«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ «ԱՎԵՏԱՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ» ԲՆԱՎ ԷԼ ԵԿԵՂԵՑԻ ՉԷ»
Արխիվ 12-16«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ «ԱՎԵՏԱՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ» ԲՆԱՎ ԷԼ ԵԿԵՂԵՑԻ ՉԷ»
Ավետարանականները չեն ընդունում «Մեկ Եկեղեցի, Մեկ Ժողովուրդ, Մեկ Հայրենիք» կարգախոսը իր ուղիղ եւ ամբողջական իմաստով: Ավելին` նրանք այդ իմաստով այն նույնիսկ վտանգավոր են համարում` առանց տրամաբանական որեւէ փաստարկների: Նրանք կամենում են պահպանելով իրենց թյուր, հոգեկործան վարդապետությունները, բողոքական պարզունակ «պաշտամունքները»` միաժամանակ Առաքելահիմն Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցու հետ, իրենց խոսքերով ասած, «ներդաշնակության» մեջ լինել` չմտածելով, որ դրան երբեք չեն համաձայնվի Եկեղեցու զավակները, քանզի. «… ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ եւ կամ ի՞նչ հարաբերություն լույսի եւ խավարի միջեւ եւ կան ի՞նչ միաբանություն Քրիստոսի եւ բելիարի միջեւ…» (Բ Կորնթ. 6. 14, 15):
Ավետարանական քարոզիչ Վ. Թութիկյանը այն տեսակետն է պնդում, որ միեւնույն ազգի մեջ հարանվանությունները ցանկալի են. «Միեւնույն ազգի կյանքի մեջ բաղձալի է ունենալ տարբեր հարանվանությունների պատկանող եկեղեցիներ, ինչպես պարտեզի մեջ հաճելի կլիներ ունենալ տեսակավոր ծաղիկներ …» եւ այլն, և այլն: Սա արդեն աբսուրդի հասնող սենտիմենտալություն է, որը որեւէ եզր չունի քրիստոնեության հետ ընդհանրապես, եւ հայոց ազգի գոյապահպան ռազմավարական մինիմալ հարցերի հետ մասնավորապես:
Ավետարանականների նկատմամբ իր ժամանակին խիստ բացասական վերաբերմունք ուներ նաեւ հայ քրիստոնյա հասարակ ժողովուրդը: Այդ առթիվ ավետարանականներից մեկն իր դժգոհությունն է հայտնում «Մշակի» էջերում` ասելով, որ որեւէ մեկը չի ուզում լսել հայ ավետարանականներին, եւ իրենք
մշտապես միայն նախատինքների ու հայհոյանքների են արժանանում...:
Երբ Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին բանադրեց, բողոքական-բարենորոգչական-ավետարանական աղանդավորներն էլ կարծես դրան էին սպասում. ընդամենը մեկ շաբաթ չանցած` հուլիսի 1-ին, հիմնադրեցին իրենց հերձվածողական ուղղությունը` այն ինքնակոչ ձեւով եկեղեցի հռչակելով:
Իսկ «ավետարանական եկեղեցու» հիմնադրման արարողությունը (Քրիստոսի Սուրբ Եկեղեցու կողքին, անսահման
հպարտությունից դրդված, մարդկային ջանքերով նոր եկեղեցի հիմնելու մտքի հանդգնության չափի մասին խորհելը թողնում ենք ընթերցողին) շատ զավեշտալի կերպով ընթացավ: 1846 թվականի հուլիսի 1-ին 37 տղամարդ, 3 կին, մի քանի միսիոներների հետ միասին հավաքվեցին միսիոներ Թուայթի տան ընդարձակ սենյակում (որը միսիոներական մատուռ էին անվանում): Աստվածաշնչի ընթերցումից եւ աղոթքից հետո ներկաները ընդունեցին միսիոներների օժանդակությամբ պատրաստված, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցու կանոնադրությունը: Ապա հատուկ հրավերով ներկա գտնվող միսիոներները ոտքի ելան եւ որպես բողոքական ավետարանական «եկեղեցիների» ներկայացուցիչներ` հրապարակավ նրանց ճանաչեցին իբրեւ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի:
Զարմանալ կարելի է. մի՞թե այդ քառասուն թշվառ հայերը խակամտորեն իսկապես կարծում էին, թե մեծամտության մտագարության ակնհայտ ախտանշաններ դրսեւորող մի քանի ամերիկացիների որոշելով, Աստված պետք է իրենց հերձվածը ընդունի որպես Քրիստոսի Ճշմարիտ Եկեղեցի:
Պատրիարքարանի բնութագրումը չուշացավ. այն շատ հակիրճ, բայց ինքնին խոսուն էր` հավատուրացություն: Մի անվանում, որ տրվում էր քրիստոնեությունը ուրացած եւ իսլամը ընդունած հայերին:
Ավետարանականների ներկայիս հովիվներից Վ. Թութիկյանը վերը նշված այդ իրադարձությունները, որոնք միանշանակ դիվական աստվածամարտ ապստամμության ոգով էին ղեկավարվում, անվանում է ոչ այլ կերպ, քան` Սուրբ Հոգու առաջնորդությամբ ավետարանական եկեղեցու հիմնում: Սա արդեն հայհոյություն է Սուրբ Հոգու դեմ եւ արժանի Սուրբ Գրքի այն «վայ»-ին, որ ասում է. «Վայ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն եւ բարին` չար, ովքեր լույսը խավար կհամարեն եւ խավարը` լույս, ովքեր դառնը քաղցր կհամարեն եւ քաղցրը` դառը…» (Եսայի 5.20) եւ «…ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա» (Մարկ. 3.29): Իսկ տիեզերալույս Սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է. «Ամեն մի անջատում Եկեղեցուց, հեռացում է Սուրբ Հոգու շնորհներից»: Մի փոքր անց Վ. Թութիկյանը, մոռանալով իր ասածը, օբյեկտիվ է դառնում. «... Հայ ավետարանական եկեղեցին, ինչպես որեւէ կազմակերպություն, կատարելության կնիքը չի կրում եւ կատարյալ լինելու հավակնություն չունի»: Մոռանալով այն պարզ դրույթը, որ Եկեղեցին անսխալական է, կատարյալ, ավետարանական քարոզիչը հենց ինքն է փաստում, որ «ավետարական եկեղեցին» բնավ էլ Եկեղեցի չէ, այլ ինչ որ աղանդավորական կազմակերպություն, քանի որ իրապես սխալ էր հիմնադրումից իսկ:
Քրիստոս Աստված Ինքը Հիմնեց Իր Եկեղեցին, եւ փողոցից ինչ-որ մեկը չի կարող եկեղեցի հիմնել կամ կազմակերպել:
Հատվածը մեջբերված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գրքից (հրատարակվել է 2011 թվականին):
Ներկայացրեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

