ՙԴԵՐԱՍԱՆԸ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԵՆ ԳՏՆԵԼ, ԹԵ ՉԷ ՄԵՂՔ Է, ԿԺԱՆԳՈՏԻ՚
Արխիվ 12-16ՙԴԵՐԱՍԱՆԸ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԵՆ ԳՏՆԵԼ,
ԹԵ ՉԷ ՄԵՂՔ Է, ԿԺԱՆԳՈՏԻ՚
Հումորային ցածրորակ ներկայացումների պակաս հայկական թատերական դաշտում չի զգացվում: Ոչ խաղացանկային ներկայացումներում դրանք հաճախ են գերիշխում: Սակայն ոչ թե այն չի վերահսկվում, այլ գործում է ՙով վճարում է, նա էլ պատվիրում է՚ տարբերակը: Հ. Պարոնայնի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նույնպես չի ժխտում, որ այսօր հումորի մակարդակը բավականին ընկել է: ՙԻրավունքի՚ հետ զրույցում դերասանուհին շեշտեց, որ ունի մի սկզբունք. եթե ցածրարժեք հումորի առաջարկ է լինում անպայման հրաժարվում է: ՙԵԹԵՐԻՑ ՀՆՉՈՂ ՀՈՒՄՈՐԸ
ՈՉ ԹԵ ԳՌԵՀԻԿ Է, ԱՅԼ...՚
-Կարծում եմ` հումորի ասպարեզի իմ ընկերներն ինձնից պիտի չնեղանան, որովհետեւ կա հումոր, որն ավելի շատ ՙսպանում՚ է, քան օգնում, որ հումորը ձեւավորվի քո մեջ: Հումորի մի սահման կա, որ մի քիչ սայթաքես` շատ գռեհիկ է: Կրթելու մասին է խոսքը: Հումորը շատ բարդ բան է: Օրինակ` մեր թատրոնում ՙՏիկին մինիստրուհին՚ ներկայացման մեջ էլ հումոր կա, եւ խոր, ցավոտ, ենթատեքստով հումոր: Անպայման հեռուստատեսային հումորն էլ պիտի լինի այդպիսին: Մի սանդղակ կա, որ պիտի չիջնես: Կողմ եմ ՈՒՀԱ-ի հումորին, դա իր տեսակն է, բայց դա ՈՒՀԱ է, եւ պիտի լինի Ուրախների եւ հնարամիտների ակումբ, նրանք պիտի իրենց ուրախ եւ հանրամիտ գործն անեն: Բայց կա մի հումոր, որի համար պիտի անպայման կրթություն ունենաս ե°ւ սցենարական, ե°ւ դրամատուրգիայի առումով, որովհետեւ թատրոնում, ֆիլմերում ու հեռուստատեսային նախագծերում անպայման պետք են առողջ հումորով դրամատուրգներ: Ես չէ, որ պիտի որոշեմ հումորի չափը, բայց եթե ինձ առաջարկ է լինում ցածրարժեք հումորի, հրաժարվում եմ: Ասում են` ժամանակը ցույց կտա, թե որը երկար կապրի, փաստորեն` ժամանակը մի քիչ երկարում է, բայց ինչ արած: Իմ կարծիքով` եթերից հնչող հումորը ոչ թե գռեհիկ է, այլ կոնկրետ հասցեատեր ունի ու աշխատում է հենց այդ մարդկանց վրա: Հումորի մեջ կարեւոր է ասելիքը. այ, այդ ասելիքն է կորել այսօր: Իսկական հումորն այնպիսին պիտի լինի, որ հանդիսատեսը թեկուզ ծիծաղի էլ, հասկանա, թե ինչ էր ուզում ասել: Իսկ այսօրվա հումորները մնայուն չեն, ծիծաղում ես` անցնում, գնում է: Մեր թատրոնում կան ներկայացումներ, զգում եմ` դահլիճը միանգամից պայթում է, բայց այն ցածրարժեք չէ: Դրա համար փառք ու պատիվ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին, որ իր հեղինակավոր խոսքն է ասում: Եթե նույնիսկ ընկնում ես էմոցիայի տակ, անմիջապես զգում ես այն 3-րդ աչքը, որ հետեւում է քեզ:
ՙԿՈՂՄ ԵՄ ՍԵՐԻԱԼԻՆ, ԵԹԵ ԱՅՆ ՈՒՆԻ ՉԱՓ՚
-Նարինե°, սերիալային իրարանցման մեջ Ձեզ սերիալներում քիչ տեսանք:
- Կարծում եմ` այդ ժամանակահատվածում, երբ դերասանները զբաղված էին սերիալներում, անպայման պիտի լիներ այդ անցումային փուլը: Պիտի լինեին այդ 700 կամ 300 սերիաներից բաղկացած սերիալները, հետո դրանք պիտի կրճատվեին ու դառնային 36, 18, հետո 8 սերիա... Բայց դերասանը պարբերաբար պիտի իր աշխատանքն ունենա, որովհետեւ անցել է երկար ճանապարհ եւ դրա համար պիտի գնահատվի: Իսկապես, արժեքները պիտի սկսեն գնահատվել: Այդ սերիալային եռուզեռի էտապում բոլորս զզվեցինք, բայց դերասանի կյանքն ինչ-որ տեղ կայունացավ, որովհետեւ ստացավ ստաբիլ աշխատավարձ: Ինձ թվում էր` մեր պետական այրերը մի կրակոցով 2 նապաստակ սպանեցին` դերասանի աշխատավարձը բարձրացավ, եւ հեռուստադիտողն ունեցավ ընտրության հնարավարություն: Բայց դարձյալ չափի մասին է խոսքը` չափը խախտվեց: Որ ալիքով պտտում էիր, այս մի սերիալն էր լացում, այն մի սերիալն էր լացում, եւ ես ամուսնուս` դերասան Վարուժան Մանուկյանին ասացի` ինչ երջանիկ ենք մենք, որ մարդկանց ծիծաղ ենք պարգեւում, ոչ թե լաց: Դա շատ ավելի կարեւոր էր, որովհետեւ եթե ես լացեմ, ավելի դժբախտ լինեմ կամ ավելի գռեհիկ ու վատն ասեմ, որեւէ մեկն իմ ճակատը չի համբուրի: Գուցե դա հաշվի առնելով` մեզ կոնկրետ սերիալի առաջարկներ չարվեցին, այլ հումորային մանրապատումների, ինչը սիրով ընդունեցինք, որովհետեւ եթե թեթեւություն ես մարդկանց տալիս, այն քեզ վերադառնում է: Ես իսկապես կուզեի, որ լինի կոնկրետ հետուստատեսային ծրագիր` նախագիծ, որ այս կամ այն հեռուստաընկերությունը համագործակցի տարբեր թատրոնների դերասանների հետ, ոչ թե, ինչպես ընդունված է բոլոր սերիալներում, նույն դեմքերը: Հետո ՙլավագույն ավանդույթ՚ ունենք` անպայման կրկնում ենք ռուսական ալիքներին: Ես հիմա անհամբեր սպասում եմ, որ պիտի լինեն 36, 16, 8 սերիաներից բաղկացած սերիալներ: Դեմ եմ երկար սերիալներին, որովհետեւ թեման ծամվում է, ու բոլորը հոգնում են, կյանքն այլ քայլերով է առաջ ընթանում: Ես կողմ եմ սերիալին, եթե նա ունի չափ եւ տարբեր դերասանական դեմքեր:
ՙՍԵՐԻԱԼԸ ՀՈ ՋՐԻ ՆՄԱՆ ՉԷ...՚
-Բայց երբեմն կա դաժան տարբերակ, երբ փաղոցից բերված դերասանն է խաղում սերիալում:
- Ոչ: Երբեւէ փողոցից բերված դերասան, թեկուզ եւ շատ տաղանդավոր լինի, չենք ուզում, եղբայր, մենք ճանապարհ ենք անցել, կրթություն ասվածը հենց այնպես չէ: Մարդիկ 5 տարի սովորել են, այդ տարիների ընթացքում գոնե 50 գիրք կկարդան, կիմանան ինչ է նշանակում սցենարը, պիեսը, աճը, զարգացումը, կուլմինացիան... Պարտադիր կանոններ գոյություն ունի, սերիալը հո ջրի նման չէ, որ գնա, մինչեւ դիտողները մահանան, ու դերասաններն էլ քեզ հետ ծերանան ու վերջանա: Եթե լինեն փոքրիկ սերիալներ, դերասաններն էլ զբաղված կլինեն, գինն այլ կլինի: Դերասանը պիտի կարողանա գործի մեջ իրեն գտնել, թե չէ մեղք է, կժանգոտի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

