ԶՈՀԻ ԵՎ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԿՆՈՋ ՄԻՋԵՎ ՙՍԵՐՏ ՄՏԵՐԻՄ ԿԱՊԸ ԵՂԵԼ Է ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ՚
Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբորըª Հարություն Գրիգորյանին հուլիսի 24-ին դաժան ծեծի ենթարկելու, ապա սպանելու գործով, հիշեցնենք, դեպքից չորս օր անց ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 36-ամյա Արման Կատունյանը:
Ըստ վերջինիս փաստաբանի` Արմանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ նա սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին: Թե որ փուլում է նախաքննությունը, եւ ինչ մանրամասներ են ի հայտ եկել, փորձեցինք հետաքրքրվել Գրիգորյանների ընտանիքի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից, ով բավական ուշագրավ տեղեկություն հաղորդեց. - Քանի որ այս պահին եւս շարունակվում է նախաքննությունը, կատարվում են մի շարք փորձաքննություններ, զերծ կմնամ որեւէ կարծիք հայտնելուց: Կարող եմ միայն մի բան հստակ ասել: Ի հեճուկս կասկածյալի պաշտպանի ասածների` նախաքննական մարմնի մոտ կան հստակ տվյալներ, որ Հարություն Գրիգորյանի եւ կասկածյալի կնոջ մինչեւ սերտ, մտերիմ հարաբերություններ եղել են տարիներ շարունակ: Այնպես որ, հակառակ կողմի հայտարարությունները, ըստ որի կասկածյալի կինը չի ցանկացել կապ ունենալ Հարություն Գրիգորյանի հետ, ճիշտ չեն. գործով կան հակառակի մասին վկայող փաստեր, որ նրանց միջեւ կապը եղել է տարիներ շարունակ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ