ՙՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼԸ ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է՚
ՙԻրավունքը՚ պարբերաբար անդրադառնում է սահմանամերձ տարածքների խնդիրներին, հատկապես հանրության շրջանում շրջանառվող այն խոսակցություններին, որ հակառկորդի վերջին դիվերսիանները անհետեւանք չեն մնացել, եւ սահմանամերձ գյուղի բնակիչները բռնել են արտագաղթի ուղին:
Մեզ հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին, Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մասնավորապես ասաց. -Հակառակորդի դիվերսիոն գործողությունները երբեւէ չեն կարող նպաստել սահմանամերձ գյուղերի բնակիչների արտագաղթին: Հակառակը` դա նրանց միահամուռ է դարձնում, եւ թշնամու դեմ պայքարելու մեծ ուժ է տալիս: Մարդիկ ամուր կպած են իրենց հողին եւ մեր զինվորականների հետ միասին պաշտպանում են մեր հողերը: Ավելին ասեմ, սահմանամերձ տարածքների բոլոր բնակիչները պատրաստակամ կանգնած են, որ գնան սահման եւ պաշտպանեն իրենց հայրենիքը: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա բոլոր ժամանակներում էլ եղել է ե°ւ արտագաղթ, ե°ւ ներգաղթ: Այնպես որ, այժմյան մարդկանց արտագնա աշխատանքը կապել նրա հետ, որ մեր երկրում ամեն ինչ վատ է, եւ մարդիկ միայն արտագաղթում են, ճիշտ չի լինի: Ընդհակառակը, մեր մարզից առաջ` մինչեւ 2005 թվականը, ավելի շատ է նկատվել արտագաղթ, քան` այսօր: Այսօր հակառակ տենդենց էլ է նկատվում: - Բայց, օրինակ, օրերս Վարդենիսի քաղաքապետն էր մեզ հետ զրույցում ասել, թե մասնավորապես իրենց սահմանամերձ հատվածի բնակչությունը հիմնականում գոյատեւում է արտագնա աշխատանքի հաշվին: - Վարդենիսցիների մեծ մասը աշխատում են Սոթքի հանքում: Կոնկրետ Վարդենիսում փոքր մասշտաբով, քիչ-քիչ լուծվում է աշխատատեղերի խնդիրը: Փորձում ենք ամեն հնարավոր պայմանները ստեղծել ներդրողների համար, իսկ նման մարդիկ Վարդենիսում կան: Ինչ վերաբերում է սահմանամերձ շրջանների նկատմամբ վերջին շրջանում քաղաքական ուժերի մոտեցումներին, կարծում եմ, որ ճիշտ հարց է բարձրացվում, եւ եթե կարողանան սահմանամերձ տարածքներում աշխատատեղեր ստեղծել` դա միայն ողջունելի է: