«ՍԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
Արխիվ 12-16«ՍԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
Բաքվում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ընդլայնված ձեւաչափով հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր հերթական ծառայությունն է մատուցել` եւս մեկ անգամ փաստելով, որ իր մեղսակիցն ու դաշնակիցն է: Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել արցախյան հակամարտությունը, ապա հավելել. «Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը` «Իրավունքի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց.
- Կարծում եմ, որ սա եւս մեկ հայտարարություն է, ինչը Թուրքիան միշտ էլ կատարել է: Միանշանակ այս հայտարարությունը չի նպաստում ո՛չ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Նախեւառաջ դրանք տարբեր գործընթացներ են, ու դրանք խառնելը ճիշտ չէ: Եվ երկրորդ` այսպիսով, Թուրքիան եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ կողմնակալ է եւ բացեիբաց պաշտպանում է Ադրբեջանին, ինչը բնական է` իր հետեւանքներն է թողնում եւ պետք է թողնի նաեւ մեզ վրա: Հետեւաբար, որեւէ մեկը չպետք է պատրանքներով տառապի Թուրքայի հանդեպ, որ այդ պետությունը կարող է պահպանել չեզոքություն կամ կառուցողականություն:
- Պարոն Բաբայան, փաստորեն, այս հայտարարությամբ ստվերվում է նաեւ 5 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ենթադրում էին հարաբերությունների կարգավորում` առանց նախապայմանների: Ըստ Ձեզ, արդյոք այդ արձանագրությունների տակից ժամանակին մենք ինքներս չպետք է հետ կանչեինք մեր ստորագրությունը:
- Թող իրենք առաջինը հայտարարեն, սրանով իրենք ոչ թե հաղթող են դուրս գալիս, այլ հակառակը` սա Թուրքիայի դիվանագիտական պարտությունն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

