ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒՑ
Երեկ ԱԺ-ում քննարկման էր ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախապես այն պետք է ներկայացներ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց իր առաջին տեղակալ Պապյանը: Դա զարմանալի էր, քանի որ հարցը խիստ կարեւոր էր, եւ կառավարությունը խնդրել էր Աժ-ին` այն քննարկել 24 ժամվա արտակարգ ռեԺիմով: Իհարկե ծագեցին բազում հարցեր, թե ինչն էր այդպիսի շտապողականության պատճառը, ինչու ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել, եւ վերջապես ինչ օգուտ կտա այս օրենքի փոփոխությունը բնակչությանը եւ ինչ վնաս` բիզնեսին:
Այս հարցերի պատասխանը փոխնախարարը հստակ տալ չէր կարողանում: Հավանաբար չէր կարող նաեւ համոզիչ պատասխաններ ունենալ ինքըª նախարարը, եւ հենց դա է պատճառը, որ որոշել էր խուսափել ԱԺ պատգամավորների հետ շփվելուց: Օրենքի փոփոխության այս նախագծի պատճառների եւ նպատակների մասին որեւէ բան հնարավոր չէ հասկանալ նաեւ Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորումից: Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն` նշվում է, ինչ-որ ՙՕրհուսի՚ կոնվենցիայի պահանջների, օրենքի համապատասխանեցումը եւ ՀՀ-ի ՀԿ-ների ներկայացրած առաջարկությունների ընդունումը: Թե հատկապես որ ՀԿ-ների մասին է խոսքը, փոխնախարարը այդ հարցին էլ չկարողացավ պատասխանել: Դրա փոխարեն` մի շարք ՀԿ-ներ հայտարարեցին, որ որեւէ քննարկման չեն մասնակցել եւ արված փոփոխությունների հետ համաձայն չեն: Իսկ որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ բիզնեսի որոշ տեսակներ ՙԼիովին կհամապատասխանեն ՙՕրհուսի՚ կոնվենցիայով նախատեսված պահանջներին՚: Ինչպես հայտնի է, այդ չարաբաստիկ ՙՕրհուսի՚ կոնվենցիան ստեղծվել է ոչ թե վերջին 2,5 ամսվա ընթացքում, այլ շատ վաղուց, իսկ թե ինչու հենց հիմա եւ այդքան հրատապ կարգով Արամայիս Գրիգորյանի մոտ անհրաժեշտություն առաջացավ մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այդ ՙՕրհուսին՚, այդպես էլ գաղտնիք մնաց: Ինչպես գաղտնիք մնաց, թե այդ համապատասխանեցնելը ինչ է տալու մեր ժողովրդին: Բայց դե, ներկայիս նախարարի մտքով նման մանրուքներ չեն էլ անցնում: