ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Ա՞ՉՔ Է ՓԱԿՈՒՄ, ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Ա՞ՉՔ Է ՓԱԿՈՒՄ,
ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
Մինչ ՀՀ ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ զբաղված է իր զգեստապահարանը թարմացնելով, այսինքն` նոր համազգեստ ձեռք բերելով, պարզվում է, որ այսօր ով պատահի եւ որտեղ պատահի այս կամ այն անձին, ավելին` պաշտոնյային կարող է հայհոյել: Իսկ մեղավորը ոչ թե հայհոյողն է, այլ հայհոյանք ստացողը, քանի որ իրեն հայհոյելու համար չի դիմել դատարան: Այս դեպքում ինչների՞ս է պետք ոստիկանությունը, երբ այս տեսարանի լուռ վկան է ամեն հինգշաբթի կառավարության նիստի առջեւ:
Երեկ կառավարության նիստի ժամանակ այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բողոքեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ում որպես «կանոն» ամեն կառավարության նիստից առաջ ու հետո շենք մտնելիս հայհոյում է մի 85-ամյա ծերունի: Սակայն այս դեպքը դեռ ամենասարսափելին չէր, այլ այն, թե ինչպես դրան արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ ոստիկանապետը, երբ Ռ. Մարտիրոսյանը իրավապահ համակարգը ներկայացնող պաշտոնյաներին հարցրեց. «Եթե օրենքներով պաշտպանված են պաշտոնյաները, ինչո՞ւ չեք պաշտպանում ինձ»: Եվ հենց այստեղ էլ հնչեց գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ դարակազմիկ պատասխանը. «Եթե մարդը չի դիմում դատարան` իր պատիվը պաշտպանելու համար, իրենք ի՞նչ անեն»:
Այստեղ էլ միջամտեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Լավ, իսկ եթե մարդուն հայհոյում են, խուլիգանությո՞ւն չէ»: Պատասխանը չուշացավ. «Խուլիգանությունը հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքն է, իսկ եթե անձին են վիրավորում, նա կարող է դիմել դատարան»: Շարունակությունն ամենաաբսուրդն էր. «Եթե դիմի, կտեսնենք»: 85-ամյա ծերունու հայհոյանքն «ասնավանի չէ» սկզբունքով Գ. Կոստանյանին պաշտպանեց ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով հուսադրելով` ասաց, թե Ռ. Մարտիրոսյանը գրավոր դիմել է իրենց, այդ անձին տարել են բաժանմունք, վարչական տուգանքի ենթարկել ու երգեց նույն երգը. «Եթե բավարար չէ, դիմեք դատարան»: Ոստիկանապետի ու գլխավոր դատախազի ձեն ձենի տված ելույթներից հետո Հ. Աբրահամյանը դիմեց կառավարության մյուս ներկայացուցիչներին. «Հիմա էդ հարցի լուծումը չհասկացա, մարդուն հայհոյանք տան, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վե՞րջ»: Մյուսների կարծիքներն էլ խոստումնալից չէին, ինչից հետո Հ. Աբրահամյանը ասաց. «Ինչքան իրավաբան, այնքան կարծիք...»:
Ի վերջո, որտեղ եւ երբ ենք պաշտպանված, երբ ոստիկանությունը ոչ մի հարցում չի պաշտպանում ո՛չ պաշտոնյային, ո՛չ հասարակ քաղաքացուն ու ամեն մի «քֆուրչիի» պատճառով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ով բավական պատկառելի տարիք ունի, պիտի վազվզի դատարաններով ու իր պատիվը փրկի: Թեպետ դա էլ լուծում չէ, քանի որ ինչպես Գ. Կոստանյանն է ասում` դիմեք, կտեսնենք...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

