ՙՕր առաջ պետք է սկսել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործի միջազգայնացումը իրավական տիրույթում, պետք է դիմել Եվրոպական դատարան՚: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը: Ըստ միջազգային իրավունքի մասնագետի.
-Ակնառու է, որ նա չէր կարող դիվերսանտ լինել: Բայց եթե անգամ դիվերսանտ էր, չի նշանակում, որ պետք է խոշտանգվեր: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում, քաղաքացին գտնվել է նրա իրավազորության ներքո, այսինքնª պատասխանատվությունն ընկնում է այդ պետության վրա: Մեր պետությունը պետք է իրավական պաշտպանության միջոց ապահովի ծնողների համար: Դա պետք է լինի դատական գործընթաց, որի շրջանակներում պետք է պարզել ճշմարտությունը: Պետք է հարուցվի քրեական գործ, նրա ծնողները ճանաչվեն տուժող, եւ պետք է սկսել քննություն: Եվրոպական դատարան դիմելիս` Կարեն Պետրոսյանի գործը եւս պետք է դրվի քսենոֆոբիայի կոնտեքստում. կյանքից զրկվեց, որովհետեւ հայ էր, ինչպես Գուրգեն Մարգարյանը, Մանվել Սարիբեկյանը եւ այլք: Կարեւոր է ապացուցել, որ այսպիսի քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով: Մեր պետությունը կարող է մի քանի գործերի հիման վրա միջպետական գանգատ ներկայացնել Ադրբեջանինª կոնվենցիայի հիմքով: Պետք է դիմել ՄԱԿ-ի դատարան, Եվրոպական դատարան: Հաղթելու հավանականությունը մեծ է, որովհետեւ շատ փնթի գործ են արել, անգամ չեն ցանկացել բեմականացնել` ինչպես Սարիբեկյանի դեպքում էր: Հումանիտար կողմը, մարդու իրավունքները դրել են մի կողմ. ուղղակի իրենց նպատակն էր ցուցադրել, թե հայերի հետ ինչ կարող են անել: Եվ, իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ այս ամբողջը պետք է դրվի հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի կոնտեքստում, եւ գործն այդպես ներկայացվի: Որովհետեւ ես ուզում եմ պնդել, որ Կարենը կյանքից զրկվել է, որովհետեւ նա հայ էր: