ՙՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ՚ ԶՈՀԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՙՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ՚ ԶՈՀԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Իրավապահները չեն զլանում հաճախական պարբերությամբ զգուշացնել բնակչությանը, որ վիրտուալ շփումները որքան դյուրին են, այնքան էլ` վտանգավոր: Դրանում համոզվելու համար ոստիկանությունը իր կայքում ներկայացնում է կոնկրետ դեպքեր, երբ ՙՕդնոկլասնիկի՚-ում ընկերներ դարձած անձինք հայտնվում են դատարանում հայցվոր-պատասխանողների եւ, ցավոք, մեղադրյալների, տուժողների, նսեմացված վկաների կարգավիճակում...ՍԻՐՈ ՙԱՆԳԼՈ-ՀԱՅԿԱԿԱՆ՚ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ջուլիետտան ծանոթացել էր Մուշ Բաղդասարյանի հետ 2013թ. ապրիլին: Ծանոթությունը հնարավոր էր դարձրել ՙՕդնոկլասնիկի՚ սոցիալական ցանցի շնորհիվ: Բայցª ոչ միայն. արդեն մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերած Մուշը խոստովանել էր, որ Ջուլիետտան սկսել էր իր նամակներին պատասխանել այն բանից հետո, երբ ինքը խորամանկել ու հայտնել էր, թե գտնվում է Անգլիայում: Այդ դրվագը Մուշը դատարանում մանրամասնել էր այսպես. ՙԱնգլիայում իմ` իբր գտնվելու մասին նշել էի նրա համար, որ Ջուլիետտան վերջապես պատասխանի իմ բազում նամակներին, որն էլ տվել էր իր արդյունքը, եւ Ջուլիետտան սկսել էր պատասխանել ինձ՚:
Շուրջ 2 ամիս անց Մուշը ՙվերադարձել՚ էր Հայաստան, եւ կայացել էր նրանց առաջին հանդիպումը: Մուշը ներկայացել էր որպես Անգլիայում բնակվող բռնցքամարտիկ եւ տեղեկացրել էր աղջկան, որ Հայաստան է եկել կարճ ժամանակովª ամուսնանալու նպատակով: Ամիսուկես անց Մուշն ամուսնության առաջարկություն էր արել եւ Ջուլիետտան ընդունել էր այն: Այդ օրը Մուշն իր սիրեցյալ էակին նվիրել էր ադամանդյա քարով մատանի եւ հեռախոս...
ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Օգոստոսի 24-ին տեղի էր ունեցել սիրահարված զույգի նշանադրության արարողությունը, որը ռեստորանում կազմակերպել էին Ջուլիետտայի ծնողները: 2013թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել էր հարսանիքի օրը: Բայց...
Նշանի մատանին աղջկա մատին հագցնելուց հետո միայն Մուշը խոստովանել էր, որ ճիշտ չի ասել, թե Անգլիայից է եկել: Ջուլիետտան նեղացել էր, սակայն, հավատալով տղայի խոստումներին` ներել էր նրան: Ներման ՙարարողությունը՚, ըստ Մուշի, տեղի էր ունեցել փոքր-ինչ այլ կերպ. Ջուլիետտան ասել էր, որ այդ նորությունը մարսելու համար իրեն ժամանակ է պետք, եւ մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 17-ին, պատասխանել էր, որ այդ ամենն իրեն չի հետաքրքրում, որ իրենք երկուսն էլ սիրում են միմյանց եւ ինքը ցանկանում է լինել Մուշի հետ: Հարսանեկան պատրաստությունները շարունակվել էին մինչեւ սեպտեմբերի 24-ը. այդ օրը Մուշն ու նրա մայրը հրավիրվել էին Ջուլիետտայենց տուն, եւ աղջկա մայրը կտրականապես հայտարարել է. ՙՀասանիք չի լինելու, մենք այդպես ենք որոշել՚:
ՈՎՔԵՐ ԷԻՆ ՙԱՅԴՊԵՍ՚ ՈՐՈՇԵԼ
Մերժված երիտասարդը չէր ցանկացել հավատալ, որ այդ որոշումը կայացրել էր Ջուլիետտան, սակայն ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրերին նրան չէր հաջողվել զրուցել իրª արդեն նախկին նշանածի հետ` առանց որեւէ մեկի ներկայության, իսկ Ջուլիետտան փոխել էլ իր հեռախոսահամարը: Իր նկատմամբ Ջուլիետտայի զգացմունքները հստակեցնելուն ուղղված համառությունը երիտասարդի համար ավարտվել էր... մեղադրական հետեւյալ եզրակացությամբ. ՙ2014 թվականի հունվարի 21-ին Մուշ Սարգսի Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքի կատարման համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 27-ին ժամը 14:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Արծրուն Հայրապետի Հայրապետյանի հետ, Երեւան քաղաքի Ազատության փողոցի թիվ 22 հասցեում գտնվող ՙՊրես Ստենդ՚ ՍՊԸ-ին պատկանող կրպակի մոտ բռնության գործադրմամբ, այն է` գրկելով իր նախկին նշանած Ջուլիետտա Կարենի Մկրտչյանին, նրա կամքին հակառակ նստեցրել է Ա. Հայրապետյանի կողմից վարած ՙՄերսեդես՚ մակնիշի ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգել` տանելով դեպի Երեւանի Թբիլիսյան խճուղի, որի ընթացքում Ջ. Մկրտչյանն ավտոմեքենայի մեջ համոզել է նրան, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք Ջ. Մկրտչյանին կրկին վերադարձրել են նույն վայր՚:
Քրեական գործ հարուցելու փաստն ինքնին պատասխանում է այն հարցին, թե ինչպիսին էր Ջուլիետտայի դիրքորոշումը Մուշի համար չարաբաստիկ որոշումը կայացնելու ժամանակ: Այնուամենայնիվ, բացերը լրացնելու համար, ներկայացնենք Ջուլիետտայի ցուցմունքը դատարանում. ՙ... Դեպքից հետո գնացել եմ քրոջս տուն, ինքնազգացողությունս վատ լինելու պատճառով, այդ օրը հանգստացել եմ, իսկ հաջորդ օրը դիմել եմ ոստիկանություն: Իմ կարծիքով` Մուշը մտածել էր, որ ես իրեն սիրում եմ, ուզում եմ նրա հետ լինել, իսկ իմ տանեցիները դա չեն թողնում: Չգիտեմ, թե դա ինչպես է իր ուղեղը մտցրել...՚:
Նշանադրության մատանին աղջկա հայրը վերադարձրել էր Մուշի մայրիկին ոստիկանության մոտ` դեպքից մոտ մեկ ամիս հետո:
ԿԱՏԱՐՎԵԼ ԷՐ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՈՉ
2014-ի հուլիսին առաջին ատյանի դատարանը վճռել էր. ՙՃանաչել եւ հռչակել ամբաստանյալ Մուշ Սարգսի Բաղդասարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ՚: Դատարանը համարել էր, որ դատաքննությանը չէին ներկայացվել բավարար ապացույցներ Մուշի կողմից հանցավոր գործողություններ կատարելու վերաբերյալ: Հասկանալի էª մեղադրողը չէր համաձայնել դատավճռին, բողոք էր ներկայացրել վերադաս դատարան, եւ ներկայումս գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:
Հիմնավորված է դատախազության անհամաձայնությունը դատավճռի հետ, թե ոչª մեր խնդիրը չէ: Սակայն ընթերցողը կաշկանդված չէ իր մեջ եփել որոշ հանգամանքներ...
24-ամյա երիտասարդը սիրահարվել էր եւ պատրաստ էր ցանկացած ստի ու հիմարության` սիրված լինելու ու սիրված մնալու համար:
Ջուլիետտայի ցուցմունքից. ՙՄեքենայի մեջ տեսնելով, որ ես անդրդվելի եմ, Մուշը հանել էր ատրճանակը, դրել է իր գլխին եւ ասել, որ ինքնասպան կլինի, եւ ստիպված կլինեմ այդ տեսարանով ապրել ողջ կյանքում: Դրան նույնպես ես տեղի չտվեցի: Մուշն ասաց, որ ավելի լավ է խփի նրանց, ովքեր սուտ տեղեկություններ են տվել իր մասին... Այդ իրավիճակից դուրս գալու համար ես Մուշին խոստացել էի տանեցիներից թաքուն, շաբաթական երկու անգամ հանդիպել նրա հետ, տվել էի իմ նոր հեռախոսահամարը եւ խոստացել է նրա հետ շփվել: Այդ ամենը տեւել է մոտ մեկ ժամ 15 րոպե...՚:
Իհարկե, հիմարություն կլինի ամեն բան բարդել համացանցային վիրտուալ սարդոստայնի վրա, սակայն ինչպես չհայտնվել դրա իրական հյուսվածքների մեջ` խորհել, կարծում եմ, արժե:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

