ԷՌՆԵԿՅԱՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԼՎԱՑԵԼ Է, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԷԼ « ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՐՑՆ ԻՐԱՐ Վ
Արխիվ 12-16ԷՌՆԵԿՅԱՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԼՎԱՑԵԼ Է, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԷԼ « ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՐՑՆ ԻՐԱՐ ՎՐԱ ԵՆ ԳՑՈՒՄ
Ինչպես արդեն հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ փլուզվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադայի երկաթբետոնե բազրիքները: Այդ առնչությամբ «Իրավունքը» զրուցել էր «Զվարթնոցի» ճակատագրով մտահոգ անհատների՝ Անահիտ Թարխանյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ պատմամշակութային այս եզակի կառույցը պետք է անպայման ներառվի հուշարձանների պահպանության ցանկում: Անցել է մոտ մեկ ամիս, ի՞նչ է արել այս ուղղությամբ մշակույթի նախարարությունը: «Իրավունքի» հետ զրույցում մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը ասաց, որ խնդրի վերաբերյալ հստակ տեղեկություն չունի. «Մեզ ո՛չ դիմող է եղել, ո՛չ էլ նախաձեռնող: Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին պետք է հիմնավորումներով այդ հարցը ներկայացվի, բայց դեռ ոչինչ չի ներկայացվել: Ես ինչքան գիտեմ՝ մեր փորձագիտական խորհրդում այդ հարցը չի քննարկվել»:
Հետաքրքրիր է, իսկ պատմամշակութային այն բոլոր կառույցները, որոնք ընդգրկված են հուշարձանների պահպանության ցուցակում, դրանց բոլորի համար գրավոր դիմում ներկայացվե՞լ է նախարարություն: Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետը հարցին չի պատասխանում, այլ, ինչպես մեզ մոտ ընդունված է, ծանր բեռը տեղափոխում է մոնիտորինգ անցկացնող պետական ոչ առևտրային կազմակերպության վրա. «Բայց չեմ կարող ասել՝ իրենք այդ մոնիտորինգն արել են, թե ոչ»:
Իսկ ընդհանրապես «Զվարթնոցի» հին մասնաշենքի շուրջ ստեղծված այս պատմությանն ու աղմուկին ինչպե՞ս է արձագանքում մշակույթի նախարարությունը, չէ՞ որ ինչպես մասնագետներն են պնդում, եզակի այս կառույցը կանգնած է քանդվել-չքանդվելու խնդրի առաջ, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ( որի մեջ է մտնում «Զվարթնոց» օդանավակայանը, պատկանում է Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը), կարծես թե ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել՝ շենքը մատնելով անտերության: Կարո Այվազյանը, սակայն, դժվարացավ, անգամ իր անձնական կարծիքը հայտնել խնդրի առնչությամբ՝ ասելով, որ դա կարող է անել միայն ժամը վեցից՝ իր աշխատանքային օրվա ավարտից հետո. «Գիտեք, ես իրավասու չեմ այդ հարցերին պատասխանելու, զանգահարեք հասարակայնության հետ կապերի բաժին»:
Մշակույթի նախարարությունից էլ պահանջեցին հարցը գրավոր ուղարկել և մինչ հնգօրյա աշխատանքային ժամկետում հարցին կպատասխանեն, խնդրով մտահոգվողները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել: «Զվարթնոցի» հին մասնաշենքի համահեղինակ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ ինքը նոր է վերադարձել հանգստից և լսել որ ստեղծվել է ինչ-որ հանձնաժողով՝ խնդիրը լուծելու համար: «Ինչ վերաբերում է նախօրոք հայտարարված կոշտ քայլեր իրականացնելուն, հայտարարությունս ուժի մեջ է»,- հիշեցնում է ճարտարապետը:
ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանն էլ ասաց, որ իր ղեկավար կառույցն իրականացնում է պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանությունը: ««Զվարթնոցի» հին մասնաշենքի ժամանակին հարցը քննարկվել է Հանրային խորհրդում մշակույթի ենթահանձնաժողովում: Որոշում ընդունվեց հարցը ներկայացնել մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով, բայց մինչ օրս այդ հարցը չի ներառվել»,- մանրամասնում է Պողոսյանը:
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյան էլ հակառակն է պնդում՝ ենթահանձնաժողովը չի կարող դիմել փորձագիտական հանձնաժողով, քանի որ դա իրենց գործառույթը չէ. «Նման քայլ կարող է անել ճարտարապետների միությունը, անգամ մասնաշենքի համահեղինակների ժառանգները, օրինակ, Անահիտ Թարխանյանը, օդանավակային վարչությունը, բայց նա իհարկե, դա չի անի քանի որ իրեն ձեռնտու չէ»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ միությունը կդիմի նախարարություն, բայց խնդիրն այստեղ այլ է. «Նախ դեռ պարզ չէ՝ արդյոք Զվարթնոցը կընդգրկե՞ն հուշարձանների պահպանության ցուցակում, թե ոչ: Եվ երկրորդ՝ հուշարձանների պահպանության ցանկում ընդգրկված մի շարք հուշարձաններ չկարողացանք պահպանել»:
Սոնա Դավթյան

