ՙՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սկիզբը` թիվ 86, 88-ումՇարունակում ենք Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000թ. կայացրած դատավճռից հատվածների հրապարակումը, որով կներկայացնենք Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի` Վանո Սիրադեղյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարության պատվերով կատարած բազմաթիվ հանցագործությունները` առանձին դրվագներով:
ՄԱՍ 4-ՐԴ
Վերադառնալով Երեւան` հանցավոր խումբն այդ մասին զեկուցել է Արմեն Տեր-Սահակյանին, որը հանցակիցներին հանձնարարել է սպանությունն իրագործել հաջորդ օրը` 1992թ. սեպտեմբերի 18-ին եւ պայմանավորվել, որ վաղ առավոտյան Արթուր Ալոյանն ու Ալիկ Գրիգորյանը Սուրեն Հարությունյանի վարած նույն ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայով մեկնելու են ք. Աշտարակ եւ սպանությունն իրագործելու են նույն երկու ինքնաձիգի գործադրմամբ, իսկ Իսրայել Սարգսյանն ու Աղասի Ավետիսյանը միջոցառման ողջ ընթացքում, վերջինիս վարած ՙՎԱԶ-2103՚ մակնիշի 10-22 ԱԴՆ պետհամարանիշի մեկ այլ ավտոմեքենայով ուղեկցելու են հանցակիցներին` նրանց անվտանգությունն ապահովելու եւ սպանության իրագործման կամ դեպքի վայրից հեռանալու ընթացքում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Արմեն Տեր-Սահակյանի հետ համատեղ մշակված պլանի ու նրա կատարած դերաբաշխման համաձայն` Հովհաննես Սուքիասյանի սպանությունն իրագործելու նպատակով հանցավոր խումբը 1992թ. սեպտեմբերի 18-ի առավոտյան մեկնել է ք. Աշտարակ, որի ընթացքում` երկու ինքնաձիգով եւ ՙՄակարով՚ տեսակի ատրճանակներով զինված Արթուր Ալոյանն ու Ալիկ Գրիգորյանը Սուրեն Հարությունյանի վարած ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայով ընթացել են առջեւից, իսկ Իսրայել Սարգսյանն ու Աղասի Ավետիսյանը` երկուս էլ ՙՄակարով՚ տեսակի ատրճանակներով զինված, հետեւել են նրանց` վերջինիս վարած ՙՎԱԶ-2103՚ մակնիշի ավտոմեքենայով:
Սակայն մինչ ք. Աշտարակ ուղեւորվելը, Աղասի Ավետիսյանը, ցանկանալով խուսափել սպանության կատարմանը մասնակցելուց, Իսրայել Սարգսյանից եւ մյուսներից գաղտնի, նախապես թուլացրել է ՙՎԱԶ-2103՚ մակնիշի ավտոմեքենայի շարժիչի յուղի զտիչը, որի հետեւանքով կես ճանապարհին շարժիչը խափանվել է, եւ Աղասի Ավետիսյանն ու Իսրայել Սարգսյանը փաստացի զրկվել են նախնական պլանի համաձայն հանցակիցներին հետեւելու եւ օժանդակելու հնարավորությունից, ապա վերադարձել են Երեւան, որտեղ Աղասի Ավետիսյանը ավտոմեքենան վերադարձրել է տիրոջը եւ այդ պատրվակով բաժանվել Իսրայել Սարգսյանից, իսկ վերջինս գնացել է ՀՀՇ վարչության շենք եւ միացել այնտեղ գտնվող Արմեն Տեր-Սահակյանին:
Այդ ընթացքում Սուրեն Հարությունյանը, Արթուր Ալոյանը եւ Ալիկ Գրիգորյանը հափշտակված ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայով հասել են ք. Աշտարակ եւ ավտոմեքենան կանգնեցնելով շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ, դարանակալել ու սպասել են Հովհաննես Սուքիասյանին: Երբ վերջինս դուրս է եկել գործկոմի շենքից եւ նստել իր ծառայողական ՙԳԱԶ-24՚ մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, հանցավոր խմբի անդամները շարժվել են նրա ավտոմեքենայի ետեւից, որպեսզի հարմար իրադրության պայմաններում գնդակոծեն այն եւ սպանեն ինչպես Սուքիասյանին, այնպես էլ նրա վարորդին: Ժամը 16-ի սահմաններում, Երեւան-Լենինական մայրուղու` ք. Աշտարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածում բանդայի անդամները Սուրեն Հարությունյանի վարած ավտոմեքենայով վազանցել են Հովհաննես Սուքիասյանի ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում Արթուր Ալոյանն ու Ալիկ Գրիգորյանը Հովհաննես Սուքիասյանին եւ նրա վարորդին ուղղակի դիտավորությամբ սպանելու նպատակով ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով գնդակոծել են նրանց եւ ավտոմեքենան, որի հետեւանքով Հովհաննես Սուքիասյանը եւ վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Արթուր Ալոյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Սուրեն Հարությունյանը նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի, ընթացքում` հանցագործության հետքերը վերացնելու նպատակով ավտոմեքենայի խցիկի միջից հավաքել ու թափել են կրակված պարկուճները, այնուհետեւ վերադարձել են Երեւան, ուր հասնելուն պես գնացել են ՀՀՇ վարչության շենք, որտեղ Արշակ Շուխյանի եւ Իսրայել Սարգսյանի ներկայությամբ Արմեն Տեր-Սահակյանին զեկուցել են առաջադրանքը կատարելու մասին եւ նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված երկու ինքնաձիգը: Այնուհետեւ, Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը, Արթուր Ալոյանը եւ Արշակ Շուխյանը մնացել են ՀՀՇ վարչության շենքում, իսկ Արմեն Տեր-Սահակյանն իր վարած ՙԳԱԶ-31՚ մակնիշի ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանի հետ գնացել է դեպքի վայր եւ համոզվելով, որ Սուքիասյանն ու նրա վարորդը իրոք սպանված են, վերադարձել ու այդ մասին հայտնել է հանցակիցներին: Դրանից հետո Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանն ու Արթուր Ալոյանը Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով` հանցագործության հետքերը վերացնելու նպատակով` որպես սպանության կատարման միջոց օգտագործված ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ եւ հրկիզել:
Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին: Երեկոյան բանդայի բոլոր անդամները Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով մեկնել են Հանքավան եւ շուրջ տասը օր թաքնվել այնտեղ գտնվող, Մարզպես Գրիգորյանի հոր պահպանությանը հանձնված նախկին ՙԱրագած՚ պիոներական ճամբարում, իսկ երբ բացահայտվելու վտանգն անցել է, Արմեն Տեր-Սահակյանի թույլտվությամբ վերադարձել են Երեւան: Ընդ որում, նրանց մի մասը Հանքավան է մեկնել ամբաստանյալ Գ. Դարբինյանի վարած ՙԵրԱԶ՚ մակնիշի ավտոմեքենայով:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Շարունակելի...

