ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու կառավարության փոփոխությունից հետո փոփոխություններ եղան նաեւ օրենսդիր մարմնում: Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի նշանակվելուց հետո պատգամավոր դառնալու հերթը Վազգեն Կարախանյանինն էր, ով ըստ մամուլում շրջանառվող լուրերի` չէր ցանկանում թողնել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը եւ զբաղվել օրենսդիր գործունեությամբ: ՙԻրավունքն՚ այսօր այս, ՙքառյակի՚ գործողությունների, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի, ՀՀԿ-ի ինքնամաքրման գործընթացի մասին հարցեր ուղղեց պատգամավորին: -Պրն Կարախանյան, որպես պատգամավոր` ինչ հարցեր եք բարձրաձայնելու ԱԺ-ում եւ հետամուտ լինելու դրանց լուծմանը: Եվ հավաստի էին այն հրապարակումները, որ չէիք ցանկանում պատգամավոր լինել:
- Մամուլն ինչ ասես գրում է, մեկ-մեկ էլ ճշմարտությունն է գրում, որի համար շնորհակալ եմ ազնիվ լրագրողներից: Ինչ վերաբերում է իմ կողմից բարձրացվելիք հարցերին, ասեմ, որ պատանի տարիքից մինչ այսօր մի խնդիր կա իմ առջեւ` տեսնել Հայաստանը հզոր, սահմանները` ամրակուռ:
- ՙՔառյակը՚ մեղադրում է իշխանություններին` սեփական եւ այլ խնդիրները չլուծելու համար, ավելին` պատրաստվում է նաեւ ակտիվ գործողությունների:
- ՙՔառյակի՚ հայտարարություններում կան ճշմարտության հատիկներ, բայց հիմնականում ցեխ շպրտելով, գործին չնվիրվելով, ներողություն եմ խնդրում, նաեւ գլուխ պահելով… նման գործելաոճը հարիր չէ քաղաքական գործչին: ՙՔառյակը՚ պետք է իր համեստ լուման ներդնի երկրի բարգավաճման համար:
- Բացի ՙքառյակից՚` օրեր առաջ քննադատությամբ հանդես եկավ նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իշխանությանն ուղղված քննադատություններին ինչպե±ս եք արձագանքում:
- Անկեղծ եմ ասում, ծանոթ չեմ: Դժվարանում եմ ասել` նախկին նախագահն ինչ դիրքերից եւ ինչ սկզբունքներով է քննադատում իշխանությանը: Չեմ կարծում, որ նա դրա իրավունք ունի, քանի որ որեւէ բան չի փոխվել. ներկա իշխանությունը հաջորդել է նախկին իշխանությանը:
- Քոչարյանի վերադարձը հնարավո±ր է:
- Աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Ճիշտն ասած, վերադարձի հիմքերը չեմ տեսնում:
- Ինչո±ւ:
- Նա կատարեց իր դերը, իր լուման ներդրեց շինարարության գործընթացում: Կարծում եմ` նորերը պիտի գան, ավելի նվիրյալները, որոնք կնվիրվեն պետության ամրապնդմանը:
- Պրն Կարախանյան, ԱԺ ընտրություններից առաջ` ՀՀԿ համամասնական ցուցակի ձեւավորումից հետո հայտարարել էիք. ՙՑուցակում ներկայացվեցին մարդիկ, որոնք, մինչեւ անգամ կասկածում եմ, որ կուսակցության արժեհամակարգը կամ գաղափարախոսությունն ընդունում են, թե չեն ընդունում՚: Այդ մարդկանց հետ հիմա ինչպես եք աշխատում:
- Ճիշտն ասած, պարտադիր չէ, որ բոլորը բոլորի հետ աշխատեն: Ամեն մեկն իր գործն է անում: Վարար գետն իր հետ տանում է ե°ւ շինարարական, ե°ւ կենցաղային եւ տարբեր տեսակի աղբ: Բայց, ի վերջո, գետը հասնում է իր նպատակին. ջրում ենք ծառերը եւ պտուղ ստանում: Մարդու օրգանիզմն էլ իր մեջ լավ բաներ ունի: ՀՀԿ ցուցակում ընդգրկված այդ մարդիկ այլ ճանապարհով պետք է գնային: Կարծում եմ` կուսակցությունը պետք է շատ անարատ լինի: Ես սովետական տարիներին ընդհատակում եղել եմ եւ գիտեմ, որ մինչեւ վերջ պետք է անձը ուսումնասիրված լիներ, հետո անդամագրվեր կուսակցությանը: Իսկ կուսակցությանն անդամագրվող անձը պետք է լինի ազնիվ ու անկեղծ, նվիրյալ:
- ՀՀԿ-ի ինքնամաքրման գործընթաց տեսնում եք:
- Ճիշտն ասած, ինձ հուսադրում է այն, որ այս կամ այն մարդն իր աշխատանքը ճիշտ չանելու համար պատժվել է: Գուցե բավարար չէ, բայց մաքրման գործընթաց գնում է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

