ՙՀԱԿ-Ն ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆ ԵՆ՚
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ն ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆ ԵՆ՚
ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում երեկ տեղի ունեցավ Կլոր սեղան-քննարկում ՙԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը եւ դրա վտանգավորությունը՚ թեմայով: Մասնակիցներն էին Կոտայքի թեմի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, ՙՄխիթարիչ բարեգործական ընկերության՚ հիմնադիր եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Ի դեպ, նշենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 16:30-ին Երեւանի Նոր Նորքի առաջին իրավասության դատարանում տեղի կունենա ՙհամասեռամոլության լոբբիստներն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի՚ գործով երկրորդ դատական նիստը:
ՀԻՄԱ ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐԻՑ
ԱՎԵԼԻ ՎԱՏ Է
Թե որքան կշարունակվի այս ախտածին երեւույթը` հարցին քահանան միանշանակ ասաց, որ դա վերջ չի ունենա մինչեւ աշխարհի կործանումը, աշխարհի վերջը. ՙԱյն ճանապարհը, որը բռնել են, այսպես կոչված, զարգացած երկրները, տանում է կործանման: Ավետարանում հստակ ասվում է. ՙԼայն է այն ճանապարհը, որը կորստյան է տանում, եւ այն ճանապարհը, որով քայլում են շատերը, եւ նեղ ու դժվար է այն ճանապարհը, որ տանում է արքայություն, դեպի հավիտենական կյանք, որով քչերն են քայլում՚՚: Ես հաճախ ինձ մոտ եկողներին հարց եմ տալիս` ի±նչ է նշանակում զարգացած երկիր` ավելի լավ մեքենա քշե±լը, ավելի որակյալ ապրանք արտադրե±լը. հստակ պատասխան չկա: Իսկ այն, որ պղծություններն արդեն օրինականացնում են, սա արդեն Սոդոմ-Գոմորից էլ այն կողմ է: Օրինակ` այն ժամանակներում գոնե չէին ասում, որ իրենց երեխաների վրա աչք ունեն, արյունապղծություն չկար: Հիմա մենք Սոդոմ-Գոմորի ժամանակներից ավելի վատ վիճակում ենք գտնվում: Այսօր արդեն գործում են բացահայտ, իսկ այդ դեմոկրատիա, ժողովրդավարություն կոչվածը անհեթեթություն է: Օրենքներ են ընդունում` ամեն տեսակ այլասերումները պաշտպանող: Իսկ աշխարհի ամենաբարձր ամբիոններից խոսում են մանկապղծության մասին: Եթե մենք անտարբեր մնանք` մեզ եւս սպասվում է այս ամենը: Այսօր ժողովրդավարություն հասկացությունը վեր է ածվել փոքրամասնությունների դիկտատուրայի: Ինչ խոսք, մեր ազգի մեծամասնությունը դեմ է համասեռամոլությանը, նմանատիպ ախտածին երեւույթներին, բայց թե ինչ են անում, բացի հայհոյանքից ու սպառնալիքներից` պարզ չէ՚:
ՙԱՌՆԱԿԱՆ՚ ՈՒ ՙԿԱՆԱՑԻ՚
ԲԱՌԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԵԿԵԼ ՙՍԵՔՍՈՒԱԼ՚-Ը՚
Ըստ Խ. Ստամբոլցյանի` այսօր Հոլանդիայում գոյություն ունի մանկապիղծների կուսակցություն, որը նպատակ է դրել ընդունել մանկապղծության օրինականացումը. ՙԱյնտեղ կա մի դրույթ, որը թույլ է տալիս նորածնից սկսած` մինչեւ ցանկացած տարիք պղծություններ կատարել: Հավանաբար հիշում եք, եթե առաջներում մարդիկ խոսելիս օգտագործում էին ՙառնական՚, ՙկանացի՚ բառերը, ապա այսօր դրան փոխարինում է ՙսեքսուալ՚ բառը: Օրինակ` ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ կազմակերպությունը հրատարակում եւ բաժանում է բուկլետներ` ՙԱմեն ինչ սեքսի մասին՚, որտեղ ներկայացվածը` նկարներով եւ մեկնաբանություններով, կարելի է դիտարկել որպես պոռնոգրաֆիա: Ի դեպ, ես անձամբ զանգել ու զրուցել եմ կազմակերպության անդամների հետ, պարզվել է, որ շատերը նորմալ ընտանիքներ ունեն, բայց փողի համար Հուդայի գործն են անում՚:
Ըստ Հովհաննես Գալաջյանի` պետք չի օգտագործել ՙմիասեռական՚ տերմինը, քանի որ այն աղավաղված է, այլ ճիշտ է ասել ՙհամասեռամոլներ՚. ՙՄիասեռականություն կոչվող չեզոք տերմինն այնքան են օգտագործում, որ դրանով մարդկանց ականջը սովորեցնում են դրան: Ժամանակակից ճիշտ տերմինը համասեռամոլությունն է, իսկ ըստ Մաշտոցի` դրանք իգացողներ եւ արվամոլներ են կոչվում... Հայոց լեզուն ամեն ինչ ճիշտ է արտահայտում: Երբ նայում ենք ՙկենակցել՚ բառը` նշանակում է կեն-ը` գեն-ը, կյանք-ը, կեն-ին` գեն-ին, կյանք-ին կցել: Այսինքն սա կարող է լինել միմիայն տարբեր սեռերի միջեւ, իսկ մնացածը ոչ թե կենակցություն է, այլ պարզապես պղծություն: Իսկ այսօր նման գրքերում քարոզում են սեռական հարաբերության այլ տեսակներ, որը հակաբնական է: Համասեռամոլները ժամանակին հանրության աչքից հեռու էին, քանի որ դա քրեորեն պատժելի էր, իսկ հետո կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ նրանք ինչ-որ իրավունքներ ունեն, իսկ հիմա արդեն որոշ ՀԿ-ներ ագրեսիվ քարոզչություն են վարում, որպեսզի պաշտպանեն դրանց նմաններին: Սա հատուկ մտածված քայլ է, որ նման այլանդակ երեւույթը նախ հանրության համար դառնա սովորական, իսկ այնուհետ` գերիշխող: Առաջարկում են հակախտրականական օրենք, ըստ որի, եթե մի կազմակերպությունում տնօրենը աշխատանքից հեռացնի սովորական մարդուն` դա ոչինչ, իսկ եթե հանդգնի համասեռամոլին բան ասել` դա արդեն կդիտվի խտրականություն: Իսկ վերջերս ի հայտ եկան հալածանքի նախադեպեր. երբ հայտնվեց այդ հակասանիտարական երեւույթը` Կոնչիտան, անմիջապես հայտնվեցին կայքեր ՙՀայաստանը` Կոնչիտայի համար՚ վերնագրերով, որտեղ փիար եւ լոբբինգ էր արվում, որի շնորհիվ SMS քվեարկություններով նրան մեր պահպանողական երկրում հասցրեցին 2-րդ տեղ: Իսկ ՙԵվրատեսիլ՚ մրցույթի ժյուրիի անդամ Անուշ եւ Ինգա Արշակյանները, երբ ասացին, որ զզվում են համասեռամոլներից ու Կոնչիտայից, ՙԱզատություն՚ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում այլանդակ զանգվածային հալածանքի ենթարկվեցին՚:
ՙԿոնչիտայի վկաների՚ հետ կապված Խ. Ստամբոլցյանն էլ ավելացրեց. ՙԱմենահետաքրիքիրն այն էր, որ հայաստանյան որոշ կուսակցություններ, հանձինս ՙԺառանգության՚ եւ ՀԱԿ-ի, ակտիվ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Արշակյան քույրերի նկատմամբ` դատապարտելով նրանց... Ուզում եմ տարիներ անց մի իրական փաստի մասին խոսել. երբ նոր էր համասեռամոլությունը տարածվում Հայաստանում, մի ընկեր ունեի, ով այդ երեւույթից զայրացած` ինձ ասաց` գնամ ՀՀՇ-ի տղաների մոտ եւ այս հարցը բարձրացնեմ: Ես ասացի, որ գնալդ իզուր է լինելու, քանի որ իրենք իրար հետ կապ ունեն: Նա ինձ չհավատաց ու գնաց այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մոտ, ով իմ ընկերոջն ասել էր, որ եթե սկսենք միասեռականների դեմ խոսել` մենք փող չենք ունենա: Նույն տեսակետն ունի նաեւ ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի այն ժամանակվա խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով գտնում է, որ դե, ոչ մի բան չկա այդ համասեռամոլության մեջ, եւ որ դա չի կարող խաթարել մեր հայկական արժեքները: Իսկ երբ հայրենի դաշնակները այստեղ պաշտպանում էին արվամոլներին պատժած երիտասարդներին, ապա ԱՄՆ-ում մի միջոցառման ժամանակ նույն դաշնակները դատապարտել են այդ քայլը, քանի որ Ծոմակ կոչեցյալն ասել էր, որ Հայաստանում ապագա չկա, քանի որ համասեռամոլներին նեղացնում են: Երբ ես դիմեցի դաշնակներին` ասելով, թե սա ինչ է նշանակում, ինձ ասում են` դրանք դրսի դաշնակներն են՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

