ՙՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԻՇԸ՚
Արխիվ 12-16ՙՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԻՇԸ՚
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր հայտնի հարցազրույցում խոսել էր նաեւ հայաստանյան տնտեսության մասին` մասնավորապես նշելով. ՙՀայաստանում տնտեսության զարգացման նախադրյալներ չեմ տեսնում՚: Թե որքանով է իրատեսական Քոչարյանի նման հայտարարությունը, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ, ով ասաց.-Եսցանկություն չունեմ մեկնաբանել որեւէ մեկի խոսքը: Բայց եթե Ձեզ հետաքրքրում է` Հայաստանում տնտեսության նախադրյալներ կան, թե չկան, ապա պետք է ասեմ, որ այն մարդը, ով չի հավատում Հայաստանի տնտեսության առաջընթացին, կարծում եմ, լուրջ նախապաշարումներ ունի: Առհասարակ, որպես սկզբունք, ինձ համար անընդունելի է այդ հոռետեսությունը: Ավելին ասեմ` այն անձնավորությունը, ով չի հավատում ՀՀ-ի ապագային, նա հայ լինել չի կարող: Որպես տնտեսագետ` ուզում եմ հավաստել, որ Հայաստանի տնտեսությունը երկնիշ փոխզարգացման ռեալ հեռանկարներ ունի, եթե ճիշտ օգտագործվեն մարդկային, հանքահումքային արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները: Ընդ որում` օգտագործեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության մասնագիտական կարողությունները, ապա Հայաստանը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է դինամիկ զարգացում ապահովել: Որովհետեւ դա թույլ կտա ոչ միայն հետ չմնալ տարածաշրջանից, այլ նաեւ իր տեղը ապահովել համաշխարհային տնտեսությունում:
Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք մի քիչ ավելի սթափ տրամադրվենք եւ մի կողմ դնենք անձնական նախապաշարումներն ու հաշիվները եւ տեսնենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել Հայաստանի համար: Ամեն հայ, անկախ կարգավիճակից, պարտավոր է մտածել, թե ինչ է իրենից կախված, եւ ինքը ինչով կարող է զարգացնել Հայաստանը: Եվ ոչ թե սպասի, նախապայմաններ առաջադրի` մինչեւ ես չլինեմ, ոչինչ չի փոխվի, եւ նման աբսուրդային բաներ ասի: Այնպես որ, Հայաստանում տնտեսական զարգացման հսկայական նախադրյալներ կան: Ընդ որում, մենք մշակել ենք համապարփակ ծրագիր, որի կետերից մեկի համաձայն` արտահանման կրկնապատկման ռեալ հնարավորություն ենք տեսնում միայն առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում:
- Իսկ ինչի հետ եք կապում Ձեր այդ ողջ լավատեսությունը:
- Ես անձամբ հակված եմ Հայաստանի տնտեսության ապագան կապել գիտական ճյուղերին, եւ, մասնավորապես, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում Հայաստանը կարող է եւ պետք է ունենա իր նիշը: Դրանք բարձր տեխնոլոգիաներն են, որոնք, առանց այն էլ, Ռուսաստանը ներմուծում է եւ, որի պահանջարկը ոչ միայն սահմանափակ չէ, այլ օրեցօր ավելանում է: Եվ այստեղ փոխշահավետ համագործակցության համար լավագույն պայմաններն են, որը պետք է իրացնել: Իսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը, ինչպես մեր հաշվարկներն են ցույց տալիս, կարող է երկնիշ թվով բավական արագ եւ դինամիկ զարգացում ապահովել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

