«ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ՉՊԱՏԺԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ, ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ՉՊԱՏԺԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ, ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է»
«Իրավունքը» բացառիկ հարցազրույց ունեցավ Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Բնականաբար, գեներալ-լեյտենանտի հետ նախ զրուցեցինք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տիրող լարվածության, ապա երկրապահի` այլընտրանք չունեցող կարեւորության եւ ներքին ու արտաքին դավաճանների մասին:
«ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆՔ ՄԵԶ
ՀՈՇՈՏԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ՑԵՂԵՐՈՎ»
-Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, ինչպես տեղյակ ենք, օրերս ԵԿՄ-ն` Ձեր գլխավորությամբ, գտնվում էր Արցախի սահմանապահ դիրքերում: Բավական լարված ամառվանից հետո ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը:
- Երկրապահական ուխտագնացությունն ամենամյա է` ավանդական: Ուխտագնացությունն սկսվում է մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Արարատից ու անցնում Հայաստանի բոլոր բնակավայրերով: Դեպի Արցախ ուխտագնացությունն իրականացվում է Գիտելիքի օրվան եւ Արցախի անկախության օրվան ընդառաջ: Օգտվելով առիթից` մեկ անգամ եւս ջերմորեն ամենքիս շնորհավորեմ այս տոների կապակցությամբ, անչափ կարեւոր մեր անկախության կապակցությամբ: Արցախում մենք լինում ենք ամեն մի շենում, շփվում ենք սահմանապահ ժողովրդի հետ, նաեւ` այցելում ենք մեր զոհված մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշարձաններ: Երկրապահ ուխտագնացները նպաստում են սահմանաբնակ ժողովրդի ոգու ամրապնդմանը, հավաստիացնում ենք, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի: Սակայն ես խոստովանեմ, որ Արցախում ինքս եմ նոր լիցքեր ստանում մեր հերոսական, հպարտ ժողովրդից, սահմանին կանգնած, սահմանին ապրող մարդկանց քաջությունը տեսնելով` ես է՛լ ավելի ամուր եմ կանգնում մայր հողին:
Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա արդեն 25 տարի է` նույնն է: Ժամանակ առ ժամանակ լինում են առանձնակի սրացումներ, բայց բարդություններ, դժվարություններ այս մեր տարածաշրջանում մենք ունեցել ենք միշտ. ե՛ւ այսօր, ե՛ւ 1000 տարի առաջ, եւ 1000 տարի հետո նույնն է` շրջապատված ենք մեզ հոշոտելու պատրաստ թշնամական ցեղերով, եւ որպեսզի մեր ազգային իղձերն իրականացնենք, պետք է ուժեղ լինենք, պետք է միասնական լինենք: Պետք է լինենք լավ զինվոր, լավ դիվանագետ, լավ նկարիչ ու մտավորական, բայց ամենակարեւորը` լինենք միասնական, գործենք միասնական ազգային, պետական ծրագրի շրջանակներում:
- Կարո՞ղ ենք վստահ լինել, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը երկարատեւ լռություն կպահպանի, թե՞ նոր «անակնկալներ» կլինեն, ինչին պետք է պատրաստ լինի հայ զինվորը:
- Բազմիցս ասել եմ, դարձյալ կրկնեմ: Հայ ժողովուրդը օրվա 24 ժամն էլ պետք է զգոն լինի, թուլանալու իրավունք չունենք: Մենք պետք է ինքներս մեզ, մեր տունը, մեր մայրերին, քույրերին, մեր հայրենիքն ու պետությունը պաշտպանելու ունակ լինենք: Հանուն խաղաղության մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Միայն Ադրբեջանը չէ, կան Թուրքիան եւ այլն, շատ չընդարձակվեմ: Մենք պետք է անընդհատ հիշենք, որ վերեւում Աստված է, ներքեւում` մեր ծնողները, մեր մայրերը, իսկ առջեւում մեր անկախությունն է, մեր պետությունը, մեր ազգն ու երկիրը:
«ՄԻԹԵ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՊԱՏԵՐԱԶՄԱԾ ՏՂԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՆ ԽԱՂԱԼԻՔ ՕՏԱՐ
ՈՒԺԵՐԻ ՁԵՌՔԻՆ»
-Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք այն, որ սահմաններում տիրող օգոստոսյան ամենալարված օրերին ազատամարտիկներից շատերը բարձրացան դիրքեր:
- Երկրապահ ազատամարտիկը մեկ անգամ է երդում տալիս: Երկրապահը մեկ անգամ է սահման գնացել եւ մինչ օրս էլ սահմանին է: Սահմանին կանգնած զինվորականներն էլ, սահմանաբնակ մեր ժողովուրդն էլ երկրապահ են, ազատամարտիկ են: Մենք արդեն 25 տարի սահմանին ենք: Եվ չենք էլ վերադառնալու սահմանից, կանգնելու ենք, պաշտպանելու ենք մեր սրբությունները, մեր հայրենիքը, մայրերին, կանանց, քույրերին:
- Երբ մեր հայրենիքի սահմաններում լարվածություն էր, կարծես թե ազգովին բռունցքվեցինք, բայց էլի եղան ինչ-որ ՀԿ-ներ, անհայտ գրանտներից սնվող ուժեր, ովքեր խոսում էին ադրբեջանցիների հետ տոլմա փաթաթելու ու հայ-ադրբեջանական եղբայրության մասին: Ի՞նչ կասեք հայի այս տեսակի մասին, ու ինչպե՞ս պետք է պայքարել նրանց դեմ:
- Մի քանի անգամ ասել եմ, որ հայ ժողովուրդն ինքն է իր բախտի տերը, իր ճակատագիրը որոշողը: Միասնական լինենք` բոլոր մեր նպատակները կիրագործվեն: Դրսի թշնամական ուժերը, բնականաբար, կփորձեն գումարներ ներդնել, որպեսզի ներսում խառնակություններ առաջացնեն: Դրսի այդ ուժերի հատուկ ծառայություններն արդեն անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց վերլուծություններով` Հայաստանում կարելի է պետությունը թուլացնել, ժողովրդին, սահմանը թուլացնել, եթե կարողանան օգտագործել պատերազմի մասնակից տղաների: Բայց մի՞թե հանուն հայրենիքի պատերազմած տղաներն այսօր կդառնան խաղալիք օտար ուժերի ձեռքին եւ կօգտագործվեն հայ ազգի, հայոց պետականության դեմ: Ես չեմ ուզում հավատալ, թե նման բան կլինի: Իսկ եթե կլինեն էլ նման մարդիկ, ապա նրանք խստորեն պատժվելու են: Նրանք դաժան պատժի են արժանանալու: Եթե ժողովուրդն էլ չպատժի դավաճաններին, Աստված պատժելու է, որովհետեւ հայ ազգը Աստծո զավակ է: Թող հասկանան հայ ազգին դեմ գնացող հայանունները, թե ում թելն են իրենք թելում եւ թող զգուշանան արդար պատժից:
«ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԻՆ ՊԱՏԺԵԼՆ ԷԼ Է ԵՐԿՐԱՊԱՀԻ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
-Թշնամին մեզ պարտադրեց թեժ ամառ ու արժանի հակահարված ստացավ: Արդյոք սա խթան կդառնա՞, որ ոչ իշխանական քառյակի խոստացած ներքաղաքական թեժ աշունը չլինի, քանի որ ժամանակն է գիտակցել, որ մեր թշնամին սահմանից այն կողմ է գտնվում:
- Ես որքան գիտեմ` մեր թշնամին հոխորտացող ադրբեջանցին է: Թուրքն է փորձում Հայաստանի ներսում խժդժություններ ստեղծել: Եթե կան հայեր, որ փորձելու են ներսից մեր երկիրը քանդել, դրանք հիմարիկներ են, որոնք հաջողություն չեն ունենալու: Եթե կլինեն մարդիկ, որ կփորձեն մեր երկիրը, մեր անկախությունը վնասել, ապա ինձ համար, երկրապահի համար միեւնույն է, թե ովքեր են դրանք: Ես ասել եմ, որ անհրաժեշտության դեպքում Բաքվում գործեր ունեմ: Ուրեմն, եթե ներսում դավաճաններ լինեն, դրանց հետ ես «պոլնի» գործ ունեմ: Ներքին թուրքին պատժելն էլ է երկրապահի առաքելությունը:
Իսկ եթե խոսքը նորմալ, քաղաքակիրթ քաղաքական պայքարի մասին է, ապա ոչինչ չունեմ ասելու, բոլոր քաղաքական ուժերն էլ իրավունք ունեն օրենքի սահմաններում, օրինական ճանապարհով ներկայացնել իրենց մոտեցումները, հարկ եղած դեպքում նաեւ դժգոհությունները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Շարունակությունը` վաղվա տպագիր «Իրավունք»-ում:

