Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ
Արխիվ 12-16Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ
Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց «Խաղաղության, միասնության եւ համերաշխության» երթը, որին աջակցում էր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Երթի նպատակն էր ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները` անկախ սեռից, տարիքից եւ քաղաքական հայացքներից միասնական են` տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Ինչպես նաեւ, երթը վրդովմունքի ձայն բարձրացրեց Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության եւ կոտորածի վերաբերյալ: Ինչ խոսք, ցավալի էր, որ երթը մեծաքանակ չէր, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որովհետեւ վերջերս նույն հանրությունն ականատես եղավ, թե ինչպես անհայտ գրանտներից սնվող ՀԿ-ներ խաղաղության երթի անվան տակ Ադրբեջանի հետ եղբայրության կոչեր էին անում Երեւանի կենտրոնում այն օրերին, երբ հայ զինվորը սահմանին կանգնած կենաց մահու պայքարի մեջ էր ադրբեջանական դիվերսանտների դեմ: Սակայն, այս անգամ իսկական քրիստոնեական խաղաղության երթ էր, որը դատապարտում էր ադրբեջանական դիվերսանտների գործողությունը, փաստում, որ բանակն ու
եկեղեցին միասնական են, ինչպես միասնաբար քայլում էին հոգեւորականն ու զինվորը կողք կողքի:
Երթն ավարտվեց Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների եւ Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանված խաղաղ ժողովրդի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

