«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ»
Արխիվ 12-16«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ»
Սեպտեմբերի 3-ին լրացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի ապագան կանխորոշող մի կարեւորագույն հայտարարության մեկ տարին, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունը հստակ քայլերով գնում է դեպի Մաքսային միության անդամակցման: Այս առթիվ որոշ ուժեր փորձեցին հակառուսական ակցիաներ իրականացնել Ազատության հրապարակում, սակայն եկավ միայն խիստ մերձավոր շրջապատը` չապահովելով նույնիսկ մի քանի տասնյակ մասնակից:
Այս եւ մի շարք հարցերում «Ժառանգության» դիրքորոշումների մասին «Իրավունքը» զրուցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով հակառուսական ակցիաների ակտիվ մասնակից է:
-Պարոն Սանասարյան, Հայաստանի` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցման դեմ կազմակերպված հանրահավաքը, մեղմ ասած, սակավաթիվ էր: Ըստ Ձեզ, վա՞տ էր կազմակերպված, թե՞ իրականում հանրության մեծամասնությունը կողմ է այս անդամակցմանը:
- Ավելի շատ վատ էր կազմակերպված: Հանրության կարծիքը չի փոխվել, ու գուցե խնդիրն այն է, որ ավելի շատ մարդկանց պետք է տեղեկացնեինք այս մասին: Նշեմ, որ ես չէի միայն կազմակերպել, այլ տարբեր քաղաքացիների մասնակցությամբ է արվել: Եվ նույնիսկ իմ մասով կարող եմ ասել, որ երեւի թերացա: Բայց պետք է նշեմ, որ անկախության գաղափարը չի կարող մարդկանց մոտ նսեմացվել: Ուրիշ հարց է, որ գուցե ինձ լուրջ չեն վերաբերվել կամ մեկ ուրիշին ու դրա համար չեմ մասնակցել ակցիային, բայց դա չէ էական: Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք ուղարկել անհրաժեշտ մեսիջը ու հայտնել մեր դիրքորոշման մասին: Առաջիկայում չի բացառվում, որ գտնվեն մարդիկ, ովքեր մեզնից ավելի լավ կկազմակերպեն այդ ակցիաները, եւ ես դրա համար միայն ուրախ կլինեմ:
- Դուք Ձեզ եք մեղադրում այս ակցիայի սակավաթիվ լինելու մեջ, բայց արդյո՞ք եթե խնդիրը հուզեր մարդկանց, իրենք ինքնաբուխ դուրս չէին գա հրապարակ:
- Ուրեմն` այդ կրիտիկական պահը չէ: Կարծում եմ` մարդիկ լուրջ չեն վերաբերվում Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը, ես ուրիշ կերպ չեմ կարող բացատրել:
- Ի դեպ, ի տարբերություն «Ժառանգության», քառյակի մյուս անդամները կարծես թե չեն շտապում կտրուկ գնահատականներ հնչեցնել ՀՀ ՄՄ եւ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ...
- Այս հարցում «Ժառանգության» գնահատականը նոր չէ: «Ժառանգությունն» ի սկզբանե ասել է, որ չի գտնում, որ Հայաստանը պետք է լինի այդ միությունների անդամ ու հստակ մատնանշել է, թե որ միության անդամ պետք է լինի: Իհարկե, խոսքը Եվրաինտեգրման մասին է, որի վերաբերյալ խոսել են նաեւ օրվա իշխանությունները` ասելով, որ այն մեր արտաքին քաղաքական ուղղություններից մեկն է:
- Նույն կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ ՙԺառանգության՚ ներկայացուցիչները խիստ գնահատականներ հնչեցրին, ինչը չէինք ասի քառյակի մյուս անդամների մասին: Այսքանից հետո «Ժառանգության» օրակարգում քառյակից դուրս գալու հարց չկա՞:
- Ինչ վերաբերում է քառյակից դուրս գալուն, նման հարց չի քննարկվել: Խորհրդարանական այդ համագործակցությունը այս պահի դրությամբ շարունակվում է: Իսկ Ռ. Քոչարյանին, անկեղծ ասած, չեմ ուզում անդրադառնալ ընդհանրապես: «Ժառանգությունն» իր դիրքորոշումը բազմաթիվ անգամներ հնչեցրել է ե՛ւ Քոչարյանի իշխանության տարիների, ե՛ւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է այդ մարդու անունը հնչեցնել: Նա ինձ համար անցած քաղաքական գործիչ է: Բայց, իհարկե, Մարտի 1-ի հարցով, Հոկտեմբերի 27-ի հարցով, որի ժամանակ Քոչարյանը եղել է իշխանության ղեկին, նա պետք է ամեն դեպքում պատասխան տա: Այդ առումով, երբ հնարավորություն եղավ, այս հարցերը բացվելու են: Իսկ այս պահի դրությամբ` Քոչարյանի իշխանություն վերադառնալ-չվերադառնալու մասին խոսելն ավելորդ է: Եթե վերադառնա, այն ժամանակ էլ կլինեն համապատասխան գնահատականները:
- Այսինքն` կարո՞ղ ենք փաստել, որ անգամ «Ժառանգությանը» չի խոչընդոտում քառյակի հետ համագործակցել այն դեպքում, երբ բազմիցս խոսակցություններ են շրջանառվել, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են նաեւ իշխանությունների հետ:
- Ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքներն ու քննադատությունները կան, բայց չեմ կարծում, որ պետք է դրանցով առաջնորդվել: Երբ հստակ բան կերեւա, այն ժամանակ էլ «Ժառանգությունն» իր գնահատականն անպայման կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

