ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՈՒՄ «ՀԱՅՖԻԼՄԻՆ»
Արխիվ 12-16ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՈՒՄ «ՀԱՅՖԻԼՄԻՆ»
Ամիսներ առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայի շուրջը թեժացած կրքերն ինչպես սկսվեցին, այնպես էլ առանց որեւէ լուծում ստանալու մարեցին:
Բոլորին մի պահ հետաքրքրեց, թե ինչ ճակատագիր է սպասում 2005 թվականին մոտ 600 հազար դոլարին համարժեք դրամով «Արմենիա Սթուդիոս» ՍՊԸ-ին 50 տարով վաճառված «Հայֆիլմ» կինոստուդիային, որն ըստ էության պատկանում է Գաֆեսճյան հիմնադրամին: Համենայնդեպս, վաճառելուց հետո Կառավարությունն ու կինոգործիչները գրեթե համոզված էին, որ այն կարեւոր նշանակություն կունենա հայ կինոյի զարգացման համար, բայց ավաղ...
Ըստ կնքած պայմանագրի` պիտի մինչեւ 2009 թվականը կինոստուդիան վերանորոգվեր ու վերազինվեր գերժամանակակից սարքավորումներով, եւ ինչպես խոստացել էին, այն պիտի համապատասխաներ հոլիվուդյան կինոստուդիաների չափանիշներին: Սակայն մինչեւ այսօր «Հայֆիլմ» կինոստուդիան, ՙծաղկելու՚ փոխարեն, դեռեւս շարունակում է ավերակների վերածվել:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՎԵՐԱԲԵՐՎԵՑ, ԵՐԲ ՎԱՃԱՌԵՑ «ՀԱՅՖԻԼՄԸ»

Այս տարիների ընթացքում շատերը հանդես եկան քննադատական ու մեղադրական կոչերով: Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի փոխքաղաքապետ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ժամանակին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով «Հայֆիլմի» քայքայմանը` ասաց. «Այստեղ, իհարկե, պետության անմիջական խնդիրը կա, իսկ պետությունը ժամանակին վերաբերվեց, մեղմ ասած, անբարեխիղճ, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց, եւ որեւէ ժամկետում որեւէ պայմանագրային կետ չգործեց, չիրականացավ, իսկ պետությունն ու կառավարությունը շարունակեցին անհետեւողական մնալ եւ աչք փակել երեւույթի նկատմամբ` անշուշտ, զայրույթ առաջացնելով կինոգործիչների, կինեմատոգրաֆիստների շրջանում, որոնց ձայնին էլ չանսացին: Այսօր անորոշ, անհասկանալի վիճակ է, որովհետեւ կինոգործիչը, կինոդերասանը ստիպված եղավ մուտք գործել հեռուստատաղավար եւ հետեւաբար փոքրացնել իր կարողությունները, հարմարվել տվյալ տաղավարի պայմաններին եւ թելադրվող, ինչու ոչ` նաեւ ժանրին: Արդյունքում` ունենք այն, ինչ-որ ունենք»:
«ՖԻԼՄԵՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ, ԱՅԼ «ԱՅԼԱՆԴԱԿԵԼ»
Իսկ կինոգետ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ իրավիճակը որակեց այսպես. «Ամեն դեպքում խայտառակ բան կատարվեց, այնտեղ ամեն ինչ մնաց անտեր: Ավելին, ֆիլմերի խոստացված թվայնացումը ոչ թե կատարել են, այլ «այլանդակել». սեւ-սպիտակ ֆիլմը դարձրել են գունավոր` առանց հասկանալու ու մասնագիտական մոտեցում ցուցաբերելու: Սեւ-սպիտակ ֆիլմը չի կարելի գունավորել. «Եռանկյունի» ու «Բարեւ, ես եմ» ֆիլմերում նման փորձեր են արել: Այդ ի՞նչ բարոյական եւ ստեղծագործական իրավունքով: Իհարկե, կատաստրոֆիկ քայլ է արվել, չէ՞ որ այդ շինությունը 20-30 տարի հենց այնպես չէր կառուցվում: Անտերություն է տիրում: Ամենախիստ բառերով կարելի է արտահայտվել: Այո, ցավալի փաստ է` մի ամբողջ շենք-շինություն փաստորեն անտեր է մնացել, չի օգտագործվում այն նպատակին, որին պետք է ծառայեր: Պատկերը զարհուրելի է: Այն ժամանակ մենք բողոքում էինք, որ հեռու է կինոստուդիայի տեղը, իսկ հիմա ընդհանրապես գոյություն չունի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Թեմայի շարունակությունը կարդացե՛ք վաղվա «Իրավունքի» «Հետաքննություն» հավելվածում:

