Ամիրյան 4-4 հասցեի նախկին բնակիչները շարունակում են բողոքել` հայտարարելով, որ իրենց բնակարանային խնդիրն այդպես էլ մնացել է ՙօդում կախված՚, իսկ իրենց տների տեղում կառուցված շենքը, նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահվանից հետո, խլել է Հովիկ Աբրահամյանի որդին: Թեմայի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի որդու` Ապրես Գասպարյանի հետ, ով նշեց, որ մամուլում տարածվող տեղեկություններն անհեթեթություն են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ: ՙԻնչ խլելու մասին է խոսքը, երբ Աբրահամյանները մշտապես աջակցել են մեզ, ավելին` նրանք այն քիչ մարդկանցից են, ովքեր մեր ընտանիքի համար բարդ ու դժվարին ժամանակներում, մեր կողքին են եղել:
Նույնիսկ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե մեզ համար այդպիսի կարեւոր ժամանակահատվածում չլիներ նրանց աջակցությունը՚,- նշեց Ապրես Գասպարյանը` ընդգծելով, որ Աբրահամյաններն իր ընտանիքին զերծ են պահել ՙքցողներից՚: ՙNational՚ հյուրանոցի շինարարության առնչությամբ էլ, Ապրես Գասպարյանը նշեց, որ այն կառուցել են Արգամ Աբրահամյանի հետ միասին (հյուրանոցի 33% տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է, 67%-ինը` Ապրես Գասպարյանը) ու այդ նպատակով բանկից 4.5 մլն դոլարի վարկ են վերցրել: Պատասխանելով այն հարցին, թե ինչու են մինչեւ հիմա բնակիչները դժգոհում ստեղծված իրավիճակից, Ա. Գասպարյանն ասաց. ՙԳործընթացը մինչեւ վերջ հասցնելու ենք ավարտին, իսկ դրա արագ ընթացքին խոչընդոտում են դատական պրոցեսները (որոշ բնակիչներ դիմել են դատարան): Բնակիչների ճնշող մեծամասնության հարցը կարգավորված է, մարդկանց բնակարանների վկայագրեր են տրվել, այնպես որ, ամեն ինչ կհասցնենք տրամաբանական ավարտին՚: