ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ «ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» Է
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ «ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» Է
Մամուլում բազմիցս գրվել է (և չի հերքվել), որ հայտնի «քաղաքագիտական վերլուծությունից» և «հրաշալի քառյակի» ձևավորումից հետո ՀԱԿԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առաջացել են բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ: Մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունների» արդյունքում ԲՀԿ-ն աստիճանաբար մաքրվեց «մարտի 1-ի» թեմայից, ներկայացվեց որպես գաղափարական քաղաքական ուժ, իսկ ԲՀԿ առաջնորդից կերտվեց «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» առաջամարտիկի կերպար: Իր նախկին դիրքորոշումներից կտրուկ հրաժարվելու արդյունքում Լ.Տեր-Պետրոսյանը մամուլի կողմից կնքվեց որպես «ԲՀԿ-ի փաստաբան», իսկ ինչպես հայտնի է` լավ փաստաբանները լավ են վարձատրվում, հատկապես այն դեպքում, երբ փաստաբանը ոչ ավել-ոչ պակաս երկրի առաջին նախագահն է:
Ասում են, թե ԲՀԿ-ի առատաձեռնության շնորհիվ է, որ ՀԱԿԿ-ն կարողանում է հոգալ գրասենյակային ծախսերը, իր կայքի աշխատակիցներին ապահովել աշխատավարձով և այլն: Սակայն տրամադրվող գումարն այնքան շատ է, որ կոնգրեսականները մի պահ չեն կողմնորոշվել, թե ինչ անել ավելցուկ գումարով, բայց Լ.Տեր-Պետրոսյանը ելք է գտել նաև այս իրավիճակից: Այդ գումարներն արդյունավետ տնօրինելու նպատակով նա իր մտերիմներին աստիճանաբար ներգրավում է տարբեր բիզնեսներում և առաջնորդվելով «սկզբում քո ծառը ջրի, հետո` ուրիշինը» սկզբունքով, Լ.Տեր-Պետրոսյանն առաջին ներդրումը կատարել է որդու` Դավիթ Տեր-Պետրոսյանի բիզնեսում: Վարդանանց 5ա հասցեում Դ.Տեր-Պետրոսյանին պատկանող տարածքում մոտ մեկ ամիս առաջ բացվել է «Impresso» սրճարանը, որտեղ կոնգրեսականների մի մասը չի հաճախում, քանի որ այն բավականին թանկարժեք սրճարան է և դասվում է էլիտարների շարքին: Փոխարենը` այցելուների թվում են ՀԱԿԿ վերնախավի մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ «այլընտրանքային» հաճախորդներ: Իսկ Դավիթ Տեր-Պետրոսյանը, ով նախկինում ակտիվորեն մասնակցում էր տարբեր քաղաքական ակցիաների և հաճախում ՀԱԿԿ գրասենյակ, նոր բիզնեսի ձեռնարկումից հետո կտրուկ դադարել է հետաքրքրվել քաղաքականությամբ, առավելևս` ՀԱԿԿ-ով: Այժմ նա փորձում է հարմարվել գործարարի իր նոր կերպարին, օգտակար կապեր ստեղծել բիզնես շրջանակներում և կուտակել սեփական կապիտալ` բիզնեսն ընդլայնելու հեռանկարով:
Հավանաբար Լ.Տեր-Պետրոսյանը կատարել է հերթական քաղաքագիտական վերլուծությունը և վերջապես ընդունել, որ ՀԱԿԿ-ն դադարել է քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալուց և վերածվել է բացառապես ԲՀԿ-ի կցորդի, ուստի այժմ նա փորձում է ստեղծված իրավիճակից քաղել առավել հնարավորը: Իր մտերիմների մի մասին նա կամաց-կամաց տեղավորում է բիզնեսի ոլորտում, իսկ քաղաքական թիմակիցներից ոմանց էլ պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղավորել ԲՀԿ համամասնական ցուցակում, որպեսզի նրանք ևս 5 տարի կարողանան օգտվել պատգամավորական մանդատի շնորհած հնարավորություններից: Լ.Տեր-Պետրոսյանն այս որոշմանն է հանգել այն պարզ պատճառով, որ լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ` հասկացել է, որ 2017թ. ՀԱԿԿ-ն որևէ պարագայում չի կարող հաղթահարել 5%-անոց շեմը, իսկ որևէ քաղաքական ուժի, հատկաես ԲՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին մտածելն իսկ ավելորդ է: Առավելագույնը, որ նա կարող է պոկել ԲՀԿ-ից, դա ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում իր մի քանի մերձավորներին տեղավորելն է:
Նման դեպքերի համար են ասում. ինչ էիք` ինչ դարձաք...

