ԱՊՐԵԼ` ԱՊՐԵՑՆԵԼՈՎ...
Արխիվ 12-16Այսօր` սեպտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ Հայ առաքելական եկեղեցու ՙՍուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ՚ բարձրագույն շքանշանը կհանձնի հայ անվանի վիրաբույժ-ուռուցքաբան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր ՀԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի ողջույնի խոսքն այդ առթիվ:
Վեհափա°ռ տեր, հարգարժա°ն ներկաներ
Այսօր հայոց հավատքի, հոգեւոր կյանքի սուրբ ոստանում հարգանքի ու գնահատանքի տուրքն է մատուցվում հայրենի առողջապահության, բժշկական գիտության ու կրթության ականավոր դեմքերից մեկին` Հայրապետ Գալստյանին, իր 75-ամյա հոբելյանի առթիվ: Ես հատուկ չեմ թվարկի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Հայրապետ Մեսրոպի Գալստյանի բոլոր արժանավոր կոչումները, պարգեւները, քանզի դրանք հանրահայտ են եւ միայն արտաքին նշաններն են այն մեծ առաքելության, որը կոչվում է մարդու կյանքի փրկություն եւ իրականացվում է ահա արդեն 54 տարի շարունակ:
Սիրելի° հոբելյար, սիրելի° Հայրապետ Մեսրոպազն (թող թույլ տրվի ա°յս կերպ, փոքր-ինչ անսովոր, բայց հայավարի դիմել Ձեզ գոնե այսօր), Դուք երջանիկ մարդ եք, քանի որ քաջաբար ընտրել եք Ձեր նպատակն ու անելիքը մի, քիչ է ասել` չափազանց ծանր, բնագավառում, որ կոչվում է ուռուցքաբանություն: Գուցե թե հեշտ է ենթադրել, սակայն դժվար է պատկերացնել, թե ամենօրյա ինչպիսի¯ մաքառում, ջանքեր, երբեք սովորական չդարձող հոգեկան ցնցումներ, մասնագիտական անակնկալներ ու նենգ առեղծվածներ է պարունակում պայքարն այդ հիրավի մահուկենաց ճակատում: Մարդու էությունը, բնավորությունը լավագույնս ճանաչվում են հենց բախտորոշ պահերին: Իսկ որքա¯ն այդպիսի պահերից է հյուսված Ձեր մասնագիտական ու մանավանդ մարդկային կենսագրությունը, որն, ի դեպ, Ձեր դեպքում պարզապես միեւնույնն է:
Ապրել` ապրեցնելո°վ… Սա° է Ձեր կյանքի բանաձեւը, Ձեր կենսակերպը:
…75 տարի առաջ Ձեր հայրն ու մայրը մի երջանիկ, ասես ի վերուստ թելադրված պայծառատեսությամբ կնքել են Ձեզ որպես Հայրապետ. ասել է թե` Ձեր գալստյամբ (եւ°ս մի կանխատեսում) պետք է ՙհայր՚, ՙպետ՚ ու փրկարար դառնաք հազարավոր տառապյալների համար` Ձեր եւ Ձեր գործընկերների ձեռքերով ընծայելով նրանց ապաքինում, ցավի ամոքում ու սփոփանք… Իսկ երբ, ավա¯ղ, ո±ւշ է լինում, չի± հաջողվում… Ասում են` ամեն մարած կյանքի հետ մարում է նաեւ ճշմարիտ բժշկողի կյանքից խլված մի մոմ: Ահա եւ` որպեսզի չլինեն, նվազագույնի° հասնեն կորուստները, անխուսափելի ողբերգությունները, վիրտուոզ վիրաբույժ, գիտնական եւ ուսուցիչ Հայրապետ Գալստյանը, ինչպես մտերմաբար ասում են` ՙՀայրո Միխայլովիչը՚, իր փորձն ու գիտելիքները, իր հետազոտություններն ու դիտարկումները շարունակում է 400-ից ավելի գիտական աշխատություններում, 6 ծանրակշիռ մենագրություններում, հմտորեն փոխանցում իր ղեկավարությամբ 12 գիտության դոկտորի, 43 գիտության թեկնածուի ատենախոսություններ պաշտպանած մասնագետներին, ապագա բժիշկներին:
Անշուշտ, ոչ մասնագետին քիչ բան են ասում նրա գիտական աշխատությունների անվանումները: Սակայն դրանց իմաստուն բովանդակությունը շատերի համար ճանապարհ է հարթում դարձյալ դեպի դաժանագույն հիվանդության հաղթահարումը, դեպի կյանքը…
Ո±րն է այս աննկուն նվիրման, ինքնաայրման գաղտնիքը:
Մի տարօրինակ կերպար կա վոլտերյան ՙԿանդիդ՚ փիլիսոփայական վիպակում: Պանգլո°ս է անունը, որ դարձել է անհիմն, անպատասխանատու լավատեսության հոմանիշը: Բոլորովին այլ է Գալստյան-բժշկապետի լավատեսությունը` հանգի°ստ, հուսադրո°ղ, հիվանդներին սրտացավությամբ ու հոգատարությամբ ոգեւորող եւ ես կասեի` շատ հաճախ հրաշքներ գործող: Դրա համար էլ, առանց երախտաշատ պրոֆեսորին զարդարող բարությունն ու համեստությունը չարաշահելու, կարող ենք վերաիմաստավորել հանրահայտ երգի խոսքերը` Ձեր տարիները ոչ միայն Ձեր, այլեւ մե°ր հարստությունն են…
ՙՍուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ՚ շքանշանի նորընծա° ասպետ, մեծարգո° հոբելյար, շնորհավոր Ձեր փառավոր 75-ամյակը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր

