ՙՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆ՚
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ խոսքով` Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի` Ստեփանծմինդա-Լարսի փլուզումը հանգեցրեց նրան, որ հայկական բեռնաշրջանառությունը մի փոքր նվազեց, ստեղծվեցին անհարմարություններ բեռնափոխադրողների համար, սակայն դրական է, որ վրացական կողմը խնդիրը լուծեց եւ վերականգնեց հաղորդակցությունը: Նրա կարծիքով` ճիշտ կլինի, եթե հայկական, ռուսական եւ վրացական կողմերը կարողանան ձեռք բերել պայմանավորվածություն` այս ճանապարահատվածին կառուցել նախկինում նախատեսված թունելը, որպեսզի փոխադրումները լինեն մշտական եւ անխափան:
ՙԲացի այս, մենք միշտ երկրորդ ճանապարհը պետք է աչքի առաջ ունենանք` Իրանով դեպի Ռուսաստան դուրս գալու համար, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը դարձել է արդիական: Սա լրացուցիչ հնարավորություն կտա Իրանով դուրս գալ դեպի կենտրոնական Ռուսաստան: Սա իհարկե հեռանկարային խնդիր է, սակայն կարեւոր հարց է: Վերջերս Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նորընտիր նախագահն ասաց, որ իրենք դեմ չեն լինի, եթե աբխազական երկաթգիծը բացվի՚,- նշեց Վազգեն Սաֆարյանը եւ ընդգծեց, որ Վրաստանը եւ Հայաստանը այս հարցի շուրջ պետք է բանակցեն: Ըստ նրա, երկաթգծային փոխադրումները տարեցտարի Հայաստանի համար առաջացնում են դժվարություններ, որովհետեւ բեռնափոխադրումները թանկ են, իսկ շատ ապրանքատերեր ցանկանում են իրենց ապրանքը շուտ տեղ հասցնել եւ օգտվում են մեքենաների փոխադրումներից: