ՙՊՈՒՏԻՆՆ ԷԼ Է ԿՈՂՄ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆՆ ԷԼ Է ԿՈՂՄ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Անցած շաբաթվա վերջին ՙՍելիգեր-2014՚ համառուսական եվրոպական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն ներկայացրեց իր պատկերացումները համաշխարհային նշանակության մի շարք գլոբալ հարցերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն բավականին ՙտարօրինակ՚ վիճակը, որում հայտնվել է Վաշինգտոնը Ռուսաստան-ԱՄՆ ներկայիս գերշիկացած հարաբերությունների համատեքստում, Վ. Պուտինի այս ելույթը, թերեւս, թույլ է տալիս որոշ պատկերացումներ կազմել Մոսկվայի պասվող քայլերի մասին:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴՆԵՊՐՈՎ ԿԲԱԺԱՆՎԻ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ
Գլխավոր թեզիսներից մեկը, որը հնչեցրեց ՌԴ նախագահը, ինչ խոսք, այն էր, որ Ղրիմն արդեն անդառնալիորեն Ռուսաստանի կազմում է, ինչի հետ Արեւմուտքին նմում է միայն հաշտվել: Բայց այն մեկնաբանությունը, որը ՌԴ նախագահը դնում է այդ փաստի հիմքում, թերեւս, Հայաստանի համար էլ պակաս կարեւոր չէ: Այսպեսª ըստ Վ. Պուտինի` Ղրիմի միացումը ՌԴ-ին տեղի է ունեցել ազգերի ինքնորոշման սկզբունքի միջոցով: ՙՈ±վ կարող է մերժել ազգինª ունեցած իրավունքով ինքնորոշվել: Երբ այս հարցի շուրջը բանավիճում եմ իմ արեւմտյան գործընկերների հետ, պատասխան չկա եւ չի էլ կարող լինել, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ուղղակիորեն մատնանշված է ինքնորոշման իրավունքը, ընդ որում` այն ֆիքսված է որպես ՄԱԿ-ի նպատակ՚:
Իհարկե, այս պահին այս հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված գործնական կիրառման մեջ դնել եւ, օրինակ, Ռուսաստանին առաջարկել այդ նույն տրամաբանության համաձայն ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, հազիվ թե մեզ որեւէ բան տա: Էլ չասած, որ ռուս-ամերիկյան ներկայիս թեժ առճակատման արանքը Ղարաբաղին խցկելը կարող է նույնիսկ ծայրահեղ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Բայց այն, որ հայաստանյան դիվանագիտությունը պետք է հիշի այս հայտարարությունն ու ճիշտ պահին նաեւ ՌԴ նախագահին հիշեցնի այն, միանշանակ է: Ընդ որում, թե կոնկրետ երբ կգա այդ պահը, մեծապես կախված է այն իրավիճակից, որն այս պահին ձեւավորվում է ռուս-ամերիկյան բախումների ուկրաինական ճակատում:
Այն, որ Ուկրաինայում իրավիճակը, մեղմ ասած, Վաշինգտոնի սկզբնական բոլոր պլանները ջարդուփշուր է արել, դժվար չէ կռահել: Բայց որոշ հետաքրքիր դրվագներ այնուամենայնիվ դեռ նկատվում են: Խոսքը հետեւյալի մասին է. վերջին շաբաթներին դոնբասյան բանակը ուկրաինական զինուժի վերջին քիչ թե շատ մարտունակ ստորաբաժանումները մի քանի հատվածներում առնելով շրջափակման մեջ եւ վերջին օրերին էլ հիմնականում ավարտելով դրանց լիկվիդացիան` գործնականում արդեն պատրաստ է հարձակման երկրորդ փուլին: Մեկնարկը, թերեւս, կտրվի արդեն այս շաբաթվա ընթացքում: Այս նոր հարձակումներին Կիեւը դիմակայելու շանսեր գրեթե չունի: Փոխարենը Դոնբասի բանակը, լիկվիդացնելով Կիեւի շրջափակված խմբավորումներին, արդեն քիչ-քիչ ազատում է այդ ուղղությամբ կենտրոնացրած իր զորքերը, որոնց հաշվին էլ ուժեղացնում է հարձակողական խմբավորումները: Այսպիսովª սպասելի է, որ հարձակման երկրորդ փուլում Դոնբասի բանակը մի կողմից հյուսիսային ուղղությամբ կավարտի Դոնեցկ-Լուգանսկի տարածաշրջանի ամբողջական ազատագրումն ու, թերեւս, հարձակումը կզարգացնի Խարկովի ուղղությամբ: Հարավային ուղղությամբ հարձակումը, թերեւս, կշարունակվի Ազովի ծովի ափերովª դեպի Ղրիմի սահման, որից հետո արդենª դեպի Հյուսիսª Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի ուղղությամբ:
Սա, թերեւս, նեղ, բայց քաջատեղյակ մասնագիտական շրջանակներում համարվում է իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարը: Այսինքնª Ուկրաինան Դնեպրի ողջ հունով բաժանվում է երկու հատվածի: Իրադարձությունների նմանօրինակ զարգացման մեծ հավանականությունը ակնհայտորեն տեսնում են նաեւ Վաշինգտոնում: Եվ ահա ամենաինտրիգայինն այն է, որ ամերիկյան արձագանքն այս ամենի հետ կապված, մեղմ ասած, թույլ է. բավարարվեցին մի քանի հերթապահ հայտարարություններով, նոր պատժամիջոցների մասին կցկտուր խոսակցություններով, եւ վերջ: Իսկ Օբաման մինչեւ իսկ հրապարակավ խոսեց այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարությունը Վաշինգտոնից ռազմական աջակցության եւ ոչ մի հույս չպետք է ունենա, եթե նույնիսկ Դոնբասի տանկերը հայտնվեն Կիեւի մատույցներում: Այս առումով որոշակի շրջանակներում, այդ թվումª որոշ դիվանագիտական աղբյուրներ, առաջ են քաշում այն վարկածը, որ կարող է եւ տեղի են ունեցել ռուս-ամերիկյան գաղտնի պայմանավորվածություններ, եւ որպես ասվածի հիմնավորում` բերվում է այն բացատրությունը, թե դեռ հուլիսին այս ուղղությամբ տեղի են ունեցել ստվերային բանակցություններ:
Անշուշտ, այս վարկածն աչքաթող անել չի կարելի, սակայն այն էապես բան չի փոխում. եթե անգամ Վաշինգտոնը գնացել է պայմանավորվածությունների, ապա միայն այն պատճառով, որ այլ տարբերակ պարզապես չկար: Ուկրաինական զինուժը, ավելի կոնկրետª Ուկրաինայի նոր ղեկավարությունը այդպես էլ ոչ միայն չկարողացավ լուծել Դոնբասի, այլեւ անգամ ՙհեղափոխական՚ որեւէ խնդիր: Եվրոպային եւս այդպես էլ չհաջողվեց մինչեւ վերջ տեղափոխել հակառուսական թշնամության ռելսերի վրա: Մնում է, որ կամ ամերիկացիներն իրենք գան ու կռվեն Դոնբասում, ինչը, հասկանալի է, կնշանակի Ռուսաստանի հետ բացահայտ պատերազմ, կամ փորձեն ինչ-որ կերպ Մոսկվայի հետ լեզու գտնել:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
Այսպիսովª Ուկրաինայի ճակատագիրը գործնականում կարելի է լուծված համարել: Այլ բան, որ այս ողջ պատմությունը միջազգային արենայում եւ հատկապես եվրոպական ուղղությամբ բոլորովի նոր կշիռ է տալիս Ռուսաստանին: Ու թերեւս հենց այդ հեռանկարներն աչքի առաջ ունենալով է, որ Վ. Պուտինն իր հիշատակված ելույթում մի քանի գլոբալ խնդիրներ առաջ քաշեց: Նախ, որ Ռուսաստանը հետայսու պատրաստվում է իր արտաքին գործունեության հիմքում դնել բացառապես սեփական աշխարհաքաղաքական շահերը, ինչպես ժամանակին անում էր ԽՍՀՄ-ը. այս զուգահեռներն անցկացնելովª Վ. Պուտինը թերեւս բավականաչափ թափանցիկ ակնարկ էր հղում Արեւմուտքին: Եվ ամենակարեւորը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջ բերած իրողությունների հաշվարկով ստեղծված ՄԱԿ-ը ունի կառուցվածքային բարեփոխումների կարիք: Ընդ որում` ՄԱԿ-ում նոր դերակատարություն պետք է ունենան ոչ թե միայն միլիարդանոց Հնդկաստանը եւ որոշ այլ երկրներ, այլ նաեւ Գերմանիան: Ի վերջո հենց Գերմանիայի պարտության իրողությունն էր ժամանակին դրվել ՄԱԿ-ի կառուցվածքի հիմքում: Այսինքնª ՄԱԿ-ի ներկայիս կառուցվածքի հիմքում թույլ Գերմանիայի գաղափարն է, ինչը մեխանիկորեն Եվրոպայում լիդերի դերը տալիս է ԱՄՆ-ին: Հենց այդ դերը պահպանելու համար է, որ Վ. Պուտինն ասում է. ՙԱյսօր էլ մեկը փորձում է գերմանացիների վրա պահպանել մեղքի կնիքն այն բանի համար, ինչ Հիտլերն է արել: Մենք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել: Բայց գերմանական ժողովուրդը դեռ հազար տարի չպետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, ինչ Հիտլերն է արել՚:
Այսպիսովª խոսքը, ըստ էության, Երկրորդ աշխարհամարտի քաղաքական արդյունքները ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու մասին է, ինչը ենթադրում է Եվրոպայում Գերմանիայի կշռի աճª Ամերիկյան ազդեցության հաշվին: Իսկ որ դա ենթադրում է նաեւ Եվրոպա-ԱՄՆ ու Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների բոլորովին նոր մակարդակ, կարելի է սպասել: Բայց Գերմանիան պատրա±ստ է այդ գլոբալ փոփոխությանը: Ուկրաինական իրավիճակն առնվազն հուշում է, որ ԱՄՆ-ն էլ առաջվա հեղինակությունը չունի Եվրոպայում: Բայց դեռ եվրոպական որոշ լիդերների հետ Վաշինգտոնը կարողանում է լեզու գտնել, թեեւ դա էլ հազիվ թե երկար տեւի: ՙԵթե Եվրոպայի ներկայիս առաջնորդները հեռու են այն բանից, որ ցուցադրեն իրենց ինքնուրույնությունը, ապա դա չի նշանակում, որ այդ միտումները չկան: Միեւնույն է, այդ երկրների հասարակություններում անկախության, ինքնուրույնության, սեփական կարծիքի եւ իրենց դիրքորոշումը պաշտպանելու միտումներն առկա են, եւ դա ապագայում միայն կաճի՚,- նշում է ՌԴ նախագահը: Եվ եվրոպական վերջին ընտրություններում ազգայնական ուժերի հաղթանակները հենց այդ բանի ապացույցներն են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

