻՄ առաջնորդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից պարզեց` արդյոք Պ. Հայրիկյանի այս քայլը որեւէ արդյունք կտա, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը արդյունքի չհասան:
Տիկին Փոստանջյանը ցանկացած բողոքի ձեւ, իր բնութագրմամբ, նման ՙավտորիտար՚ համակարգում ողջունում է, քանի որ այլ մեթոդները քաղաքացուն հնարավորություն չեն տալիս առաջ գնալու: ՙՄարդիկ դիմում են ծայրահեղ միջոցի, որոնց թվում է նաեւ հացադուլը՚,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայրիկյանի այս քայլը ցույց է տալիս` կա բողոք հասարակության մեջ:
Իսկ արդյոք Հայրիկյանը որեւէ դրական արդյունքի կհասնի±: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ մենք ժողովրդավարության ավանդույթներ չունեցող հասարակության մեջ ենք ապրում:
- Տիկի°ն Փոստանջյան, հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը միանա Պարույր Հայրիկյանին:
- Այդ հարցը ուղղեք Րաֆֆի Հովհաննիսյանին, դա իր տիրույթում է:
- Փաստորեն, ողջունում եք ԱԻՄ առաջնորդի այս քայլը:
- Այո, կարծիք է, որն արտահայտվում է:
- Կարծիք կա (ֆեյսբուքյան մեկնաբանությունները դա են ասում), որ Պարույր Հայրիկյանն ինքնագովազդով է զբաղված:
- Պարույր Հայրիկյանը, չեմ կարծում, ունի դրա կարիքը: Նա կանգնած է անկախության մեր ակունքներում: Անհաշտ լինելը, դա է պակասում մեր հասարակությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

