ՙԵՏՄ-Ն ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՚
Ինչպես հայկական լրատվամիջոցներից մեկին ասել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուկեն, հոկտեմբերի սկզբին հնարավոր է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպի: Նախ հնարավոր հանդիպման, ապա նաեւ ԱԺ դահլիճում իր հնչեցրած հայտարարության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ, ով առաջին հարցին կարճ պատասխանեց.
-ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ եթե կա կառուցողական մտադրություն Ադրբեջանի կողմից, մենք միշտ էլ ողջունել ենք նման հանդիպումները: - Պարոն Զաքարյան, երեկ ԱԺ հայտարարությունների ժամին Դուք խոսեցիք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացման մասին: Ի վերջո, ինչպես որոշ վերլուծաբաններ են նշում, հնարավոր է, որ Հայաստան-ԵՏՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ինչ-որ մի կետում բախվեն: - Կարծում եմ, որ բախումների դաշտը զուտ աշխարհաքաղաքական դաշտն է: Բայց Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական շահերի վրա կառուցված միություն պետք է լինի: Հետեւաբար տնտեսական շահերը, որպես կանոն, միավորում են, ոչ թե հակասություններ են բերում: Հակասությունները բերում են աշխարհաքաղաքական շահերը եւ անվտանգության խնդիրները, իսկ տնտեսական շահերը միավորում են: Եվ կարծում եմ, որ այս առումով ավելի շատ համագործակցություն է լինելու, քան հակասություն: Իհարկե, բնականաբար կլինեն խնդիրներ, բայց նորից եմ ասում` տնտեսական առումով դրանք չեն խոչընդոտի, որովհետեւ մենք ԵՏՄ-ին նայում ենք որպես տնտեսական միավորում: