ՙԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՍՈՎՈՐՈՒՅԹ Է, ԵՎ ՈՉ ԹԵ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐԻ՚
Արխիվ 12-16ՙԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՍՈՎՈՐՈՒՅԹ Է, ԵՎ ՈՉ ԹԵ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐԻ՚
Օրերս ՙՆոեւ Կովչեգ՚ ռուսալեզու թերթին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր` քաղաքականություն վերադառնալը կախված է հանգամանքներից: Նույն հարցազրույցում խոսել է նաեւ իր ղեկավարման տարիներին տնտեսական ցուցանիշների աճի մասին, նկատելով, թե այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել, տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրել է աղքատության զգալի կրճատման, եւ որ զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:
Թե որքանով է իրատեսական Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, եւ արդյոք այդքան երանելի տարիներ էին վերջինիս ղեկավարման տարիները, փորձեցինք հետաքրքրվել որոշ քաղաքական գործիչներից:ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ անդրադառնալով Քոչարյանի` քաղաքականության մեջ վերադառնալու հայտարարությանը` մասնավորապես նշեց. ՙԻնքը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, նա իր ելույթներով, հոդվածներով միշտ եղել է քաղաքականության մեջ: Իսկ ինչ վերաբերում է նրա հնչեցրած տեսակետին, թե Հայաստանում տնտեսական զարգացման նախադրյալներ չկան, ես համաձայն չեմ, ընդհակառակը` այժմյան տնտեսության զարգացման մեծ նախադրյալներ եմ տեսնում՚:
ՕԵԿ փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար ուղղակի ծիծաղելի է երկրորդ նախագահի հնչեցրած այն միտքը, որ իր ղեկավարման տարիները կարելի է երանելի համարել. ՙԵրանելիի մասին խոսել իհարկե չի կարելի, (ծիծաղում է- խմբ.): Ինքը տվել է իր գնահատականները, եւ չէի ցանկանա իր գնահատականները մեկնաբանել: ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալուն, դա իհարկե յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում: Այն, որ Ռ. Քոչարյանը այս կամ այն կերպ քաղաքականության մեջ կա, դա միանշանակ է, հնարավոր է, որ նա իր խոսքով նկատի ունի ակտիվ քաղաքականություն վերադառնալը` չգիտեմ՚: ՕԵԿ փոխնախագահը չի կիսում Քոչարյանի այն տեսակետը, որ ՀՀ-ում տնտեսական զարգացման նախադրյալներ չկան, բայց. ՙԿարծում եմ, որ ՀՀ-ում տնտեսական զարգացման համար հնարավորություններ կան, ուղղակի այսօրվա տնտեսական-քաղաքական կյանքում դրա համար անհրաժեշտ են շատ ակտիվ փոփոխություններ, ազատականացում է պետք հատկապես մանր եւ միջին բիզնեսի համար: Կարծում եմ, որ հաշվի առնելով բոլոր բարդությունները, որոնք այսօր առկա են կապված ե°ւ տարածաշրջանի, ե°ւ երկաթուղու, ե°ւ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի սանկցիաների հետ, նպատակային աշխատանքի եւ հատկապես տնտեսական դեմոկրատիայի խորացման պայմաններում մենք կունենանք տնտեսապես զարգացող երկիր՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ եւս զերծ մնաց երկրորդ նախագահի հնչեցրած հայտարարությունների մեկնաբանություններից, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ-ի տնտեսական զարգացման նախադրյալներին` նշեց, որ. ՙՏնտեսական վիճակը եւ հնարավոր զարգացումները ակնհայտ են ՀՀ-ի բոլոր քաղաքացիների համար` նույնիսկ մակերեսային հայացք նետելու պարագայում: Այսինքն, անկախ նրանից, թե ով է դա ասում, կա փաստացի իրավիճակ` քառասուն տոկոսի հասնող աղքատություն, ճգնաժամային մակարդակի արտագաղթ, ինչու չէ նաեւ տնտեսական անկում եւ այլն՚:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ անդրադառնալով Քոչարյանի վերադարձին` ասաց. ՙԿարծում եմ, երրորդ անգամ նախագահ դառնալն Արեւելքի սովորույթ է եւ ոչ թե` քաղաքակիրթ երկրների: Իսկ իր նախագահության տարիները համարելով երանի` Քոչարյանը չպետք է մոռանա, որ այդ տարիներին ամբողջ աշխարհում համաշխարհային ֆինանսական ճգնաժամ չի եղել: Այնպես որ, ՀՀ-ում կատարվող պրոցեսները չէին կարող աշխարհից դուրս լինել: Ինչ խոսք, Հայաստանում տնտեսական զարգացման նախադրյալներ կան, դա մինաշանակ: Եվ մեր կուսակցությունը եւ կառավարությունը կոնկրետ քայլեր են ձեռնարկում, որպեսզի մեր տնտեսական գործունեությունը առավել արդյունավետ դառնա՚:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ երկրորդ նախագահի հարցազրույցը համարում է մեսիջ` ուղղված թե° իշխանություններին, թե° հանրությանը. ՙՔաղաքական դաշտում մնալը տարբեր ձեւեր ունի, իսկ Քոչարյանը անընդհատ զգացնել է տվել, որ ինքը կա եւ նույնիսկ մտադիր է վերադառնալ քաղաքական դաշտ: Կարծում եմ` նա չէր կարող նման հայտարարությամբ հանդես գալ, եթե չունենար դրա հիմքերը: Այսինքն` այդ հայտարարությունը մեսիջ էր` ուղղված առաջին հերթին իշխանություններին՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

