Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանում կրակոցը հնչել էր կեսգիշերին մոտ, ժամը 23:50-ի սահմաններում: Ըստ ոստիկանության եւ դեպքից երեքուկես ժամ հետո, արդեն սեպտեմբերի 9-ին ժամը 03:30-ին հաղորդում տված, սրճարանի սեփականատեր, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ի` այդ իրադարձությունը սկսվել, զարգացել եւ ավարտվել էր հետեւալ կերպ.
1961 թ. ծնված Աղվան Մ.-ն եւ նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն անհիմն վիճաբանության մեջ էին մտել Կարենի եւ նրա աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ, հայհոյել նրանց, իսկ Էդգարը գարեջրի շշով հարվածել էր Կարենի պարանոցին եւ փորձել դանակահարել: Չեն դանակահարել, հեռացել են: Հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգարը հետ էր վերադարձել եւ ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել էր սպանել Կարենին: Չէր սպանել ՙ...քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին՚: Էդգարին հայտնաբերել չէր հաջողվել, փոխարենը` բերման էր ենթարկվել Աղվան Մ.-ն: Կատարվում է նախաքննություն: Հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե ՀՀ քրեական օրենսգրքի ո±ր հոդվածով կամ հոդվածներով եւ ում նկատմամբ է հարուցվել քրեական գործը: