«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Գրեթե մեկ շաբաթ Լոռու մարզում տոն է լինելու՝ բարության, խաղաղության, հանդուրժողականության.. մեկնարկում է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-10-ը Լոռու մարզի մանուկները հնարավորություն կունենան դիտելու տարբեր ոճերի ավելի քան 20 տիկնիկային ներկայացում՝ բեմադրված Հայաստանի և արտերկրի թատերախմբերի կողմից: «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» փառատոնին մասնակցելու են թատերախմբեր 7 երկրներից՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ԻՐԱՆԻՑ, ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՖՐԱՆՍԻԱՅԻՑ, ԻՏԱԼԻԱՅԻՑ, ՈւԿՐԱԻՆԱՅԻՑ, ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻՑ, ինչպես նաև ԱՐՑԱԽԻՑ հրավիրված տիկնիկային թատրոններ և արվեստի գործիչներ:
Տիկնիկային ներկայացումները կցուցադրվեն ոչ միայն ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, այլև Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Լինելու են նաև ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, ցուցադրվելու են տեսաֆիլմեր: Փառատոնի ծրագրի կարևոր բաղադրիչներից են` վարպետության դասընթացները և սեմինարները, որոնք կանցկացնեն հայտնի արվեստագետներն ու տիկնիկագործները:
Փառատոնի մեկնարկն արդեն տրված է. ՀՀ ԼՈՌՈՒ մարզի ԴՍԵՂ գյուղում մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել և
ծաղիկներ դրել ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հուշարձանին: ՎԱՆԱՁՈՐ քաղաքի ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անվան մշակույթի պալատում կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին հաջոչդեց բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը:
Հիշեցնենք, որ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին: Փառատոնը հիմնադրվել է 2005 թ-ին, ամենամյա է, նպատակը փոքրիկների գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, հայ տիկնիկային արվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը նպաստելն է: Կարևոր է նաև Հովհ. Թումանյանի անմահ ստեղծագործությունների մասսայականացումը. մինչ օրս փառատոնի շնորհիվ աշխարհի 95 երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, ցուցադրվում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները: Փառատոնն արդեն դարձել է բարի ավանդույթ ու սպասված իրադարձություն ոչ միայն Լոռու մարզում, այլև Հայաստանի ամբողջ տարածքում: Տարեցտարի ավելանում է փառատոնի նկատմամբ արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունը, այն արժանի տեղ է գրավել միջազգային տիկնիկային թատրոնների փառատոների ցանկում: Անցած տարիների ընթացքում «Թումանյանական հեքիաթի օրվան» մասնակցել են աշխարհի տասնյակ երկրների ճանաչված տիկնիկային թատրոններ և արվեստի վաստակաշատ գործիչներ:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

