ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ոչ իշխանական քառյակի քննարկումը: Վերջիններս ձեւավորեցին իրենց առաջիկա քայլերի օրակարգը, որը, ինչպես նախորդները, նույնպես խոստումնալից չէր:
Ինչպես նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, սահմանադրական բարեփոխումների հարցում որեւէ համաձայնության չեն եկել քառյակը ներկայացնող խմբակցությունները, եւ յուրաքանչյուրը կմնա իր տեսակետին: Ավելին, այսօր միայն յոթ կետի շուրջն են համակարծիք ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է քառյակի խոստացած հանրահավաքին, պարզվում է` այս հարցում էլ վերջիններս դանդաղում են ու միմյանց հետ ՙլեզու չեն գտնում՚: Այս մասին Ա. Ռուստամյանը ասաց. ՙՀանրահավաքի անցկացման հարցի հետ կապված մեր պայմանավորվածությունները ուժի մեջ են, պարզապես ժամկետների հարցի հետ կապված խնդիր կա՚: Ի դեպ, պարտադիր կուտակայինի հարցով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկին, որ կրկին դիմեն Սահմանադրական դատարան, ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը դժկամությամբ, բայց ՙօդոլժենի՚ են արել իրենց գործընկերներին ու համաձայնել գոնե այդ հարցում լինել միասնական: Ինչ խոսք, քառյակի կետերը նվազում են` նրանց հետ կապված հանրության հույսերին զուգահեռ: