ՄԻԱՅՆ ՄԽԻԹԱՐՅԱՆՈՎ` ԱՌԱՆՑ ՕԶԲԻԼԻՍԻ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻՆ ԱՅՆ ՉԷ
Արխիվ 12-16ՄԻԱՅՆ ՄԽԻԹԱՐՅԱՆՈՎ` ԱՌԱՆՑ ՕԶԲԻԼԻՍԻ
ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻՆ ԱՅՆ ՉԷ
Ինչպես հայտնի է` Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկը Հայաստանի ազգային հավաքականի համար բարեհաջող չստացվեց: Առաջին իսկ տուրում Հայաստանի թիմը պարտություն կրեց` արտագնա խաղում 1:2 հաշվով զիջելով Դանիայի հավաքականին:
Դեռ խաղը չէր ավարտվել, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն քննադատության թիրախում էր: Նախ այն բանի համար, որ մեր հավաքականը խաղադաշտ էր մտել հինգ պաշտպաններով եւ առանց հարձակվողի: Ճիշտ է, անմիջապես էլ հնչեցին Շալանդի օգտին բացատրություններ, թե ուրիշ ինչ կարող էր անել, եթե բացակայում էին այնպիսի առանցքային ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
Եվ իրոք, հենց խաղի ընթացքում էլ, օնլայն-քննադատությունը սկսեց մեղմվել այն բանից հետո, երբ կենտրոնական հարձակվողի դիրքում հասած Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը եւ քիչ անց էլ կարող էր կրկնապատկել այն: Բայց այն բանից հետո, երբ փոխարինվեց Մխիթարյանն, ու դանիացիներն էլ կարողացան երկու անգամ աչքի ընկնել, քննադատությունը նոր թափով սկսեց բորբոքվել:
Մխիթարյանին փոխարինելու համար, ինչ խոսք, գլխավոր մարզիչը տվեց միանգամայն տրամաբանական բացատրություն. ՙՀենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ եւ ինքը խնդրեց փոփարինում: Ես այդքան հիմար չեմ, որ հենց այնպես փոխարինեմ նրան: Դեռ պարզ չէ նրա վնասվածքի լրջությունը: Հենրիխը բախվեց դարպասապահի հետ: Կարծում եմ`վնասվածքը լուրջ չէ՚:
Այնուհետեւ սկսեցին քիչ-քիչ ըմբռնումով մոտենալ նաեւ պարտությանը: Մասնավորապես`մեկնաբանություններից մեկն այս բնույթի է. ՙԻ վերջո, խաղում էինք դրսում, այն էլ` բավականին ուժեղ դանիացիների հետ, եւ մեր լավագույն խաղացողներից միայն Հենրիխի մասնակցությունն էր բավական, որ հաղթական հաշիվ ունենային: Բայց երբ նա էլ շարքից դուրս եկավ, արդեն դիմադրելը դժվար էր, եւ 2:1 հաշիվն իր տրամաբանությունը ստացավ՚:
Սակայն դրա փոխարեն` արդեն շրջանառվում է իրավիճակը թերեւս ավելի ճիշտ ներկայացնող նման տեսակետ. ՙԻհարկե` պետք է մեր հավաքականի համար ծանր լիներ երեք առանցքային խաղացողների բացակայությունը: Բայց նաեւ հաշվի առնենք, որ թեեւ սեփական դաշտում, միեւնույնն է, դանիացիներն էլ, մեղմ ասած, չէին փայլում: Միգուցե, նրանց տրամադրության վրա ազդել էր իրենց դաշտում մեր հավաքականի հետ ունեցած նախորդ խաղի 0:4 հաշվով պարտությունը, որը ստիպում էր զգույշ խաղ ցուցաբերել: Միգուցեեւ, դանիացիներն իրոք այդքան թույլ էին: Բայց երրորդ տարբերակը, թե մեր հավաքականն էր ուժեղ եւ կարողացավ դանիացիներին պարտադրել այդքան թույլ խաղալ, հաստատ սխալ կլիներ: Տեսեք, բացակայում են թեկուզեւ առանցքային, բայց ընդամենը երեք խաղացող, եւ մեր հավաքականի խաղը (հատկապես Մխիթարյանին փոխարինելուց հետո) միանգամից դառնում է ծայրահեղ անհուսալի: Ուրեմն ի՞նչ. միայն Մխիթարյանը, Մովսիսյանն ու Օզբիլի՞սն են Հայաստանի հավաքականը. կարծես թե հենց այդպես է, իսկ մյուսները (հատկապես այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստները) միայն թիմի կազմը լրացնելու համար են: Այ, հենց դա է մեր խնդիրը, չունենք որեւէ մեկը, ով քիչ թե շատ, գոնե մի կես ժամ կկարողանա առաջատարներին փոխարինել: Եվ պատճառն էլ այն է, որ մեր հավաքականին Հայաստանի ներքին առաջնությունը գործնականում որակյալ ֆուտբոլիստներ չի մատակարարում: Ուրեմն՝ մնացել ենք այլ առաջնությունների, այնտեղ խաղացող մեր հատուկենտ ֆուտբոլիստների հույսին, իսկ այդպես որակյալ եւ, ամենակարեւորը, կայուն հավաքական չենք կարող ունենալ: Մի քանի խաղ, եթե առաջատարները մասնակցեն, կհաղթենք: Եվ վերջ, դրանից ավելիի հույսն է, որ չկա՚:
Մնում է հիշեցնել, որ Եվրո-2016-ի հաջորդ խաղում Հայաստանի թիմը հոկտեմբերի 11-ին Երեւանում կընդունի սերբերին: Չմոռանանք նաեւ, որ Աշխարհի նախորդ առաջնության նախընտրական փուլում մեր հավաքականը հատկապես անհաջող էր գործում սեփական դաշտում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

