ԵՐԲ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԹԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՑԻԿՈՎ
Արխիվ 12-16ԵՐԲ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԹԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՑԻԿՈՎ
«Մարդու կերպարի մեջ կա մի բան, որ մարդկությունը անկարող է բացատրել՝ ի՞նչը կարող է դուր գալ, որ աչքի, տեսողության հաշվին փոխանցի ուղեղին, ուղեղը՝ ձեռքին եւ սեղմես կոճակը, որը տեւում է ընդամենը վարկյաններ»,-պատմում է լուսանկարիչ ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Նրա համար ամենադժվար եւ ամենահետաքրքիր օբյետկը մարդն է, քանի որ, ըստ նրա մարդը, շնորհիվ բազում միմիկաների՝ փոփոխական է, որի միջոցով էլ դառնում է նկարելու հավերժ թեմա: Նա կողմ է ռեալիզմին եւ աշխատում է նվազագույնը քիչ օգտագործել նկարներում ֆոտոշոփ ասվածը. «Սիրում եմ ամեն ինչ լույս ու ստվերի միջոցով ստանալ՝ հատկապես, երբ պետք է նկարեմ գեղեցիկ կնոջ, այդ գեղեցկությունը ես իր միմիկաների, լույս ու ստվերի եւ աչքերի խորությամբ եմ տեսնում: Նկարելուց չեմ մտածում արդյունքի մասին, վայրկյանների ընթացքում զգում եմ եւ նկարում»:
Ավետիսի խոսքերով, չկա մի կետ, որին լուսանկարիչը հասնի ու ասի՝ վերջ, ես լավ լուսանկարիչ եմ. «Լուսանկարչության մեջ քիչ նկարել չկա, կամ պետք է նկարել կամ չնկարել ընդհանրապես»,-գտնում է նա:
Ծնվելով արվեստագետների ընտանիքում՝ հայրը քանդակագործ, մայրը դիզայներ, քույրը ռեժիսոր, Ավետիսին էլ բնականաբար
պետք է ընտրեր արվեստի որեւէ ճյուղ, որտեղ հոգեհարազատ ուղղությունը գեղարվեստական լուսանկարչությունն էր: Նրա մոտ լուսանկարչության հանդեպ սերը ստիպողաբար է եղել, երբ տատիկի «թոշակով» գնած սիրելի ձկան կարթը փոխարինվեց լուսանկարչական խցիկով. «Ձուկ բռնել շատ էի սիրում եւ հաճախ գնում էի ձկնորսության, մի օր հորս ընկերը իմ ձկան կարթը տարավ ձուկ բռնելու եւ վերադարձնելուց, չգիտես ինչի, կարթի փոխարեն լուսանկարչական ապարատ «Զենիթ e» նվիրեց՝ ասելով, թե կորցրել է»,- պատմում է Ավետիսը, ավելացնելով, որ վաճառել էր, թե կորցրել, բայց այդ օրվանից ձկնորսությունը փոխվեց լուսանկարչությամբ, ու մինչ օրս այդ խցիկով արված նկարները անկրկնելի ու թանկ են նրա համար:
Ավետիսի մոտ սիրողական լուսանկարչությունը փոխվում է պրոֆեսիոնալի, երբ սկսում է աշակերտել հայ լավագույն լուսանկարիչներից մեկի՝ Վահան Քոչարի մոտ: Այնուհետեւ, ընդունվում Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետը: Ուսանողական տարիներին մասնակցելով բազում ցուցահանդեսների՝ պատրաստվում է սեփական ցուցահանդեսին. «Ցուցահանդեսից առաջ ստուդիայիս ստեղծումն էր կարեւոր, որը այս տարվա հուլիս ամսին մեծ դժվարությամբ բացեցի: Ամեն ինչ իր ժամանակին կարելի է հասցնել, երբ սիրում ես այն, ինչ անում ես, երբ նվիրվում ես ինքնամոռաց: Վերադառնալով Մոլդովայից, ու առհասարակ՝ տեսնելով այլ երկրներում լուսանկարչական գործի նկատմամբ վերաբերմունքը, իմ ստեղծագործական ծրագրերը որոշակի փոփոխություններ ու զարգացումներ ունեցան»:
Մոլդովայում կայացած ֆոտոպլենեռից՝ Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող «Ուշադրություն, ժպիտ» նախագծից վերադառնալով՝ Ավետիսը պատրաստվում է հայաստանյան ֆոտոպլենեռին, որը, նրա խոսքերով պետք է մեծ իրադարձություն դառնա մեր մշակութային կյանքում:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

