ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՈՒ ԶՐԿՎՈՒՄ Է ՀԱՑ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՈՒ ԶՐԿՎՈՒՄ Է ՀԱՑ ԳՆԵԼՈՒ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ԱԺ-ում քննարկվում է վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացում անելու օրինագիծը՝ մասնավորապես օրենսդիրի ուշադրության կենտրոնում է քաղաքացիներին պատշաճ ծանուցման հարցը:
Խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարության կողմից կարեւորվում է վարչական իրավախախտումների ծանուցման հարցերը. «Վարչական ակտերը հանձնման ժամանակ են մտնում ուժի մեջ, իսկ եթե ակտերն ուշ են հանձնվում, իրավական հետեւանքներ չեն առաջանա»:
Փոխնախարարը կարեւորեց նաեւ այլընտևանքային ծանուցման մեթոդները, օրինակ էլեկտրոնային փոստով, sms-ով:
Պրն Մկրտչյանի խոսքով՝ օրինագծի ընդունումից հետո առանց դատարան դիմելու՝ կատարման վարչական ակտեր կունենանք, իսկ մյուս բոլոր դեպքերում կունենանք վարչական ակտեր, որոնց դեպքում դատարանի միջոցով կբռնագանձվի գումարը:
Փոխնախարարին իր մտահոգությունն ու հարցերն ուղղեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով՝ մեր քաղաքացիներն այսօր խայտառակ վիճակում են տուգանքները կրկնապատկվում են՝ դառնալով միլիոն, միլիոն ու կես: «Անհրաժեշտ է լայն մոտեցումներ կիրառել: Ի վերջո, խնդիրն ինչպես պետք է լուծվի, չէ՞ որ ամբողջ հասարակությանը ներգրավված է սրա մեջ: Բացի այդ՝ ամենակարեւոր հարցը.տեղեկացվածության ցածր մակարդակ կա»:
Ի պատասխան Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանրային իրազեկման համար արդարադատության նախարարությունը քայլեր անում է, բացի այդ՝ ինտերնետ տիրույթը բավական հասանելի է անձանց տեղեկացվածության առումով:
«Ամեն օր քաղաքացիները տուգանվում են, բայց շատ հաճախ դրա մասին տեղեկացված չեն լինում, հետո փոստարարը գալիս է, տուգանվողին չի գտնում, դրան հաջորդում է քաղաքացու հաշվի վրա կալանք դնելը, իսկ շատ հաճախ քաղաքացու հաշիվը նրա թոշակն է: Եթե թոշակի վրա կալանք է դրվում, մարդուն զրկում ենք հաց գնելու հնարավորությունից»,- մտահոգությամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Փոխնախարարը կրկնեց. վարչական ակտը ուժի մեջ է մտնում հանձման պահին, բայց քիչ չեն լինի դեպքերը, երբ անձը դիտավորյալ կխուսափի ծանուցվելուց: «Կլինեն դեպքեր, երբ դատարանը կստուգի քաղաքացու ծանուցված լինելն ու չվճարելու հիմքերը»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը:
Սոնա Դավթյան

