ՙ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԱՀՃԻՑ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԱՀՃԻՑ»
Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում: Եվ այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր` սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը մարդկանց հնարավորություն կտա սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացված»:
Հարցին, թե ավելացե՞լ է սեքսոպաթոլոգին դիմողների թիվը, եւ ինչո՞ւ են խուսափում դիմել, բժիշկը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ մշակույթը դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ մշակույթի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է»:
Վ. Շահրամանյանը փաստեց, որ սեքսոպաթոլոգին այսօր սկսել են դիմել երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը: «Լինում են նաեւ դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են` հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ սեռական խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

