ԾԱԿ ԳՐՊԱՆՈՎ ՏԵՏՐ ԳՆԵՔ, ՍԻԳԱՐԵՏ ՄԻ ԾԽԵՔ…«ԶԱՆԳԱԿԻ» ՏՆՕՐԵՆԸ ՄԻԳՈՒՑԵ ԵՐԵԽԱ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽՈՐՀՈ՞ՒՐԴ» ԷԼ ՏԱ
Արխիվ 12-16ԾԱԿ ԳՐՊԱՆՈՎ ՏԵՏՐ ԳՆԵՔ, ՍԻԳԱՐԵՏ ՄԻ ԾԽԵՔ…«ԶԱՆԳԱԿԻ» ՏՆՕՐԵՆԸ ՄԻԳՈՒՑԵ
ԵՐԵԽԱ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽՈՐՀՈ՞ՒՐԴ» ԷԼ ՏԱ
Ուսումնական տարին նոր է սկսվել, սակայն մեր քաղաքացիներն արդեն խնդիրների առաջ են կանգնել: «Իրավունքի» թղթակցին էր այսօր դիմել տիկին Ամալյան, որ իր երեխայի համար գնել է «Զանգակ» հրատարակչության արտադրած չորս աշխատանքային տետր և վճարել 1600 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր տետրի համար՝400 դրամ: «Ոնց կարելի է էս դժվար պայմաններում, երբ մարդիկ, օրական 8-10 ժամ մասնավորի մոտ աշխատելով, վաստակում են 2000 դրամ, այդ գումարի մոտավորապես կեսը ծախսեն տետր գնելու համար: Բա մնացած խնդիրներն ինչպե՞ս լուծեն: Սա ուղղակի խայտառակություն է»,- զայրացած ու վրդովված ասում էր քաղաքացին, ապա հավելում. «Ես վստահ եմ ՝ այս տետրերը թանկ արժեն նաեվ նկարազարդման պատճառով: Իսկ ո՞վ է իրենց ասում նկարազարդեն.կարևորը տետր լինի, երեխան գրի մեջը, գիտելիք ստանա»:


ԵԹԵ ՏԵՏՐԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԻՆ, ԳԻՆՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԿԼԻՆԵՐ
Քանի որ հարցն իրոք արդիական է ու խնդրահարույց, «Իրավունքը» չէր կարող անտարբեր մնալ: Իրոք, եթե Հայաստանում նվազագույն աշխատավարձը 50.000 դրամ է, իսկ դպրոցական պարագաները՝ թանկ, ինչպե՞ս պիտի սպառողներն իրենց նվազագույն աշխատավարձով այդ ամենը գնեն:Մայրենի լեզվի աշխատանքային տետրերի հեղինակը գրող, թարգմանիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է, ով թեև տետրի գնագոյացման համար պատասխանատու չէ, բայց կարծում է, որ գնի բարձրացման վրա ազդեց նաև այն, որ մոտ երկու-երեք տարի առաջ արգելվեցին այդ տետրերը դպրոցներում վաճառել: Իսկ արգելքը պայմանավորված էր կրթօջախներում առկա կոռուպցիոն ռիսկերով, մասնավորապես, աշխատանքային տետրերի անվան տակ վաճառում էին այլ պարագաներ:
Վաչագան Սարգսյանի խոսքով՝ այդ արգելքը ազդեց նաև աշխատանքային տերտերի պահանջարկի վրա.դրանք այսօր այդքան էլ մեծ պահանջարկ չունեն: «Այդ տետրերն ուսումնական մասի շարունակությունն են, հաստատված ԿԳ նախարարության կողմից: Եթե դրանք դպրոցներում վաճառվեին, կարծում եմ՝գինն ավելի էժան կլիներ»,- ասաց պրն Սարգսյանը:
ԵՐԲ ՍԻԳԱՐԵՏՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸ ՆՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԴՐՎՈՒՄ
Քանի որ աշխատանքային տետրերի գնային քաղաքականության համար պատասխանատու է «Զանգակ» հրատարակչությունը, զանգահարեցինք հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին: Վերջինիս պարզաբանմամբ աշխատանքային տետրերի ինքնարժեքը մոտավորապես 240 դրամ է, որին գրախանութն ավելացնում է 30-40%՝գոյատեւելու համար: «Այդ 240 դրամից որոշակի գումար՝որպես հոնորար տրվում է հեղինակին, իսկ մնացածն էլ հրատարակչության շահույթն է: Մեկ տետրից հրատարակչությանը որպես շահույթ մնում է մոտավորապես 17%»,-մանրամասնում է մեր զրուցակիցը:
Որքան էլ զարմանալի թվա, սակայն Սոկրատ Մկրտչյանի համար մեկ տետրի համար 400 դրամ վճարելը թանկ չէ,ավելին՝ փոխանակ վերջինս խնդիրը դիտարկի նաեվ շարքային քաղաքացու տեսանկյունից, ասում է. «400 դրամն ի՞նչ է որ: Մի տուփ սիգարետն ի՞նչ արժե՝ 1000 դրամ: Էդ կնոջ ամուսինն օրական տասը հատ սիգարետ է ծխում, իսկ երբ կես տուփ սիգարետի գումարով տետր է գնում, իր երեխան այդ տետրն ամբողջ տարին է օգտագործում: 400 դրամը բաժանեք 360 օրվա վրա. մեկ տետրի վրա օրական ծախսվում է մեկ դրամ»:
Ինչ վերաբերում է տետրերի գինը նկարազարդման միջոցով արհեստականորեն բարձրացնելուն, Ս. Մկրտչյանը հերքում է ՝ նման բան չկա. «Արհեստական գինն բարձրացնելու խնդիր չկա, պարզապես աշխատանքային տետրերը պետք է նկարազարդված, ճաշակով ու գեղեցիկ լինեն, քանի որ նման տեսքով նպաստում են երեխայի դաստիարակությանն ու գիտելիքների փոխանցմանը: Հիմա որ սև ու սպիտակ, փնթի-մնթի բան լիներ, լավ կլինե՞ր: «Զանգակն», օրինակ, թույլ չի տա փնթի տետր շուկա հանել: Իսկ համեմատություն անցկացնել սովետական տարիների հետ…Էդ կինը թող սովետական տարիներից հետ գա. Եթե ես, ինքը լավ դաստիարակված լինեինք, սովետը չէր փլվի»:
Հրատարակչության տնօրենը հիշեցնում է՝ խորհրդային միության տարիներին դպրոցներում դիդակտիկ շատ նյութեր էին օգտագործում, իսկ այսօր բավարարվում են միայն դասագրքերով ու տետրերով, որոնք պետք է վաճառվեն միմիայն գրախանութում: Դրա շնորհիվ գրախանութները կզարգանան:
«ԶԱՆԳԱԿԻ» ՏՆՕՐԵՆԸ՝«ԿՈՒՇՏ ՍՈՎԱԾԻՆ ՉԻ ՀԱՍԿԱՆԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ
Լինելով հրատարակչության տնօրեն՝ Սոկրատ Մկրտչյանը կարծես թե ենթագիտակցորեն առաջնորդվում է «կուշտը սովածին չի հասկանա»կամ «ձայնը տաք տեղից է գալիս» ասացվածքներով, ավելին, երբ նրան հիշեցրիք երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու 50.000 դրամ նվազագույն աշխատավարձը, հանկարծ լսեցինք հաջորդ աբսուրդ պատասխանը. «…Երբ ծնողը սկսի գնել այդ տետրերը, իր վիճակը շատ կլավանա: Որ սկսեն համատարած տետրեր գնելը, տետրերի արտադրությունը կշատանա, արտադրողների, աշխատողների թիվը կշատանա, աշխատավարձը կավելանա: Իսկ եթե բոլորս մտածենք՝ հաց չուտենք, քանի որ փող չունենք, տետր չօգտագործենք, գիրք չկարդանք, էդ փողը երբեք չենք ունենա»:
Սոկրատ Մկրտչյանը չգիտես ինչու վստահ է՝ հատուկենտ ծնողներ են բողոքում աշխատանքային տետրերի թանկ գնից: Բայց բավական է, մի փոքր հարցում քաղաքացիների շրջանում, պրն Մկրտչյան, ձեր վարդագույն ակնոցը հաստատ կփշրվի: Որպես խնդրի «լուծում» մեր զրուցակիցն առաջարկում է հետեւյալը. չունեվոր ծնողները թող դիմեն իր հրատարակչություն, թե՛ տետրերով, թե՛ դասագրքերով կաջակցեն:
Հ.Գ.Դե ինչ պրն Մկրտչյան, կարծում եք՝ առաջիկայում պետք է բարեգործությամբ զբաղվեք, գուցե դրանից հետո հասկանանք, որ Հայաստանի բնակչության մեծ մասի համար է այսօր խնդիր ուսումնական տարվան ըստ արժանվույն պատրաստվելն ու առանց խեղճանալու երեխային դպրոց ուղարկելը:
Սոնա Դավթյան

