ՔԱՌՅԱԿՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՍ Է ԴԱՐՁԵԼ ՀՅԴ-Ի ԳԼԽԻՆ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՍ Է ԴԱՐՁԵԼ ՀՅԴ-Ի ԳԼԽԻՆ
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն եւ իշխանությունները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների հարցում: Իսկ թե դրանից հետո արդյոք չի պատրաստվում ՀՅԴ-ն դուրս գալ քառյակից, որտեղ իր կարծիքը չեն կիսում, փորձեցինք պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՑ, ով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց. "Մենք քառյակ ենք այնքանով, որ չորս քաղաքական ուժ համաձայնում են ինչ-որ քայլ կատարել: Իսկ եթե չեն համաձայնում ինչ-որ հարցի շուրջ, ազատ են իրենց սեփական դիրքորոշումները պաշտպանել: Ի՞նչ է նշանակում քառյակից դուրս գալ, չէ՞ որ մտել էինք այդ տրամաբանությամբ: Սա ամուսնության կամ ապահարզանի հարց չէ, որ անպայման այդպես պիտի դիտարկենք խնդիրը: Եթե քառյակի մյուս անդամները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլ պատկերացում ունեն, մենք փորձելու ենք մեր տեսակետները մեր գործընկերներին ներկայացնել, որովհետեւ թե՛ մարտավարական առումով ենք համոզված, որ դա ճիշտ է, թե՛ ընդդիմություն-իշխանություն պայքարի առումով, եւ թե՛ ընդհանրապես ապագա փոփոխությունների առումով": Թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն կոմպրոմիսի գնա քառյակի պահանջներին ու հրաժարվի սահմանադրական բարեփոխումներին աջակցելուց, Ա. Ռուստամյանը բացառեց. "Իսկ միգուցե իրե՞նք պետք է կոմպրոմիսի գան ու մեզ հետ միասին ձեւավորեն այն լուրջ փաթեթը, որով կառավարման համակարգը փոխելով, մենք իշխանությունների մեջ լուրջ փոփոխություն կառաջացնենք: Դրանով այս գերկենտրոնացված համակարգից կազատվենք, որի դեմ էլ ավելի հեշտ կլինի պայքարել: Շատ ավելի դժվար է ընդդիմության համար պայքարել կենտրոնացված համակարգի դեմ, քան ապակենտրոնացած, հավասարակշռված համակարգի: Այնպես որ, ամեն առումով` թե՛ տակտիկական, թե՛ ռազմավարական, վաղուց ժամանակն է անցնել խորհրդարանական համակարգի, ինչը հասունացած է եւ անհրաժեշտ": Ի հեճուկս ոչ իշխանական քառյակի էլ, վերջինս հավելեց. "Մարդիկ ոչ թե համակարգն են ուզում փոխել, այլ` մարդկանց, որովհետեւ իրենք համարում են, որ համակարգը պարզապես վատ մարդկանց ձեռքում է, մինչդեռ իրենք լավն են ու գան կարող են ավելի լավ աշխատացնել: Այսինքն` դառնում է այնպես, որ նախագահական աթոռից մենք ասում ենք հրաժարվենք, իրենք ասում են` չէ, նախագահական ընտրություններից հետո անենք: Սա նշանակում է` թողեք մի քիչ էլ ես նստեմ այդ աթոռին, հետո արեք...":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

