ԶԾՈՄ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
Արխիվ 12-16ԶԾՈՄ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր կատակում են, թե Կրկեսը պայթեցրել են, որպեսզի չլինի մրցակցություն քաղաքական դաշտի հետ: Եվ, իրոք, որ հետեւում ես մեր ընդդիմադիրների, հատկապես ՙնարնջագույն՚ հատվածի գործողություններին, կարող ես փաստել, որ առնվազն առաջիկա մեկ դարի համար նրանք ծաղրածուների հացը կտրել են: Նույնիսկ ամբողջովին արժեզրկվել եւ միմոսության է վերածվել քաղաքական պայքարի այնպիսի ծայրահեղ եւ դրամատիկ եղանակը, ինչպիսին է հացադուլի դիմելը: ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Հացադուլը դասական իմաստով, բողոքի գործողության այն միջոցն է, որն օգտագործվում է մնացյալ միջոցների սպառված լինելու պարագայում: Ժամանակին դա առավելապես բանտային պայմաններին հարիր միջոց էր, 1988-ին դարձավ այն ձեւը, որը լրացուցիչ սրություն էր հաղորդում փողոցներում ու հանրահավաքներում տեղի ունեցող զանգվածային ակցիաներին: Բայց վերջին տարիներին այն բավականին հետեւողականորեն արժեզրկվեց: Առաջին արժեզրկվողը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով իր հացադուլային մենակատարությունը վերածել էր շոուի եւ կոչել ՙԾոմ ազատության՚: Այնուհետ Անդրեաս Ղուկասյանը դա ՙկատարելագործեց՚ եւ իր նախագահական ամբողջ ընտրարշավը վերածեց հացադուլի: Հիմա էլ Պարույր Հայրիկյանը իր հայտարարած հացադուլը համատեղեց պահքի հետ, գալիս 1-2 ժամով անցկացնում է նախագահի նստավայրի մոտ, կամ անցկացնում է հակառուսական մանրահավաք, ուր Եվրամիության դրոշները ավելի շատ են, քան ՀՀ պետական դրոշները, եւ մնացյալ ժամանակն անցկացնում, իր իսկ խոսքով, վանքեր եւ եկեղեցիներ այցելելով: Այսինքն` նույնիսկ հավաստի ձեւով տեսանելի չէ, նա հացադուլի մեջ է, թե այդ հացադուլը նմանվում է ՀՀ 3 միլիոն քաղաքացիների ամենօրյա ՙհացադուլներին՚` նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի միջեւ:
Ինչեւէ, զուտ Եվրասիական միության դեմ հրապարակավ հանդես գալու գաղափարն այնքան քիչ կողմնակից է հավաքում, որ բացի ՙԺառանգության՚ ակտիվիստներից, գրանտածիծներից եւ Հայրիկյանի կողմնակիցներից, այդ քաղաքական կրկեսին ոչ ոք չի ցանկանում մասնակցել: Այսինքն, չեն մասնակցում ֆիզիկապես, իսկ ՙՖեյսբուքում՚ հաճույքով խորոզանում են` Հայաստանի եւ Ռուսաստանի բոլոր բարձրաստիճան իշխանավորներից վիրտուալ տարածքում ՙմեծ կտորը ականջը թողնելով՚: Դե, իսկ քարոզչական կայքերում լցված ապատեղեկատվությունները, հիսթերիկ ճիչերը եւ տարատեսակ ծակ պրոֆեսորների` վերլուծության անվան տակ մատուցած զառանցանքները ավելի լավ է չկարդալ, որպեսզի վտանգի չենթարկվի սեփական հոգեկան առողջությունը: Չնայած այդ մարազմը, միեւնույնն է, ներխուժում է նաեւ ռեալ կյանք, քանզի այդ զառանցանքները հեռարձակվում են ՙԱզատություն՚ ռադիոկայանի եթերում, եւ հետո այդ ռադիոկայանը սիրով լսող տաքսիստների իմպրովիզացիայով սղոցում են բազում քաղաքացիների ականջները, իսկ զառանցանքի հեղինակներին ժամանակ առ ժամանակ լուրջ մարդկանց հետ հավասար կանչում են իսկական հեռուստաեթեր:
Բայց կան նաեւ կադրեր, որոնք փողոցի քաղաքական կրկեսը եւ խորհրդարանական ընդդիմության գործողությունները կապակցող են: Դա, նախեւառաջ, ամերիկյան լրտեսական կուրսերից հայրենիք վերադարձած ճղճղան Զարուհի Փոստանջյանն է:
ՙՔԱՌՅԱԿՆ՚ ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ԳԼՈՒԽ ՉԻ ՀԱՆՈՒՄ
Երեկ իրենք իրենց ՙՀակահարված արտ-խումբ՚ քաղաքական խուլիգանները ԱԺ ցանկապատը զարդարել էին ՙԲարեւ Ռոբ՚ հսկայական պաստառով: Բայց թերեւս այդ` տեսախցիկներով եւ լուսանկարչական սարքերով իր հույժ կարճատեւ գոյության ընթացքում արձանագրված պաստառը արդեն կարծես մի տեսակ ժամանակավրեպ է: Ռոբերտ Քոչարյանի հոբելյանական հարցազրույցի տեսքով քաղաքական զոնդաժը ցույց տվեց, որ ոչ միայն հանրությունը ոգեւորված չէ Սեդրակիչի վերադարձի տարբերակով, այլեւ Քոչարյանի գործոնը պառակտում է մտցնում ինչպես ՙքառյակի՚ կուսակցությունների միջեւ, այնպես էլ այդ կուսակցությունների ներսում: Այնպես որ, այսօր Քոչարյանին հրապարակավ առերես ուրանում է անգամ ԲՀԿ-ն:
Իսկ թե ինչ է կատարվում ՙքառյակի՚ ներսում` նախ Զարուհի Փոստանջյանը միանգամից սկսեց խոսել անհապաղ եւ ամբողջական իշխանափոխության մասին, կուսակիցներն ու ՀԱԿ-իստները առավել կամ պակաս ձեւով նրան ձայնակցեցին: Բայց դժվար է նրանց միջեւ պարզել, թե ով է ավելի գլխավորը` Լեւոն Ակոպիչը, թե ՙԱզատության ծոմի՚ գյուտարար Րաֆֆի Ռիչարդիչը: Համ էլ, նրանց երազանքներն իշխանափոխության մասին ոչինչ են, եթե բացահայտ կամ ստվերային ձեւով դրանց զանգվածաբար չմասնակցի ԲՀԿ-ն: Իսկ ԲՀԿ-ականները հստակ որեւէ բան ասելուց խուսափում են, ժողովրդի խոսքով ասած, գլուխ են արդուկում: Ամենայն հավանականությամբ, նրանք սպասում են իրավիճակի զարգացումներին, ու, թերեւս, ռեալ խաղի մեջ կմտնեն, եթե դրա համար ստեղծվեն բարենպաստ աշխարհաքաղաքական արտաքին պայմաններ: Նույն սպասողական վիճակում է թերեւս ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի ստեղծած ՙայլընտրանքային երկրապահը՚, որի առնչությամբ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը հրապարակավ պատմեց սեփական սեռական կարողությունների մասին գլուխ գովացող ծերունու, նրա հարեւանի եւ բժշկի մասին հին անեկդոտը:
Մինչդեռ, իրոք հրատապ օրինագծերը դահլիճ են գալիս ՀՀԿ-ի ձեռամբ: Այսպես, Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած փոփոխությունները վարչական օրենսդրությունում, որ կոչված են քաղաքացիներին ազատել այն պատուհասից, որ նրանց վրա տուգանք է դրվում, իրենց չի ծանուցվում, ու հետո տուգանքները բազմապատկվում են` հանգեցնելով դրամական միջոցների վրա կալանք դնելով: Փոփոխությունների մշակմանը մասնակցել են ե°ւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ե°ւ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով Հարությունյանը, ե°ւ այլք: Մինչդեռ 2012-ին, երբ ընդունվում էր քաղաքացիների դժգոհությունը հարուցած օրենքը, այսօր իրենց ժողովրդահաճությունը ցուցադրող ԲՀԿ-ն էլ, դաշնակներն էլ, ՙԺառանգականներն՚ էլ շատ հանգիստ կողմ էին քվեարկել: Ինչեւէ, աշխատանքը հիմնականում մնում է ՀՀԿ խմբակցության վրա, իսկ ԱԺ դահլիճում քաղաքական թատրոն ցույց տալը` ՙքառյակին՚:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

