ԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ԳԼԱՆԴՆԵՐ» ԱՆՎԱՄԲ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Արխիվ 12-16ԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ԳԼԱՆԴՆԵՐ» ԱՆՎԱՄԲ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
- Բժշկական քննության արդյունքում ախտորոշել են քրոնիկական տոնզիլիտ: Երբ է հիվանդին ցուցվում հեռացնել քմային նշիկները: Ինչ դեր ունեն քմային նշիկները (գլանդները) մարդու օրգանիզմում:
Հարցին պատասխանել է քիթ-կոկորդ-ականջաբան ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.
-Բժշկական գրականության մեջ չկա «գլանդներ» անվամբ հասկացողություն, այն ժողովուրդն է հորինել:
Քմային նշիկներն իրենցից ավշային հյուսվածք են ներկայացնում եւ պատասխանատու են օրգանիզմի դիմադրողականության համար: Ավշային հյուսվածքներ օրգանիզմում շատ կան` կոկորդում, աղիներում, մարմնի տարբեր մասերում:
Քմային նշիկները ապահովում են հակամարմինների, իմունային բջիջների արտադրությունն օրգանիզմում, որոնք պայքարում են վարակի դեմ: Ուստի կարելի է ասել, որ նրանք ունեն պաշտպանիչ դեր:
Քրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է, որը կարող է նաեւ ընթանալ տոքսիկ-ալերգիկ բաղադրիչով: Հիմնական պատճառը օրգանիզմի սառեցումն է, հաճախակի սառը հեղուկներ օգտագործելը, ընդհանուր օրգանիզմի դիմադրողականության թուլացումը:
Քրոնիկական տոնզիլիտի սրացման մասին կհուշի այն փաստը, եթե դուք տարեկան մի քանի անգամ հիվանդանում եք անգինայով, որն ուղեկցվում է բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավով, նշիկների վրա թարախաբշտիկների առաջացմամբ:
Երկար ժամանակ չբուժված տոնզիլիտը կարող է բերել ռեւմատիզմի, հոդաբորբերի, երիկամների եւ սրտի ախտահարման, որոնք օրգանիզմի համար վտանգավոր բարդություններ են:
Վիրահատությունը սովորաբար ցուցված է լինում այն ժամանակ, երբ հիվանդը 2-3 անգամ նախկինում կոնսերվատիվ բուժում է ստացել. hակաբիոտիկներ է ընդունել, տեղային միջոցառումներ են անցկացվել, բայց շարունակում է հիվանդանալ անգինայով, կա թուլություն, քրտնարտադրություն, ջերմում է, ինքնազգացողությունը վատ:
Քմային նշիկների հեռացումը տեւում է 10-20 րոպե: Վիրահատությունն անցկացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման եղանակով` ըստ հիվանդի ցանկության: Խորհուրդ ենք տալիս երեխաների վիրահատությունն անցկացնել միայն ընդհանուր անզգայացման եղանակով` փոքրիկին հետագա հոգեբանական անցանկալի խնդիրներից զերծ պահելու նպատակով:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1. Խորհուրդ է տրվում փոքր հասակից կոփել օրգանիզմը, ջրային միջոցառումներ անցկացնել` կոնտրաստային ցնցուղ` տաքից սառը:
2. Հաճախակի զբոսնել մաքուր օդում:
3. Խուսափել մրսածությունից:
4. Օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

